Հայերեն   English   Русский  

​Անցնող շաբաթը Հայաստանում


  
դիտումներ: 515

Շաբաթը սկսվեց միջազգային նշանակության իրադարձությունով՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների (IT) համաշխարհային համաժողովի (WCIT 2019) բացումով, որին նախորդել էր մեծ համերգ Հանրապետության հրապարակում:

Համաժողովին մասնակցում էր 70 երկրներից եկած ավելի քան 2500 մասնագետ։ Համաժողովի թեման էր այս տարի «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։

Այս կապակցությամբ Երևան էին ժամանել ռոք երգիչ Սերժ Թանկյանը, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը և Քիմ Քարդաշյանը: Վերջինս ժամանել էր քրոջ և երեխաների հետ, և Էջմիածնում տեղի ունեցավ նրա որդու մկրտությունը: Հաջորդ օրը նա հայտարարեց, որ ոգշնչվել է Հայաստանով և մտադիր է օծանելիք ստեղծել հայկական ծաղիկների բույրով, բացի այդ, ցեղասպանության ճանաչումը իր նպատակն է, և դրա ուղղությամբ երբեք չի դադարեցնի իր ջանքերը։ Այցի երրորդ օրը Քիմ Քարդաշյանը հյուրընկալվեց Բաղրամյան 26-ում՝ նախագահի մոտ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ։

Համաժողովի երկրորդ օրը ելույթ ունեցավ Սերժ Թանկյանը: Նույն օրը երեկոյան նրա ստեղծած բրենդի՝ սեփական արտադրության Gavat սուրճի շնորհանդեսն էր։ Իսկ երրորդ օրը ասուլիս հրավիրեց՝ քննարկելով բազմանույթ հարցեր՝ մշակութայինից մինչև քաղաքական և իհարկե ողջունեց մեր երկրում ընթացող փոփոխությունները։

Երկուշաբթի կարևոր իրադարձություն էր մի քանի տասնյակ հասարակական-քաղաքական և մշակույթի, սպորտի գործիչների տարածած հայտարարությունը: Նրանք բավական խիստ գնահատականներով կոչ են անում փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, դադարեցել հակասահմանադրական գործընթացը և զերծ մնալ հակապետական գործողություններից՝ զգուշացնելով, որ եթե չսթափվենք, հայկական երկու պետությունների անվտանգությունը հայտնվելու է լուրջ սպառնալիքի տակ:

Երկուշաբթի նաև մարտի 1-ի գործով հերթական դատական նիստն էր։ Նիստը սկսվելուն պես Ռոբերտ Քոչարյանը, մյուս նախկին պաշտոնյաները և նրանց պաշտպանները մի քանի րոպե կանգնած մնացին՝ ի նշան բողոքի դատավոր Աննա Դանիբեկյանի գործողությունների դեմ։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դահլիճում «Վնգստալու արվեստը» գրությամբ պաստառներ էին պարզել։ Քոչարյանի պաշտպանական թիմը դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացրեց ինքնաբացարկի միջնորդություն, որը դատարանը մերժեց։

Միջնորդություն ներկայացրեց նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանը նրա խափանման միջոցը վերացնելու և բուժզննման նպատակով մեկ շաբաթով Ավստրիա մեկնելու թույլտվության մասին։ Հաջորդ օրը մերժվեց նաև այդ միջնորդությունը:

Երկուշաբթի կտրուկ վատացավ ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի վիճակը. նա չի կարողանում խոսել։ Հաջորդ օրը գեներալի առողջության վատթարացումը հաշվի առնելով՝ նրա փաստաբանները հերթական անգամ միջնորդեցին դատարանին գրավով փոխել նրա խափանման միջոցը։ Եվ հերթական անգամ դատարանը մերժեց միջնորդությունը։

Հրաժարականի դիմում ներկայացրեց Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը՝ ի նշան քաղաքական պատասխանատվության։ Նա զինվորական սպային դաժան ծեծի ենթարկելու քրեական գործով, որով մեղադրվում է իր օգնականը, վկայի կարգավիճակ ունի։

Հոկտեմբերի 8-ին Էջմիածնում տոնեցին քաղաքի հիմնադրման 2704-ամյակը։ Ուշագրավ էր, որ վարչապետը Էջմիածնի նշանակության պատմական ակնարկից հետո պատմական իրողություն համարեց կին գործչի՝ Դիանա Գասպարյանի ընտրությունը քաղաքապետի պաշտոնում։

Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հայտարարություն տարածեց Արցախի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին՝ խոստանալով կերտել «մեր Նոր Արցախը»։

Շաբաթվա գլխավոր իրադարձություններից մեկը թերևս Արցախի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանի հարցազրույցն էր, որը լայնորեն քննարկվեց ամբողջ շաբաթվա ընթացքում: Բալասանյանը հայտարարեց, որ «Սասնա ծռերն» ու Նիկոլ Փաշինյանը մեկ ամբողջություն են՝ մեկ ահաբեկչական խմբավորում, մեկը զենքով, մյուսը՝ գրիչով բռնազավթել է իշխանությունը, և ֆիզիկապես ոչնչացնելու են նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իր, ժողովրդի, պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ։ Հաջորդ օրը պատասխան հայտարարություն տարածեց «Սասնա ծռեր» կուսակցությունը՝ իշխանությունից պահանջելով ցուցաբերել անհրաժեշտ քաղաքական կամք և չեզոքացնել պետության անվտանգությանը և քաղաքացիների կյանքին ուղղված սպառնալիքները: Այնուհետև դատախազությունից տեղեկացրին, որ Բալասանյանի հարցազրույցի տեսանյութը, գլխավոր դատախազի գրությամբ, ուղարկվել է ԱԱԾ տնօրենին՝ դրանում նշված հանգամանքները ստուգելու նպատակով:

Հոկտեմբերի 9-ին Երևանում տեղի ունեցավ «Ինչ անել. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» խորհրդաժողով, որտեղ հանդես եկավ նաև վարչապետ Փաշինյանը՝ խոսելով մասնավորապես խոչընդոտների մասին։

Կալանավորվեց Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը, նրան նոր մեղադրանք է առաջադրվել յուրացման համար։ Նրա փաստաբանները հայտարարեցին, որ «նման մեղադրանքի առկայությունը, ինչպես նաև կալանավորումը, ակնհայտ են դարձնում, որ այս ամենի պատճառը Արա Վարդանյանի հասարակական-քաղաքական հրապարակային գործունեությունն է»։ Արա Վարդանյանն էլ արդեն հայտարարել էր, որ միևնույն է, այս կերպ չի հաջողվի լռեցնել իրեն: «Իրենք չեն հասկանում, որ բերդապետության ու բռնապետության պայմաններում կալանավորված լինելը ոչ թե պատիժ է, այլ հպարտություն»,- հայտարարել էր նա։

Հինգշաբթի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Հայաստանը դատապարտում է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի տարածք՝ ուշադրություն հրավիրելով ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների վտանգի վրա։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն էլ տեղեկացրեց, որ Թուրքիայի գործողությունների հետևանքով Սիրիայի Հասակա նահանգի հայ համայնքների գոյատևումը վտանգված է։

Կառավարության հերթական նիստի օրակարգում Սևանի խնդիրն էր, նաև 1998 թվականից ի վեր տեղի ունեցած դեպքերի զինծառայողների հարազատներին փոխհատուցելու հարցը։ Նիկոլ Փաշինյանը զինծառայողների հարազատներին խնդրեց համբերություն, որպեսզի առավել հանդարտ պայմաններում կարողանան այդ աշխատանքը կատարել։ Իսկ կառավարության շենքի առաջ դարձյալ ցույց էին անում զոհված զինծառայողների մայրերը՝ պահանջելով 30-ական միլիոն դրամ, այսինքն՝ այնքան, որքան տրվել է մարտի 1-ի զոհերի ընտանիքներին։

Որբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Թուրքմենստանի մայրաքաղաքում էր, մասնակցում էր ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստին, որտեղ Ալևի հետ բանակռիվ առաջացավ, քանի որ Ադրբեջանի ղեկավարը փորձեց առիթն օգտագործել Հայաստանը «ֆաշիստներին հերոսացնող» երկիր ներկայացնելու համար՝ հիշեցնելով, որ Երևանում կանգնեցվել է Գարեգին Նժդեհի արձանը: Փաշինյանը խիստ պատասխան տվեց նրան՝ հայտարարելով, որ Ալիևը այդպիսով անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում հայ ժողովրդի և ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ:

Աշգաբադում Փաշինյանը գիրք նվիրեց Վլադիմիր Պուտինին Արցախի մասին և պաշտոնական հանդիպում ունեցավ Թուրքմենստանի նախագահի հետ:

Նույն ժամանակԱրցախում ընթանում էր «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» Արցախի բարեկամների համաժողովը, որտեղ տարբեր լեզուներով հնչում էին Արցախին սատարող հայտարարություններ։

Իսկ շաբաթ օրը «Ազատ հասարակության հիմնադրամը» տեղեկացրեց, որ մրցույթ կհայտարարի Գ. Նժդեհի գործունեության արդար ներկայացման համար:

Վարչապետ Փաշինյանն էլ հեռախոսազրույց ունեցավ Վլադիմիր Պուտինի հետ՝ ուշադրություն հրավիրելով Սիրիայի հայ համայնքի անվտանգության հարցի վրա:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էլ Շվեյցարիայում էր՝ Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցում, որտեղ քննարկվել են համագործակցության մի շարք ծրագրեր:

Պարզվեց, որ հոկտեմբերի 10-12-ը մեր պատվիրակությունը մասնակցել է ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի 120-րդ լիագումար նիստին: Հանձնաժողովում Հայաստանին վերաբերող երկու հարց է քննարկվել` դատաիրավական բարեփոխումների փաթեթին հավանություն տալու հարցը և Ստամբուլյան կոնվենցիայի սահմանադրականության վերաբերյալ Ռուստամ Բադասյանի դիմումը ։

Լրատվամիջոցներում տեղեկություններ եղան, որ մեր պատվիրակությունը մեկնել է Վենետիկ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման խոստումով ՍԴ շուրջ ստեղծված թնջուկը հօգուտ իշխանության լուծելու բանակցությունների նպատակով: Այսինքն՝ Վենետիկի հանձնաժողովը դատաիրավական բարեփոխումների փաթեթի մեջ հավանություն է տալիս Հրայր Թովմասյանի հեռացմանը` Ստամբուլի կոնվենցիան Հայաստանում վավերացնելու պայմանով:

Թե որքանով են այդ տեղեկությունները արժանահավատ, հավանաբար կպարզվի այս շաբաթ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: