Հայերեն   English   Русский  

ChainPoint19 բլոկչեյն միջազգային համաժողովի բացմամբ մեկնարկեց «Ավրորա» ֆորումը


  
դիտումներ: 143

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ChainPoint19 բլոկչեյն միջազգային համաժողովի բացմամբ մեկնարկեց «Ավրորա» ֆորումը:

ChainPoint19 բլոկչեյն միջազգային համաժողովը հայ և օտարազգի բազմաթիվ մասնագետների տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների կիրառման օգուտները քննարկելու և դրանց շուրջ տեսակետներ զարգացնելու հնարավորություն է ընձեռում:

Բացմանը ներկա էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ով իր ելույթում նշեց, որ համաժողովի ընթացքում նախատեսվող քննարկումները նվիրված են ապագայի տեխնոլոգիաներին:

«Լսելու ենք բազմաթիվ հետաքրքիր կարծիքներ, թե ինչպես են ֆինանսական և ոչ ֆինանսական կազմակերպություններն օգտվում բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառման առավելություններից, թե ինչպես են կառավարությունները մասնակից դառնում այդ գործընթացներին, որպես տեխնոլոգիաների պատվիրատու և թե ինչպես են այդ տեխնոլոգիաների շնորհիվ իրենց կառավարման համակարգերն ավելի նորարարական դարձնում»,-շեշտեց Խաչատրյանը:

Ավրորա Ֆորում

Ֆորումի բազմաթիվ մասնակիցների շարքում էր ECOS ազատ տնտեսական գոտին: Գոտու ներկայացուցիչ Լուսինե Կարապետյանը պատմեց, որ Հայաստանում այդ գոտին ստեղծել են տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված նախագծերի զարգացմանը խթանելու համար:

«Մենք առաջարկում ենք իրավաբանական ծառայություններ, հարթակ ենք ստեղծում միջազգային ներդրումների համար, իսկ այդ համաժողովին ներկայանում ենք ազատ տնտեսական գոտու հարթակով, որտեղ կա տվյալների պահպանման կենտրոն. դրա տարածքում կա մայնինգ ֆերմա, որտեղ կարող թե՛ հայ, թե՛ արտասահմանցի գործարարները տեղադրել իրենց սարքավորումները կրիպտոարժույթի մայնինգի համար: Ապահովել ենք էներգետիկ ենթակառուցվածք, որը հնարավորություն է տալիս էժան էլեկտրաէներգիայի աղբյուր ունենալ և ավելի մրցակցային լինել շահագործողների համար»,-ներկայացրեց Կարապետյանը:

Համաժողովի ընթացքում նաև ելույթ ունեցավ TEDx ծրագրի բանախոս PwC ցանցի Ասիայի գծով ֆինտեխի և կրիպտոյի ղեկավար, Հոնկոնգի «ՖինՏեխ» (FinTech) ասոցիացիայի նախագահ Հենրի Արսլանյանը: Ըստ նրա՝ Հայաստանում կան անհրաժեշտ պայմաններ՝ բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացման համար:

«Աշխարհի չորս կողմում այսօր բլոկչեյնի հեղափոխություն է տեղի ունենում: Այդ հոսանքը հասնում է նաև Հայաստան, որն ունի ստարտափի էկոհամակարգ, զարգացող քաղաքացիական հասարակություն, բանկային համակարգ, որին վստահում է, և աշխատասիրություն: Այս բոլոր գործոնները շատ կարևոր են բլոկչեյնի զարգացման համար»,-նշեց Արսլանյանը:

ChainPoint19 բլոկչեյնի միջազգային համաժողովը հյուրընկալել է Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիան: Այն հավակնում է լինել Կովկասում անցկացվող բլոկչեյնի ամենամեծ միջազգային համաժողովը, որը միավորում է բլոկչեյնի գլոբալ առաջնորդներին:

«Ավրորա» ֆորումն իր տեսակով առաջինն է տարածաշրջանում: Մեկ շաբաթվա ընթացքում ֆորումը միավորելու է աշխարհի առաջատար մասնագետներին սոցիալական, կրթական, մարդասիրական և գիտատեխնիկական նորարարության ոլորտներից, որոնք կկիսվեն իրենց փորձով, մտքերով ու կփորձեն հանդես գալ աշխարհն ավելի լավը դարձնող գաղափարներով: «Ավրորա» ֆորումն ունի 157 Բարի կամքի դեսպան աշխարհի 39 երկրից, որոնք ներկայացնում են 17 ոլորտ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: