Հայերեն   English   Русский  

Հայաստանում առաջին անգամ ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում կիրականացվի


  
դիտումներ: 164

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած «Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծին:

Ըստ այդմ՝ Հայաստանում առաջին անգամ կստեղծվի ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ տվյալների ամբողջական բազա, որը կներառի ոչ միայն դեպքերի ճշգրիտ թիվը, այլև հստակ պատկեր կտա բռնության տեսակների և դրանց գրանցման տարածքային բաշխվածության վերաբերյալ:

Ներկայում հանրապետությունում չի իրականացվում ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում: Երևույթի տարածվածության, ծավալների և դրսևորման ձևերի մասին տեղեկատվությունը ստացվում է իրավապահ մարմինների կողմից արձանագրված դեպքերի, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող հետազոտությունների հիման վրա, ինչը բավարար չէ իրավիճակը գնահատելու, օրինաչափություններն արձանագրելու և կանխարգելիչ միջոցառումներ նախաձեռնելու համար:

Այս որոշմամբ կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման, բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում իրավասու մարմինների միջև տեղեկատվության փոխանակման հետ կապված հարաբերությունները:

Միասնական վիճակագրական համակարգի ստեղծումից զատ, կձևավորվեն և կզարգանան ընտանիքում բռնության դեպքերի հաշվառման հստակ մեխանիզմներ: Իր հերթին վիճակագրությունը թույլ կտա պարբերաբար վերլուծել ընթացիկ իրավիճակը և անհրաժեշտության դեպքում վերանայել ոլորտի քաղաքականությունը:

Նշենք, որ «Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ վարչապետի 2018 թվականի փետրվարի 27-ի N 181-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի և նպատակաուղղված է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրարկումն ապահովելուն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: