Հայերեն   English   Русский  

​Անցնող շաբաթն աշխարհում


  
դիտումներ: 758

Անցնող շաբաթը նշանավորվեց ողբերգական իրադարձությամբ, որը վերստին տագնապի ալիք առաջացրեց աշխարհում: Սիրիան կրկին հայտնվեց կրակի մեջ:

Թուրքիան վաղուց էր հայտարարում Սիրիայի քրդերի դեմ պատրաստվող ռազմական գործողության մասին՝ սպասելով ամերիկյան ստորաբաժանումների հեռանալուն: Կիրակի երեկոյան Սպիտակ տունն էլ հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիսում տեղակայված ամերիկյան ստորաբաժանումները կլքեն տարածաշրջանը մինչև թուրքական բանակի գործողությունների մեկնարկը: Փաստորեն Միացյալ Նահանգները ձեռքերը լվաց և անօգնական թողեց տեղի բնակչությանը:

Դոնալդ Թրամփի՝ ամերիկյան ստորաբաժանումները Սիրիայի հյուսիս-արևելից դուրս բերելու որոշումը հունից հանեց ոչ միայն Եվրոպային, այլև ամերիկացիներին: Նույնիսկ Թրամփին հավատարիմ հանրապետականները քննադատեցին այդ որոշումը և սպառնացին օրենք ընդունել, որը կարգելի նախագահին դուրս բերել զորքերը Սիրիայից: Օրենք, որը կողմանկիցների մեծամասնություն ունենալու մեծ հավանականություն ունի:

Եվ եթե Թրամփը սկզբում ասում էր, որ կկատարի իր նախընտրական խոստումը, այն է՝ դադարեցնել ամերիկացիների մասնակցությունը օտարերկրյա կոնֆլիկտներին և զինվորներին տուն վերդարձնել, դրանից հետո բավական մարտական հայտարարություն արեց: «Եթե Թուրքիան ինչ-որ բան անի, որը ես, իմ մեծ և բացառիկ խոհեմությամբ հանդերձ, անթույլատրելի կհամարեմ, ապա իսպառ կոչնչացնեմ և կավերեմ Թուրքիայի տնտեսությունը (ինչպես որ արել եմ նախկինում)»,- հայտարարեց նա:

Այնուհետև Պենտագոնը շեշտեց, որ ոչ մի կերպ չի աջակցում թուրքական ռազմական գործողությանը: Սպիտակ տունն էլ հայտարարեց, որ իրականում զորքերի դուրսբերում տեղի չի ունեցել, ուղղակի 50 հատուկջոկատային տեղափոխվել է առաջիկա գործողության շրջանից Սիրիայի ուրիշ շրջաններ: Ընդհանուր հաշվով Սիրիայում մոտ հազար ամերիկացի զինվոր էր գտնվում:

Երկուշաբթի երեկոյան Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, չնայած Թրամփի զգուշացումներին, հայտարարեց, որ «Խաղաղության ակունք» գործողության նախապատրաստությունն ավարտված է, և կրկին պնդեց, որ Թուրքիայի նպատակը հարավային սահմանին ահաբեկչական միջանցքը վերացնելն է և տարածաշրջանում խաղաղություն ու հանդարտություն հաստատելը:

Հոկտեմբերի 9-ին սկսվեց թուրքական ռազմարշավը դեպի Սիրայի հյուսիս-արևելք, թուրքական օդուժը սկսեց ռմբակոծել Սիրիայի տարածքը:

Թուրքիայի սանձազերծած պատերազմը դատապարտեցին Եվրամիությունը և արաբական երկրները։ Թուրքիայի նախագահ Էրդողանը, հավատարիմ մնալով իրեն, պատասխանեց շանտաժով, թե իրենց գործողությունը ապօրինի ներխուժում ճանաչելու դեպքում Թուրքիան կբացի Եվրամիության երկրների հետ սահմանային անցումները` թույլատրելով ավելի քան 3 միլիոն սիրիացի փախստականների մուտքը դեպի Եվրոպա: Միաժամանակ կոպիտ քննադատության ենթարկեց Եգիպտոսին՝ այդ երկրի նախագահին անվանելով «մարդասպան, որը ոչնչացրել է երկրում ժողովրդավարությունը», իսկ Սաուդյան Արաբիային մեղադրեց Եմենում խաղաղ բնակիչների մահվան համար:

Եվ մինչ բազմաթիվ երկրների ղեկավարներ կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները, Թուրքիայի զինուժի կողմից Սիրիայի հյուսիսային շրջաններ հարձակումները շարունակվում են, որոնց հետևանքով կան զոհեր և վիրավորներ ու փախստականների նոր քարավաններ։ Սիրիայի սահմանամերձ շրջանների հազարավոր բնակիչներ հապճեպ լքում են մարտական գործողությունների շրջանները: Գրոհների աշխարհագրությունը հետզհետե ընդլայնվում է:

Քրդական զինյալները վճռական դեր էին խաղում ահաբեկչական «Իսլամական պետության» խմբավորումների դեմ պայքարում և մինչ օրս գերության մեջ են պահում հազարավոր ահաբեկիչների: Այժմ, երբ քրդերի ուշադրությունն ուղղված է թուրքական զինվորականների գործողություններին, ԻՊ-ի գերիների համար ճամբարներից փախչելու, զինված պայքարը Սիրիայում վերսկսելու կամ Եվրոպա թափանցելու հնարավորություն է բացվում:

Այս ամենը կարող է այնքան ապակայունացնել ողջ տարածաշրջանը, որտեղ իրենց շահերն են պաշտպանում բազմաթիվ երկրներ և կառավարություններ, որ պատերազմի դադարեցումը անհնարին դառնա:

Համենայն դեպս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները հոկտեմբերի 10-ին կայացած դռնփակ նիստում չկարողացան համաձայնության գալ թուրքական գործողությունների վերաբերյալ համատեղ հայտարարություն տալու հարցում: Նիստի ընթացքում տեսակետներն այնքան են տարբեր եղել, որ միասնական տեքստի ընդունումը դարձել է անհնար: Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները, մասնավորապես, համաձայն չեն եղել հայտարարության մեջ տեղ գտած «դատապարտում» բառի հետ: Նրանք նախընտրել են մեղմ դիրքորոշումը, Միացյալ Նահանգների ներկայացուցիչը հիշեցրել է, որ Վաշինգտոնը որևէ կերպ չի խրախուսել Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայում, իսկ ռուսական կողմից անհրաժեշտ են համարել հորդորել, որ բոլոր կողմերը զսպվածություն դրսևորեն։ Քաղաքացիական անմեղ բնակչության տառապանքների խորապատկերում քաղաքական գործիչների այս բառախաղային սեթևեթանքը, անշուշտ, ծիծաղելի կթվար, եթե այսքան դառնացնող և հուսահատեցնող չլիներ:

Անցած հանգստյան օրերին քրդական խմբավորումները պայմանավորվել են Դամասկոսի հետ Սիրիայի և Թուրքիայի սահմանին սիրիական կառավարական զորքեր տեղակայել, որպեսզի օգնեն քրդերին թուրքական կողմից հարձակումները հետ շպրտելու համար: Հայտնի դարձավ, որ սիրիական զորքերն արդեն շարժվում են դեպի հյուսիս:

CNN-ի տեղեկացմամբ, այն մասին, որ քրդերը մտադիր են պաշտպանություն խնդրել Սիրիայի և Ռուսաստանի իշխանություններից, հայտնել է քուրդ գեներալներից մեկը միջազգային կոալիցիայում ԱՄՆ հատուկ ներկայացուցչի հետ զրույցում:

Երեկ՝ կիրակի, Միացյալ Նահանգները հայտարարեց Սիրիայում մնացած զորքերի լիակատար դուրսբերման մասին: Իսկ New York Times թերթը նշեց, որ քրդերի և Դամասկոսի գործարքը բեկում է նշանավորում սիրիական հակամարտությունում:

Շաբաթվա սկզբին Ստոկհոլմում մեկնարկեց 118-րդ Նոբելյան շաբաթը: Շաբաթվա ընթացքում շնորհվեցին տարվա Նոբելյան մրցանակները բժշկության և ֆիզիոլոգիայի, ֆիզիկայի, քիմիայի, գրականության բնագավառներում: Ինչպես ամեն տարի, իհարկե, բոլորն անհամբերությամբ սպասում էին Խաղաղության մրցանակին: Եվ այն շնորհվեց Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդին խաղաղության հաստատման ջանքերի և միջազգային համագործակցության մեջ ունեցած ավանդի համար։ Ինչպես հայտարարեց Նոբելյան կոմիտեի նախագահ Բերիթ Ռայս-Անդերսենը, նա պարգևատրվել է Էրիթրեայի հետ սահմանամերձ հակամարտության լուծման նախաձեռնության համար։

Անցած շաբաթը նշանավորվեց նաև բնապահպանների ցույցերի հուժկու ալիքով, այն էլ միանգամից տասնյակ երկրներում:

Բնապահպանների ցույցերը տեղի ունեցան հոկտեմբերի 7-ին աշխարհի 60 խոշոր քաղաքներում, այդ թվում և Փարիզում, Լոնդոնում, Ամստերդամում, Բեռլինում, Վանկուվերում: Ցուցարարների հիմնական պահանջը իշխանություններից անհապաղ պայքար սկսելն է կլիմայի փոփոխության դեմ: Մի շարք քաղաքներում ցուցարարները բերման են ենթարկվել փողոցներ և կամուրջներ փակելու փորձերի, ինչպես նաև չհամաձայնեցված հանրահավաքներին ու ցույցերին մասնակցելու համար: Միայն Լոնդոնում երկու օրվա ընթացքում ձերբակալված բնապահպաններիի թիվը հասել էր 470-ի:

Անցած շաբաթ տևական ասուլիս անցկացնելու առումով Նիկոլ Փաշինյանի դափնիները խլեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նրա մամլո մարաթոնը տևեց ավելի քան 14 ժամ, պատասխան տրվեց 300 լրագրողների 500 հարցի: Սա նրա առաջին պաշտոնական ծավալուն մամուլի ասուլիսն էր: Զելենսկին նշել է, որ հարցերին անկեղծ է պատասխանել, սակայն շատերին հավանաբար ոչ այնպես, ինչպես ոմանք կցանկանային:

Անցած շաբաթ՝ հինգշաբթի, հանդիպեցին Բրիտանիայի և Իռլանդիայի վարչապետներ Բորիս Ջոնսոնը և Լեո Վարադկարը և խաղաղ բաժանվեցին: Բրիտանական բոլոր պարբերականների ուշադրությունը սևեռված էր այդ հանդիպմանը, քանի որ քննարկվում էր բրեքսիտի կապակցությամբ Լոնդոնի և Բրյուսելի գործարքի կնքման հնարավորությունը: Ուշագրավ էր ի դեպ, որ նրանք հանդիպեցին հարսանյաց դահլիճում: Սակայն, ինչպես նկատեց Times-ը, խոսքը բնավ քաղաքական ամուսնության մասին չէր, այլ ավելի շուտ բրեքսիտի հարցով նրանց դիրքորոշումների անսպասելի մերձեցման մասին: Մինչ այդ թվում էր, որ Լոնդոնի և Դուբլինի հարաբերությունները չափազանց հեռու են տանելի լինելուց: Երկու կողմերը մեղադրում էին միմյանց խոստումները խախտելու մեջ: Եթե Բրյուսելն ընդունի Իռլանդիայի զեկույցը հանդիպման արդյունքների մասին, ապա Ջոնսոնին կհաջողվի կնքել բաժանության մասին համաձայնագիրը: Մինչ այդ շատ քչերն էին հավատում նման հնարավորությանը:

Վերջապես, անցած շաբաթ շարունակվեց Դոնալդ Թրամփի իմփիչմենթի նախաձեռնության գործընթացը: Իրար հետևից հարցաքննվում են բարձրաստիճան պաշտոնյաներ ու արտաքին քաղաքականության առանցքային դեմքեր, փորփրում են նրանց նամակագրությունը, ի հայտ են գալիս նոր անանուն վկաներ: Եվ Թրամփի նյարդերը ժամանակ առ ժամանակ տեղի են տալիս:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: