Հայերեն   English   Русский  

Պատրաստակամ ենք պաշտպանել արտադրողների շահերը. ՏՄՊՊՀ-ի պարզաբանումը


  
դիտումներ: 65

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պարզաբանում է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Փաստ» թերթը տեղեկատվություն է հրապարակել այն մասին, որ «սուպերմարկետների ցանցերը որոշել են վաճառքի 25-30%-ից և սուպերմարկետում տեղի գումարից բացի, այլ բոնուսների տեսքով աշխատողների աշխատավարձերը ևս գանձել մսամթերք արտադրողներից, ինչն առաջացրել է վերջիններիս դժգոհությունը»: Միաժամանակ թերթից նշել են, թե «Աթենք» մսամթերք արտադրող ընկերությունը վերոնշյալի մասին ահազանգել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, սակայն հանձնաժողովը որևէ քայլ չի ձեռնարկել խնդրի առնչությամբ:

Պաշտոնապես հայտնում ենք, որ մինչ այս պահը մսամթերք արտադրող որևէ ընկերությունից, այդ թվում «Աթենք» ընկերությունից նման խնդրի վերաբերյալ ահազանգ չենք ստացել: Բացի այդ, այսօր կապ ենք հաստատել ընկերության գործադիր տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանի հետ, որը նույնպես հերքել է այդ տեղեկատվությունը:

Միաժամանակ հորդորում ենք արտադրողներին նման փաստերի առկայության դեպքում անպայման դիմել հանձնաժողով: «Փաստ» թերթը նույնպես կարող է մեզ ահազանգել՝ հստակ փաստերի առկայության դեպքում: Վստահեցնում ենք, որ պատրաստակամ ենք պաշտպանել արտադրողների շահերը օրենքով հանձնաժողովին ընձեռնված ողջ լիազորությունների շրջանակում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: