Հայերեն   English   Русский  

Զարկ տալով ազգային արժեքների պահպանմանն ու տարածմանը


  
դիտումներ: 367

«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը, որ գործում է 2007 թվականից, ստեղծման առաջին իսկ օրվանից որպես շահառուներ աջակցում է առաջադեմ ուսանողներին, երիտասարդության այն հատվածին, որոնք նորարական միտք ունեն և կոլեկտիվ մտածողություն՝ նրանց տրամադրելով դրամաշնորհներ ու կրթաթոշակներ:

Այս տարի հիմնադրամը նախաձեռնել է մի նոր դրամաշնորհային մրցույթ, որի նպատակն է ազգային արժեքների պահպանման համար ծրագրեր մշակել ու կյանքի կոչել:

«Վերջին մեկ-երկու տարվա ընթացքում նկատեցինք, որ ազգային արժեքները վտանգված են: Մարդու իրավունքների և ժողովրդավարության շղարշի ներքո մեզ հրամցնում են կեղծ արժեքներ՝ ասելով, որ դրանք առաջադեմ են և մեր հասարակության մի հատվածը տրվում է այդ արժեքներին:

Մենք տեսնելով, որ այդ ամենի համար որոշ մարդիկ ու կազմակերպություններ արտասահմանյան գրանտներ են ստանում, մեր հոգաբարձուների խորհրդով, որի նախագահը հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանն է, որոշեցինք այսուհետ ամեն տարի ազգային արժեքների պահպանման և տարածման դրամաշնորհ հայտարարել: Այս տարվա համար ավելի քան 58 հայտ ենք ստացել և երկու փուլով մրցույթից հետո 14 հայտ հաստատվել է»,-ասաց հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանը:

դրամաշնորհ

Հիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանը մրցանակաների հանձնման արարողության ժամանակ նշեց, որ իրենց համար ազգային արժեքների պահպանումն ու տարածումը շատ կլարևոր է հատկապես այսօր:

ՀՀ Կրթության և գիտության նախկին փոխնախարար, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մանուկ Մկրտչայնն էլ իր հերթին նշեց, որ բոլոր հաղթող ծրագրերն էլ հիանալի խթան կդառնան ազգայինը պահպանելու հարցում:

«Մենք ապրում ենք 21-րդ դարի սկզբում, բայց այս նույն խնդիրը լինելու է նաև ապագայում, և եկող սերունդները մեր պահպանած արժեքների վրա են հիմքը դնելու: Պետք է նաև նկատենք, որ այն ազգը, որը միայն ստեղծած արժեքների պահպանմամբ է զբաղվում ու չի ստեղծում նոր արժեքներ, դատապարտված է կործանման: Մենք պետք է փորձենք նաև այնպիսի արժեքներ ստեղծել, որոնք կունենան համամարդկայիրն բնույթ, որոնք ժամանակի ընթացքում կընկալվեն որպես ազգային ու կպահպանվեն»,-ասաց Մկրտչյանը:

Դրամաշնորհ ստացած մասնակիցների թվում ամենաերիտասարդները Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 10-րդ դասարանի աշակերտներ Սամվելն ու Նարեկն են: Տղաները նշում են, որ թեև տարիքով այդքան էլ մեծ չեն, բայց հասցրել են նկատել, որ ազգային արժեքները գլոբալիզացիայի այս դարում գնալով հետին պլան է մղվում:

«Մեր ծրագրի շնորհիվ ուզում ենք պահպանել հայ ավանդական ընտանիքի արժեքները: Մենք տարբեր քննարկումներ ենք ունեցել տարիքային տարբեր խմբերի հետ ու որոշել ենք անիմացիոն տեսահոլովակներ ստեղծել, որոնք կսովորեցնեն, թե ինչպիսին պետք է լինի իսկական հայկական ընտանիքը: Դրանց միջոցով երեխաները դեռ վաղ տարիքից կիմանան, որ ընտանիքում ամեն մեկն ունի իր տեղը, կիմանան, թե ինչպիսին պետք է լինի իրենց վերաբերմունքը ծնողների նկատմամբ ու ծնողների վերաբերմունքը իրենց նկատմամբ: Մեր քայլը փոքր քայլ է, բայց ամեն ինչ սկսվում է փոքր քայլերից»,-նշում են տղաները:

Հասմիկ Զաքարյանն էլ ազգային արժեքները պահպանելու իր տեսլականն ունի:

«Ես ներկայացրել եմ երեք ծրագիր, որից հաղթել է «Նանիկ» ծրագիրը: Ըստ այդ ծրագրի՝ արտադրելու ենք օրորոցի մանկական երաժշտական խաղալիքներ՝ հայկական երաժշտությամբ, որպեսզի դեռ մանկուց երեխաները լսեն հայկական գեղեցիկ մեղեդիներ»:

Ռեժիսոր Վահե Յանը, որ նույնպես հաղթողներից է, ասում է, որ նման դրամաշնորհներն ու աջակցությունը կօգնի երիտասարդներին կյանքի կոչել հետաքրքիր գաղափարներոն ու զարկ տալ ազգային արժեքների պահպանմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: