Հայերեն   English   Русский  

Ջորջ Ավագյան՝ հայ, որ եղել է Լուի Արմսթրոնգի պրոդյուսերը և «Գրեմմի» է ստացել


  
դիտումներ: 2571

Ջորջ Ավագյանը ծնվել է 1919 թ. Արմավիրում, գորգավաճառի ընտանիքում: Ծնունդից երկու տարի անց նրա ընտանիքը տեղափոխվել է Թիֆլիս, այնտեղից՝ Նյու Յորք:

Միացյալ Նահանգներում ավարտել է դպրոցը, այնուհետև՝ ամենահեղինակավոր բուհերից մեկը՝ Յեյլի համալսարանը: Ուսման տարիներին աշխատանքի է անցել Columbia Records-ում, որտեղ ընկերության արխիվներն էր կարգի բերում: Լինելով վերջին կուրսի ուսանող՝ Ավագյանն առաջարկում է DECCA ֆիրմային թողարկել «Chicago Jazz»-ի առաջին հավաքածուն՝ բաղկացած 6 ձայնապնակից և ուղեկից հոդվածով: 1940 թ. լույս է տեսնում առաջին երկարատև ձայնապնակը Ջորջ Ավագյանի հեղինակությամբ: Հետագայում այն ձայնապնակները, որոնց տևողությունը հասնում էր 30 րոպեի, ստացան «ալբոմ» անվանումը:

1940-ական թթ. Ջորջ Ավագյանը թողարկեց «Ջազի պատմությունը»՝ գրամաֆոնային ձայնապնակների շարքը՝ այնպիսի աստղերի ձայնագրությամբ, ինչպիսիք էին Լուի Արմսթրոնգը, Բեսսի Սմիթը, Ֆլեչեր Հենդերսոնը և Դյուկ Էլինգտոնը:

Ավագյանը եղել է Լուի Արմսթրոնգի երկու ալբոմների պրոդյուսերը՝ «L.Armstrong Plays W.C.Handy» և «L.Armstrong Plays F.Waller», որոնք առաջիններից էին՝ նվիրված մեկ կատարողի ստեղծագործությանը:

Մինչև 1960-ականները Ջորջ Ավագյանը հասցրել էր դառնալ «Warner Bros» կինոստուդիայի երաժշտական բաժնի տնօրենը՝ զուգահեռ բացելով մասնաճյուղեր Թեհրանում, Բրյուսելում, Փարիզում: Եվ վերջապես հիմնադրեց սեփական «Ավագյան ընդ Քո» ֆիրման: 1963 թ. նա հեռանում է ակտիվ գործունեությունից:

Ջորջ Ավագյանը եղել է նաև Արվեստների և գիտության ազգային ակադեմիայի հիմնադիրներից մեկը, որը շնորհում է նշանավոր «Գրեմմի» մրցանակը: Հայտնի է նաև նրանով, որ առաջինը կարողացավ կազմակերպել 1967 թ. Բեննի Գուդմենի նվագախմբի ելույթը Մոսկվայում:

1997 թ. Ջորջ Ավագյանը, որպես Մայլզ Դևիսի ալբոմի համահեղինակ, ստացել է «Գրեմմի» մրցանակը:

Լեգենդար պրոդյուսերը մահկանացուն կնքել է 98 տարեկան հասակում, Նյու Յորքում, որտեղ ապրում էր իր ընտանիքի հետ և վերջին տարիներին իր հիշողությունների գիրքն էր գրում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: