Հայերեն   English   Русский  

Դուդուկը մեր ազգի պատմությունն է, մեր աղոթքը. Ջիվան Գասպարյանը նշում է ծննդյան 91- ամյակը


  
դիտումներ: 1081

«Կյանքս անցավ շատ հետաքրքիր, մի ակնթարթի պես՝ և´ շատ տխուր, և´ շատ ուրախ։ Մարդը չի կարող միշտ ուրախ լինել։

Ոչ մեկի տանն անվերջ ուրախություն չկա։ Բնությունն այնպես է ստեղծված, որ մարդուն և´ պետք է ցավացնի, և´ ուրախացնի։ Այդպես է աշխարհի օրենքը։ Այնպես որ, եթե հանկարծ մի քիչ նեղության մեջ կընկնեք, տրամադրություն չեք ունենա, մի´ հուսահատվեք։ Նեղությանն էլ դիմացեք, լենությանն էլ։ Նեղությանը դիմանալ հեշտ է, մարդիկ լենությանը չեն դիմանում, շուտ են փչանում»,- մի առիթով ասել է դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը:

Այսօր հայազգի մեծ դուդուկահար, կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանը նշում է ծննդյան 91- ամյակը:

Անցած տարի հոբելյանական 90-ամյակը վարպետը նշելու տրամադրություն չուներ, ինչը պայմամավորված էր լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան հետ: Սակայն նոյեմբերի 26-ին Մշակույթի նախարարությունը մեծ համերգով տոնեց մեծն դուդուկահարի հոբելյանական տարեդարձը:

Ջիվան Գասպարյանը շրջելով աշխարհով մեկ` մարդկանց ծանոթացրել է հայկական ժողովրդական երաժշտությանը:

Նա հանդես է եկել ամենահեղինակավոր համերգասրահներում, անվանի երաժշիտների, կոմպոզիտորների, ամենահայտնի նվագախմբերի հետ։ Նրա երաժշտությունը հնչում է հոլիվուդյան ամենահայտնի ֆիլմերում։

«Աշխարհին ներկայացրի այս փոքրիկ փայտիկը։ Բոլորը զարմանում էին, թե ինչ գեղեցիկ ձայն ունի դուդուկը: Այն մեր ազգի պատմությունն է, մեր աղոթքը»,- ասում է նա:

Ջիվան Գասպարյանը 20 հազար համերգ է նվագել, 2000-ից ավելի ձայնագրություններ ունի, մասնակցել է 40 ֆիլմերի նկարահանման, բայց երբեք հայկական ակունքներից չի շեղվել: «Երբեք օտար երկրների, ազգերի մեղեդիներ չեմ օգտագործել։ Ամենալավ արվեստն աշխարհում հայկականն է, հատկապես մեր դասական երաժշտությունը»,- ասում է վարպետը:

Աշխարհահռչակ երաժիշտն իր կատարած աշխատանքով նպաստել է դուդուկի զարգացմանը։ Նա Հայաստանին բերել է համաշխարհային ճանաչում ու ապացուցել, որ լավ արված գործը երբեք անուշադրության չի մատնվում։

Նա իր միջազգային գործունեությունը սկսել է 1988 թվականից։ Նրա նվագն օգտագործվել է Մարտին Սկորսեզեի «Քրիստոսի Վերջին Չարչարանքները» ֆիլմում: Իսկ 2000 թվականին Ջիվան Գասպարյանի երաժշտությունը հնչել է նաև «Գլադիատոր» ֆիլմում։

«Գլադիատոր» ֆիլմի սաունթրեքի հեղինակ գերմանացի կոմպոզիտոր Հանս Ցիմերը բարձր է գնահատել դուդուկահարի գործունեությունը։ Մի առիթով ասել է. «Ես միշտ երազել եմ երաժշտություն գրել հենց Ջիվան Գասպարյանի համար, քանի որ իմ կարծիքով նա աշխարհի լավագույն երաժիշտներից մեկն է. նա ունակ է կախարդել, նա ունակ է ցնցել: Նա ստեղծում է իր տեսակը չունեցող կատարյալ գեղեցիկ երաժշտություն, այնպիսի երաժշտություն, որը միանգամից մխրճվում է հիշողությանդ մեջ»։

Մի անգամ ամերիկահայ աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանը դուդուկահար Ջիվան Գասպարյանի նվագը լսելուց հետո ասել է. «Ջիվան, սա նվագ չէ, այլ աղոթք է», հետագայում այդ տողերը տեղ են գտնում Ջիվանի՝ 1982թ.-ին թողարկած ձայնասկավառակի վրա:

Հայկական դուդուկը` ծիրանափողը, աշխարհում ճանաչելի են դարձել նաև վարպետի կատարումների շնորհիվ: Ջիվան Գասպարյանը դուդուկը տարածեց աշխարհով մեկ` կամուրջ ստեղծելով հայ և մյուս ժողովուրդների մշակույթների միջև:

Ջիվան Գասպարյանի ծնվել է նույն օրը` 1928-ին: Նա դժվար մանկություն է ունեցել. մայրը վաղ է մահացել, իսկ հայրը զինվոր է եղել Երկրորդ համաշխարհային պատերազում: Այդ պատճառով էլ նա մեծացել է որբանոցում:

Դուդուկ սկսել է նվագել վեց տարեկանից՝ առանց դասավանդումի: 1947-ին ազգային սիրողական համույթի հետ մեկնել է Մոսկվա, որտեղ համերգից հետո Ստալինից ստացել է Պրոբեդա ժամացույց: 1949-ին միացել է Թաթուլ Ալթունյանի անվան ազգային երգ ու պարի համույթին, և իր առաջին մասնագիտական հանդիսումը որպես մենակատար` եղել է Երևանյան երաժշտասիրական նվագախմբի հետ, քանի դեռ նոտաները կարդալ չգիտեր:

Նա, որպես դուդուկահար, առաջին մրցանակը ստացել է 1956-ին։ 1959-ին ստացել է առաջին ոսկե մեդալը` Չորրորդ Միջազգային փառատոնում։ Նույն մրցույթին մասնակցելով նաև 1962թ-ին` նա շահել է արծաթյա մեդալ, իսկ 1973-ին՝ բրոնզե: Այս մրցույթից հետո, 1973թ-ին նրան շնորհվում է ԽՍՀՄ-ի ազգային արվեստագետ պատվավոր կոչումը:

Դուդուկահարն իր գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգեւների։ 2001թ. արժանացել է «Ոսկե գլոբուս», 2002թ.՝ «Womex Aword» միջազգային հեղինակավոր մրցանակների։ 2002թ. ներկայացվել է ԱՄՆ «Գրեմմի» միջազգային երաժշտական մրցանակի։ Հայաստանի եւ Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ է։ 2017թ. արժանացել է ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ է։

Նա հայտնի է նաև համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի հետ իր համագործակցություններով՝ Սթինգ, Մայքլ Բրուք, Լիոնել Ռիչի, Դերեք Շերենյան, Հանս Զիմեր եւ շատ ուրիշներ։

Մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած այնպիսի ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը, ինչպիսիք են՝ «Քրիստոսի վերջին չարչարանքները» (1988թ., ԱՄՆ), «Ռոնին» (1998թ., ԱՄՆ), «Օնեգին» (1999թ., ԱՄՆ), «Գլադիատոր» (2000թ., ԱՄՆ), «Սիրանա» (2005թ., ԱՄՆ), «Արյունոտ ադամանդ» (2006թ., ԱՄՆ), «Ձյուն եւ մոխիր» (2015թ., Ռուսաստան) եւ այլն։ Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություններ, նվագել է շուրջ 20 հազար համերգներում։

Ջիվան Գասպարյանն այսօր Հայաստանի խորհրդանշական մարդկանցից մեկն է։ Բացի երաժշտական ակտիվ գործունեությունը, դուդուկահարը հասցրել է հայտնվել նաև ռուսական Vogue ամսագրի էջերում` լուսանկարվելով Victoria’s secret բրենդի հրեշտակներից մեկի` Ստելլա Մաքսվելի հետ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: