Հայերեն   English   Русский  

«Արարատ. Սրբազան լեռը» ` Հայաստանի Ազգային պատկերասրահում


  
դիտումներ: 605

Հայաստանի Ազգային պատկերասրահում հոկտեմբերի 15-ին բացվելու է «Արարատ. Սրբազան լեռը» խորագրով ցուցահանդես։

Բիբլիական Արարատը, որպես հայ ժողովրդի ինքնության և հայրենիքի խորհրդանիշ, իր արտացոլումն է գտել հայ արվեստում` գրականության, երաժշտության մեջ և, հատկապես, կերպարվեստում:

Ազգային պատկերասրահից հայտնում են, որ «Արարատ. Սրբազան լեռը» այս բացառիկ ցուցահանդեսում ընդգրկված են հայ դասական և ժամանակակից նկարիչներ Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Գեորգի Յակուլովի, Եղիշե Թադևոսյանի, Ստեփան Աղաջանյանի, Սեդրակ Առաքելյանի, Փանոս Թերլեմեզյանի, Հովհաննես Զարդարյանի, Պետրոս Կոնտուրաջյանի, Գրիգոր Խանջյանի, Սեյրան Խաթլամաջյանի, Ռուբեն Գրիգորյանի և այլոց գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքները, որոնց գերակշիռ մասը «զուտ» բնանկար է։

Արարատի ու Արարատյան դաշտի նույն մոտիվի ընդհանրությամբ հանդերձ յուրաքանչյուր արվեստագետի կտավում բիբլիական լեռը ներկայանում է յուրովի՝ արտահայտելով հեղինակի անհատական ընկալումներն ու ապրումները, ծնում է ազգային ոգու, հայրենիքի նկատմամբ սիրո ու հպարտության նվիրական զգացումներ, որոնք սնել ու դաստիարակել են բազում սերունդներ։

Մասիսը, որպես մարդկության բնօրրան, հառնում է նախաստեղծ վեհությամբ (Հովհ. Այվազովսկի,«Նոյն իջնում է Արարատից», 1889, Գ. Բաշինջաղյան, «Արարատ», 1912, Հ. Զարդարյան, «Արարատ», 1968), մի շարք նկարներում, որպես հայրենիքի հավաքական կերպարի կարևորագույն բաղկացուցիչ, ամբողջացնում է բնության գեղեցկությունը (Մ. Սարյան, «Արարատ», 1929, Գ. Յակուլով, «Հայաստան», մոտ. 1927, Ե. Թադևոսյան, «Արարատ», 1914, Փ. Թերլեմեզյան, «Մասիսը աշնանը», 1922, Ս. Խաթլամաջյան, «Արարատ», 1985), որոշ կտավներում ներկայանում է որպես անցյալի ու ներկայի կապի դարավոր վկա (Ստ. Աղաջանյան, «Երևանը Արարատի ֆոնի վրա գարնանը», 1923, Գ. Գյուրջյան, «Արարատը մայրամուտին», 1961, Վ. Կարապետյան, «Խոր Վիրապը և Փոքր Արարատը», 1968)։ Արարատի պատկերը տեղ է գտել նաև մի շարք թեմատիկ հորինվածքներում և դիմանկարներում. արտահայտում է հայրենի հողի և այն շենացնող մարդու ներդաշնությունը (Հովհ. Զարդարյան, «Սովխոզի աշխատող Արաքս Պողոսյանի դիմանկարը», 1953, Պ. Կոնտուրաջյան, «Վերադարձ հայրենիք», 1953), երբեմն՝ մարմնավորում է արհավիրքներին դիմակայելու ու գոյատևելու անկոտրում ոգին և հայրենիքի ապագայի տեսիլը (Գ. Խանջյան, «Մահվան վիհից դեպի կյանքի ափ եմ գալիս», Գ. Էմինի «Սասունցիների պարը» պոեմի նկարազարդում, 1975, Մ. Պետրոսյան, «Արարատի ստորոտում», 1985, Ռ. Գրիգորյան, «Խնդիրներ», 1987)։

«Նոյն իջնում է Արարատից», Հովհաննես Այվազովսկին պատկերել է Հին կտակարանից հատված, երբ Նոյը Համաշխարհային ջրհեղեղից հետո իջնում է Արարատ սարից։ Սարից նրա հետ իջնում են նրա որդիները, իր կինը, որդիների կանայք և բազմաթիվ կենդանիներ, որոնք փրկվել էին Նոյի կառուցած տապանի շնորհիվ։

Սյուժեն Աստվածաշնչյան պատմություն է։ Նոյն իր ժամանակի միակ արդար և աստվածապաշտ մարդն էր: Այդ պատճառով, երբ Աստված վճռեց ջրհեղեղով պատժել մարդկանց, Նոյին պատվիրեց մի տապան շինել և վերցնելով իր ընտանիքը, ինչպես նաև բոլոր տեսակի կենդանիներից՝ մտնել նրա մեջ՝ աշխարհակործան պատուհասից փրկվելու համար: Երբ ջուրն սկսում է կամաց-կամաց հետ քաշվել, Նոյի տապանը հանգրվանում է Արարատ լեռան վրա։ Ջրհեղեղի դադարից հետո Նոյը զոհասեղան է պատրաստում Արարատ լեռան վրա և գոհության պատարագ-ողջակեզ մատուցում Աստծուն, և դրանից հետո իր ընտանիքի և կենդանիների հետ իջնում Արարատից։

Այս իջնելու պահն է պատկերել Հովհաննես Այվազովսկին։

Հատկապես վերջին շրջանում «Ararat Challenge» նախագծի շնորհիվ Արարատի շուրջ ծավալվել է մեծ հետաքրքրություն։ Ցուցահանդեսը հանրության լայն շրջանակներին ներկայացնում է հայ արվեստի նշանավոր վարպետների այն ստեղծագործությունները, որոնք անանց արժեքներ են թե՛ ինքնին և թե՛ որպես ինքնաճանաչման ու հայրենասիրության վառ օրինակներ։

Ցուցահանդեսը կգործի մի ամիս։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: