Հայերեն   English   Русский  

Սիրիայի, Լիբանանի և Իրաքի քաղաքացիները ՀՀ անձնագիր կարող են ստանալ հենց այդ երկրներում


  
դիտումներ: 35

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում որոշեց մեկ տարով երկարաձգել այն դրույթի գործողության ժամկետը, որը հնարավորություն է տալիս Լիբանանի, Սիրիայի և Իրաքի քաղաքացիներին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ստանալու Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:

Նշենք, որ այս որոշման գործողությունը տարածվում է մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ծագած հարաբերությունների վրա: Ելնելով իրավիճակից՝ անհրաժեշտ է որոշման գործողության ժամկետը երկարաձգել նշված ժամկետով, որպեսզի Սիրիայում, Լիբանանում եւ Իրաքում բնակվող քաղաքացիները մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը հնարավորություն ունենան առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ վերը նշված պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում:

Հաշվի առնելով հիշյալ պետություններում ներքին իրավիճակում շարունակվող լարվածությունը՝ տեղական նահանգների եւ շրջանների միջեւ ճանապարհների ոչ անվտանգ լինելը, արդի ժամանակահատվածում եւս այդ պետություններում բնակվող հայերի համար Հայաստան գալը եւ ՀՀ քաղաքացու անձնագիրը Հայաստանում ստանալու հարցը խրթին է, ուստի առաջարկվում է 2012թ. թիվ 951-Ն որոշման գործողության ժամկետը երկարաձգել մինչեւ 2019թ.-ի դեկտեմբերի 31-ը:

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում հավանություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է 20-րդ հոդվածում 1-ին մասից հանել «` հինգ տարվա ընթացքում,» բառերը եւ 2-րդ նախադասությունը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Սահմանադրական դատարանը այս տարվա հուլիսի 12-իի իր որոշմամբ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը՝ «հինգ տարվա ընթացքում» արտահայտության եւ «Եթե զինծառայողի հաշմանդամության առաջացման պատճառը կապված է զինվորական ծառայության ժամանակ՝ մինչեւ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելն ստացած վնասվածքի հետ, ապա զինծառայողին հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակվում է անկախ հաշմանդամության պատճառական կապը սահմանելու (որոշելու) ժամկետից» նախադասության մասով, ճանաչել է Սահմանադրության 29-րդ հոդվածին հակասող եւ անվավեր:

Նախագիծն ընդունվելու դեպքում կավելանան հաշմանդամության զինվորական կենսաթոշակների ֆինանսավորմանն ուղղվող պետական բյուջեի ծախսերը: Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկեու համար անհրաժեշտ համապատասխան ցուցանիշների (զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո` 5 տարի անց զինվորական ծառայության հետ հաշմանդամության (հիվանդության, խեղման) պատճառական կապ սահմանելու (որոշելու) համար դիմող նախկին զինծառայողների թվի եւ նրանց զբաղեցրած զինծառայության պաշտոնի եւ ունեցած զինվորական կոչման վերաբերյալ) կանխատեսման անհնարինության (բացակայության) պատճառով պետական բյուջեի լրացուցիչ ծախսերի գնահատականը տալ հնարավոր չէ:

ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը նշեց, որ հաշվի առնելով երեկվանից Սիրիայում թուրքական ներխուժումը, միգուցե կարիք կլինի այս խնդրի կարգավորման համար նոր հայեցակարգ մշակել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: