Հանուն հայրենիքի ծառայություն իրականացրած սպան ստիպված է դիմել դատարան, որպեսզի հասնի արդարության. պահեստազորի սպաների բողոքի ակցիան
Պահեստազորի սպա, գնդապետ, «Իրավունքի սահման» ՍՊԸ նախագահ Գևորգ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սպաները հիմնականում բախվում են այնպիսի խնդիրների ինչպիսիք են արձակուրդային գումարների վերադարձը, բնակարանով ապահովումը և այլն:
«Կառավարությունը զորացրված սպաների համար ստեղծել է այնպիսի խնդիրներ, որ հանուն հայրենիքի ծառայությունն իրականացրած սպան ստիպված է դիմել դատարան, որպեսզի հասնի արդարության: Այսօր նախևառաջ պահանջում ենք մշակել աշխատատեղի ստեղծման համակարգ, որը հատկապես կլինի զորացրված զինծառայողների համար, որովհետև երկարամյա ծառայություն իրականացրած անձը այս պահին պետական հոգածությունից դուրս է գտնվում: Երկրորդ պահանջը վերաբերում է բնակարանային ապահովման համապետական ծրագրերին: Մենք արդեն իսկ ունենք մշակած ծրագրեր, որոնց շնորհիվ սպաները կապահովվեն բնակարաններով: Պահանջում ենք նաև իրականացնել զինծառայողներին հասանելիք չօգտագործված արձակուրդների դրամական փոխհատուցումը նրանց զորացրելիս»,-ասաց Հովհաննիսյանը:
Պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանը, որ արդեն մի քանի տարի է պայքարում է իր խախտված իրավունքների համար, ասաց, որ սկսել է հավաքագրել բոլոր այն սպաներին, որոնք երբևէ բախվել են վերը նշված խնդիրներին: Արդեն մի քանի տասնյակ սպաներ բարձրաձայնել են իրենց խախտված իրավունքների մասին:
Ակցիայի մասնակիցները իրենց մշակած ծրագրերի վերաբերյալ դիմումները հանձնեցին կառավարությանը և նշեցին, որ պայքարը շարունակական է լինելու։