Հայերեն   English   Русский  

​Տեր կանգնեք գոնե այն մարդկանց, ովքեր դեռ հավատում են ձեր ստերին


Անի Հովհաննիսյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 297

Ինչպես տեղեկացրել էի, գնացել էի Էրեբունու ավտոշուկայի տարածքում բողոքի ակցիա իրականացնող՝ մասնակիցների մի մասի պնդմամբ էլ խնդրանքով վարչապետին դիմելու ավտոներկրողների հավաքին:

Նախ, ներկայացնեմ, թե ինչ կարևոր խնդիրներ ունեն ավտոներկրողները.

1. Մաքսակետերը Գյումրի տեղափոխելու խնդիր է, քանի որ ավտոներկրողները նշում են, որ դա մի քանի անգամ ավելացնելու է իրենց ծախսերը և որևէ տրամաբանություն չկա այդ որոշման մեջ: Նրանք նշեցին, որ այդ կերպ ցանկանում են Գյումրին զարգացնել, սակայն դա իրենց ոլորտը կաթվածահար է անելու:

2.Խնդիր ունեն Փոթիից մեքենաները Հայաստան բերելու հետ կապված, քանի որ Վրաստանում հայերից հավելյալ գումար են ուզում, որ շուտ մեքենաները դուրս թողնեն նավահանգստից: Ավտոներկրողները նշեցին՝ եթե հավելյալ գումար չեն վճարում, դա կարող է ամիսներ տևել, ինչը նորից իրենց համար լուրջ խնդիրներ է առաջացնում: Այս հարցը պետք է լուծվի պետական մակարդակում, պետք է հասկանալ, թե ինչու է Վրաստանում հայերի բեռների՝ մասնավորապես, մեքենաների նավահանգստից դուրսբերումը այդքան խնդրահարույց դարձել:

3.Արաբական Միացյալ Էմիրություններից ներկրված բազմաթիվ մեքենաներ չեն կարողանում բերել Հայաստան, քանի որ ՊԵԿ-ն արգելել է Մեղրի բերել Պարսկաստանի նեյտրալ գոտիներում այս պահին գտնվող մեքենաները: Նախկինում ԱՄԷ-ից մեքենաները բերվել են Պարսկաստանի նեյտրալ գոտիներ, որտեղ պահվել են, ապահովվել է նաև անվտանգությունը, որից հետո բերվել են Հայաստան, հիմա ՊԵԿ-ն արգելել է այդ կերպ աշխատել: Արդեն բերված մեքենաները, որոնք գտնվում են հիմա Պարսկաստանում, ավտոներկրողները չգիտեն, թե ինչպես բերել Հայաստան կամ ինչպես անել, որ այդ մեքենաները չվնասվեն, քանի որ ՊԵԿ-ի հրամանից հետո այդ նեյտրալ գոտիներում Հայաստանի համար բերված մեքենաների նկատմամբ այլևս հսկողություն չկա: Ավտոներկրողներից մեկը նշեց, որ այս պահին ինքը մի քանի տասնյակ մեքենա ունի Պարսկաստանում և չգիտի, թե ինչպես պետք է կարգավորի այդ հարցը:

Այս խնդիրները նրանք ներկայացրել են կառավարությանը, նշեցին, որ զանգել են Իմ Քայլի մի քանի պատգամավորի, սակայն վերջիններս ցանկություն չեն ունեցել լսելու: Անունները չնշեցին պատգամավորների: Միակ մարդը, ով ցանկություն է հայտնել հանդիպել և լսել ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարն է, ով տեղեկանալով, որ պատրաստվում են ճանապարհ փակել, զանգել է ավտոներկրողների միության նախագահին և ասել, որ հանդիպեն իր աշխատասենյակում, որպեսզի միասին զանգեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Զարմանքս այն էր, որ այս ամբողջ խնդիրներով հանդերձ այս մարդկանց մեջ մի քանի հոգի դեռ շարունակում են կարծել, թե իրենց խնդիրներում մեղավոր են բոլորը, բայց ոչ մի դեպքում ներկայիս իշխանությունը, քանի որ իրենք են հենց իշխանությունը: Մի կին նույնիսկ հորդորում էր մեր օպերատորին հեռանալ՝ ասելով, որ իրենց պետք չի լուսաբանում, քանի որ բողոքի ցույց չեն անում, այլ խնդրանքով դիմում են իրենց սիրելի վարչապետին:

Ես իմ հերթին դիմում եմ վարչապետին և իշխանության մնացած անդամներին՝ տեր կանգնեք և լուծում տվեք գոնե այն մարդկանց խնդիրներին, ում խաբել ասել եք, թե իրենք են իշխանություն, իրենք էլ միամիտի պես դեռ հավատում են դրան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: