Հայերեն   English   Русский  

Գասպարիին շշով հարվածելու համար մեղադրվող Արմեն Թավադյանին սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում


  
դիտումներ: 116

«Հինգերորդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։ Նա մեղադրյալի աթոռին է հայտնվել Ռոբերտ Քոչարյանի գործով մայիսի 13-ի դատական նիստի օրը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առաջին հարկում տեղի ունեցած միջադեպի արդյունքում։

Այդ օրը քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի ձեռքից վերցրել էին պաստառը, ապա ջրով լի շշով հարվածել դեմքին։ Այտոսկրի վնասվածք ստացած Գասպարին հայտարարել էր, որ երկրորդ նախագահի կողմնակիցներն են արարքի հեղինակները։ Դեպքից 4 օր անց մեղադրանք առաջադրվեց Արմեն Թավադյանին՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելը:

Թեև նախաքննական մարմինը կալանավորում էր պահանջել, դատարանը Թավադյանի նկատմամբ ընտրել է խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին։ Արմեն Թավադյանը դեպքի հաջորդ օրն իսկ հերքել էր, թե ջրի շշով հարվածել է Գասպարիին․ «Ես չեմ ճանաչում էդ մարդուն։ Ո՞նց ես կարամ խփեմ էդ մարդուն, ում չեմ ճանաչում»։ Տուժող Գասպարիի և մեղադրյալ Թավադյանի ներգրավմամբ դատական նիստի օր նշանակված է հոկտեմբերի 15-ին։ Գործը մակագրվել է դատավոր Կարեն Ֆարխոյանին։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք՝ Արմեն Թավադյանն այս տարվա մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի վարչական շենքի առաջին հարկում քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը։ Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին հիշում է դեպքի օրը՝ «Մարտի 1-ի» և «Հոկտեմբերի 27-ի» մասին հիշեցնող «Արյունոտ տասնամյակ» գրությամբ պաստառով գնացել էր դատարան, բայց Քոչարյանի աջակիցները թույլ չէին տվել ներս մտնել․

«Ագրեսիվ պահվածքով փորձում էին պաստառս պարբերաբար քաշքշել, ինձ դատարանից դուրս գցել։ Իրենք այնքան էին իրենց տերուտիրական զգում, որ իրավապահները և դատական կարգադրիչները ենթարկվում էին իրենց։ Էդ ամբոխը պարբերաբար հարվածում էին պաստառիս, փորձում էին պաստառս խլել և այդպես էլ արեցին։ Այնուհետ փորձում էին հեռացնել ինձ դատարանից։ Իմ պաստառը հափշտակելուց հետո ես իմ կարծիքը բարձրաձայն հնչեցրի՝ «Ռոբիկ մարդասպան, Ռոբիկ սրիկա»։

Թավադյանը մի պահ կա, երբ խուլիգանները քաշքշում են, ինքը հրճվանքով ծափահարում ա, ընդ որում՝ շիշն իր ձեռքում, տեսանյութերում կա՝ ինքը շիշը շպրտում ա։ Կադրերը նայելիս ես նկատեցի, որ նա միակ հոգին չէր, որ շիշը շպրտում ա, կա ևս մեկ անձ, որը փորձում էր շիշը շպրտել, բայց քանի որ կարգադրիչները ինձ դուրս էին հանում, ինքը չի հասցնում գործողությունը ավարտին հասցնել»,- պատմեց Վարդգես Գասպարին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: