Հայերեն   English   Русский  

Գյումրիում ավտոմաքսատան շինարարությունը ձգձգվում է, բայց մեքենաները մաքսազերծվում են


  
դիտումներ: 180

ՊԵԿ-ը նախապես հայտարարել էր, թե Գյումրիում կառուցվող հյուսիսային ավտոմաքսատան շինարարությունն ավարտվելու էր հոկտեմբերի 11-ին, հետո այն փոխվեց հոկտեմբերի 18-ին,

իսկ արդեն հոկտեմբերի 14-ից հյուսիսային մաքսատանը սկսվելու էին մեքենաների մաքսազերծման գործընթացները: Այսօր արդեն պարզվում է՝ շինարարությունը այս ժամկետում էլ չի ավարտվելու: Այս անգամ ի՞նչ ժամկետ է նշվում, Գյումրիում գտնվող ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը չկարողացավ պատասխանել: Փոխարենը նոր ընդունված ու վերապատրաստված կադրերով Գյումրու հյուսիսային մաքսատուն-վարչության շենքում հոկտեմբերի 14-ից ավտոմաքսազերծումներ են կատարվելու:

- Ինչպես հայտարարել էինք, այսօր առավոտյան ժամը 9-ից արդեն կազմ ու պատրաստ էստեղ սպասել ենք քաղաքացիներին: Արդեն 100-ից ավելի մեքենա է սպասարկվել: Հոսքը մեր սպասածից քիչ է, - լրագրողներին հայտնում է Շուշանիկ Ներսիսյանն ու հավելում՝ Գյումրիում օրական առանց հերթի կարող են սպասարկել 350-400 մեքենա: Սկզբնական փուլում Գյումրիում մաքսազերծվելու են միայն Ճապոնիայից և Վրաստանից ոչ կոնտեյներներով ներմուծված մեքենաները:

- Որպեսզի սահուն լինի մաքսազերծման տեղափոխումը Գյումրի, որոշեցինք, փուլ առ փուլ իրականացնել: Հասկանանք հոսքը որքանով է կառավարելի: Եվ շատ կարճ ժամանակ հետո արդեն մնացած ավտոմեքենաները ևս կտեղափոխենք Գյումրի:

Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի, Գյումրիում ավտոմեքենա մաքսազերծելու համար, առաջին օրը կուտակումներ եղել են առավոտ վաղ, ինչը բնականոն երևույթ է որակում: Միայն 70-75 մեքենա մաքսազերծվել է մաքսատունը բացվելուց մեկուկես ժամվա ընթացքում:

- Արագ սպասարկումը կապված է նրա հետ, որ ունենք նոր վերապատրաստված կադրեր, թարմ ուժեր, բավականին շատ աշխատակիցներ: Երեք բաժնն էլ ամբողջությամբ համալրված է, դեռ մի բան էլ ավել, որպեսզի քաղաքացին Գյումրի հասնելով՝ էստեղ ժամանակ չվատնի, - Շուշանիկ Ներսիսյանը նաև հավելում է՝ հյուսիսային մաքսատուն-վարչությունը համալրվել է 30-33 աշխատողով, որից միայն 2-ն են Երևանից, կադրային բազան համալրել են տեղացիները:

Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի, արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի բացման հետ միասին բոլոր ավտոտրանսպորտային միջոցները մաքսազերծվելու են միայն Գյումրիում և փակվելու է Նորագավիթի ավտոմաքսատունը. -Մեքենաները չեն մաքսազերծվելու հանրապետության մաքսատներում, բացառություն է լինելու Սիսիանը՝ հարավային սահմանով մտած տրանսպորտային միջոցների համար:
Հյուսիսային մաքսատուն-վարչության պետի տեղակալ Նարեկ Գևորգյանն էլ նշում է, թե մեքենայի մաքսազերծումը քաղաքացուց խլում է մոտ 20 րոպե: Նույնիսկ վճարումները կատարելու համար ստիպված չեն լինելու հասնել բանկ, հենց մաքսատան շենքում գործում է բանկի մասնաճյուղ:

Ավտոներկրող Խաչատուր Մելիքյանը նշում է՝ Երևանում ստիպված է եղել օրերով հերթ կանգնել մեքենաները մաքսազերծելու համար: Իմանալով, որ այսօրվանից Գյումրիում ևս կարող է նույն գործընթացն իրականացնել՝ հասել էր հանրապետության հյուսիս.

- Մաքսատանը էն կարգի հերթ էր, որ ավտոները ռաժոկով էին մտցնում-հանում: Իսկ էսօր մաքսազերծման վերջին օրն էր, եթե չանեյի կընկնեի տուգանքի տակ: Էկա էստեղ, հերթ էլ չկա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: