Հայերեն   English   Русский  

Ավելի քան 250 քաղաքացի տուժել է նույն տուրիստական գործակալությունից. բողոքի ակցիա կառավարության առաջ


  
դիտումներ: 44

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա էին անցկացնում մի խումբ քաղաքացիներ, որոնք ամիսներ առաջ տուժել են տուրիստական կազմակերպություններից:

Ակցիայի մասնակիցները հիմնականում գործարքներ են արել «Travelan» տուրիստական ընկերության հետ և նշեցին, որ կազմակերպության տնօրեն Աննա Սահակյանի գործունեությունից տուժել է ավելի քան 250 քաղաքացի: Նրանք էլեկտրոնային տարբերակով գնել են տոմսեր, սակայն չվերթը չի իրականացվել, տոմսերի գումարն էլ չեն վերադարձրել քաղաքացիներին։

Ակցիայի մասնակիցներն այսօր Կառավարությունից պահանջում են վերադարձնել իրենց գումարները, որը ըստ նրանց կազմում է շուրջ 250 հազար ԱՄՆ դոլար։ Աննա Սահակյանն այս պահին կալանավորված է, նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ։

Քաղաքացիները ակցիայի սկազբում նշեցին, որ պատրաստվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակ հանձնել, որպեսզի հետ ստանան իրենց գումարները։

«50-ից ավելի մարդիկ են դիմել, բաց ոչ մի փոփոխություն չենք տեսնում։ Արդեն 6 ամիս է խաբված ենք։ Սա մի հոգու գործ չի։ Կառավարությունը թող տուժած քաղաքացիներին հատուցում տա, գործին ընթացք տա։ Տուրիստական գործակալության 23 տարեկան տնօրեն աղջիկը չէր կարող 250 ընտանիքի խաբել։ Թող լինի բավարար վերահսկողություն, որ այդ անձը, ում դեմ քրեական գործ է հարուցվել, այլևս չկարողանա բացել տուրիստական կազմակերպություն։ Այս պահի դրության ինքն իր անունով չունի գույք, ամուսնալուծված է, ծնողներն էլ ուզում են գրավի դիմաց ազատ արձակել, ու ոչինչ մենք չենք կարող անել, ամուսինը գործով կասկածյալ է։ Սկեսուրը ևս ներկա է եղել գումարները փոխանցելիս»,- ասաց տուժածներից մեկը։

Նրանք պատմեցին, որ Աննա Սահակյանի նկատմամբ, երբ հարուցվել է քրեական գործ, նա աշխատել է «Yerevan travel»- ում, և այդ ընթացքում բացել է նաև «Travelan» ընկերությունը. «12 միլիոն դրամ պարտք լինելով հանդերձ՝ ինքն ունեցել է թույլտվություն կրկին աշխատելու»։

Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ Աննա Սահակյանի հետ առերեսում չի եղել, և արդեն 4 օր է, զանգահարում են քննիչին, որպեսզի գործի ընթացքին տեղեկանան, սակայն նա զանգերին չի պատասխանում։

Ակցիայի մասնակիցներին մոտեցավ ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը և խոստացավ, որ կծանոթանա քաղաքացիների խնդրին ու նամակը կհանձնի վարչապետին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: