Հայերեն   English   Русский  

Մեր դեսպանությունը Սիրիայում, հյուպատոսությունը՝ Հալեպում աշխատում են արտակարգ ռեժիմով. Նաղդալյան


  
դիտումներ: 115

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց, որ

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Հայաստանի դեսպանատունը, Հալեպում՝ հյուպատոսությունը աշխատում են արտակարգ ռեժիմով:

Նա նշեց, որ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչները մշտական կապի մեջ են Կամիշլիի և Սիրիայի հյուսիսային շրջանների համայնքային կառույցների հետ:

«Մշակվում ու ձեռնարկվում են բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի բոլոր մեր հայրենակիցները, ովքեր ցանկություն են հայտնել տեղափոխվել, այս գործում աջակցություն ստանան: Մենք օպերատիվ տեղեկատվություն ենք ստանում մեր դիվանագիտական ներկայացուցչություններից տեղերում մեր հայրենակիցների վիճակի վերաբերյալ»,-ասաց Աննա Նաղդալյանը:

Ըստ տեղեկությունների՝ Սիրիայում հյուսիսային շրջաններում հայերի թիվը կազմում է 3 հազար, հիմնականում կենտրոնացած են Կամիշլի և Մալիքիա բնակավայրերում: Աննա Նաղդալյանը նշեց, որ այս հատվածների մոտակայքում զինված բախումներ չեն եղել, այս պահի դրությամբ դրված չէ այդտեղից հայերի դուրսբերման հարցը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան ներխուժել է Սիրիայի տարածք: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ թուրքական զորքերն սկսել են Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ:

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: