Հայերեն   English   Русский  

​Միջնավանում կհիմնենք նռան և արքայանարնջի ուսումնափորձացուցադրական այգի. Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր


  
դիտումներ: 596

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պատվիրակությունն այսօր իր մասնակցությունն է ունեցել ԱՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնած «Գյուղատնտեսության ներկան և ապագան» խորագրով գիտագործնական կոնֆերանսին:

ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը:

Նրա խոսքով՝ իրենց համալսարանի մի խումբ մասնագետներ գիտագործնական կոնֆերանսի չորս փուլերի ընթացքում ներկայացրել են գյուղատնտեսության տարբեր խնդիրներ՝ քննարկել մի շարք հարցեր և նախանշել համատեղ իրականացվելիք ծրագրերը:

«Հայաստանի ազգային ագրարային համալսարանը սերտ համագործակցում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետ: Համատեղ քննարկում ենք ուսումնամեթոդական տարբեր խնդիրներ, մեր բուհում դասախոսները պարբերաբար վերապատրաստում են անցնում: Ունենք նոր նախաձեռնություն, որի մեկնարկը տրվել է անցած տարի. մեր ուսանողներն ուսումնաարտադրական պրակտիկա են անցնում ԱՀ-ում: Ուսանողներն ուսումնասիրել են Քաշաթաղի շրջանի Միջնավանի, Կովսականի, Իշխանաձորի տարածաշրջանի գյուղերի հնարավորությունները, կազմել բիզնես ծրագրեր և այն ներկայացրել բարերաներին: Աշխատում ենք գործընկեր հիմնադրամների հետ, մասնավորապես, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի: Գալիք տարի Միջնավանում կհիմնենք 3-5 հա նռան և արքայանարնջի ուսումնափորձացուցադրական այգի, որտեղ կտնկվեն նաև տարբեր սորտերի բերքատու ծառեր: Մենք մշտապես պատրաստակամ ենք աջակցել ԱՀ մեր գործընկերներին, բուհի աշխատակիցներին և ուսանողներին, որը կրելու է շարունակական բնույթ»,- մասնավորապես ասել է Վ. Ուռուտյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: