Հայերեն   English   Русский  

Ինչու՞ Հայաստանի իշխանությունների մասնակցությունը զգալի չէր Արցախի բարեկամների համաժողովին. Կիրո Մանոյանն ամփոփեց համաժողովը


  
դիտումներ: 128

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը անդրադարձավ Արցախի բարեկամների «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովին:

Նա նշեց, որ համաժողովի շրջանակներում 30 երկրից 150 պատվիրակ Արցախի պետական կառույցների հետ հանդիպումներ ունեցան, շփվեցին ժողովրդի հետ, շրջեցին երկրով, ոմանք եղան առաջնագծում:

«Հռչակագիրը, որ որդեգրվեց, ազդարարում է, որ ձևավորվում է «Պրո Արցախ»՝ Արցախի բարեկամների ցանց, որին մաս կկազմեն և՛ այս համաժողովի մասնակիցները, և՛ մարդիկ, ովքեր Արցախի նկատմամբ դրական կեցվածք են դրսևորել, բայց ինչ-ինչ պատճառներով չկարողացան մասնակցել այս համաժողովին: Մասնակիցները շատ տարբեր մշակույթներ կրող մարդիկ էին, լրիվ տարբեր քաղաքական միջավայրերից եկած մարդիկ, 29-ը՝ Հայ դատի հանձնախմբերի, Հայ դատի գրասենյակների ներկայացուցիչներ, որ ընկերակցել են ոչ հայազգի Արցախի բարեկամներին, եղել են նաև տարբեր երկրների՝ օրինակ, Ֆրանսիայի, Կանադայի, ԱՄՆ-ի՝ ընտրված պաշտոնյաներ, ազգությամբ՝ հայ»,- ասաց նա:

Մանոյանը կարևորեց Իրաքից եկած պատվիրակության մասնակությունը:

«Իրաքում դեռ չկար Արցախի բարեկամների շրջանակ, բայց, փաստորեն, այս մարդկանց մասնակցությունը դրա նախադրյալները կհաստատի, և ուրեմն, պետք չէ զարմանալ, որ մենք շուտով Իրաքում էլ կունենանք Արցախի բարեկամների շրջանակ»,- նշեց Մանոյանը:

Մանոյանը ասուլիսի ընթացքում նշեց, որ եղել են երկրներ, որտեղից նախատեսվում էր ներկայացուցիչներ ունենալ համաժողովին, սակայն ինչ-ինչ պատճառներով մասնակցությունը չեղարկվել է:

«Կանադայից դաշնակցային-ֆեդերալ մակարդակի ներկայացուցիչներ չեն եղել, քանի որ այնտեղ եկող շաբաթ տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, բայց եկել էին նահանգային իշխանության, Տորոնտոյի և Մոնրեալի քաղաքապետարանների ներկայացուցիչները: ԱՄՆ-ից եղել են նահանգների և քաղաքների ներկայացուցիչներ, ֆեդերալ մակարդակի ներկայացուցիչ չի եկել, որովհետև համաժողովից մի քանի օր առաջ արդեն երեք կոնգրեսական մասնակցել են որոշ միջոցառումների և հանդիպումների հենց Արցախում և ԱՄՆ-ի ութը կոնգրեսականներ տեսապատգամ էին ուղարկել Արցախի բարեկամների համաժողովին: Ավստրալիայից ներկայացուցիչ չի եղել կրկին նույն պատճառով, որովհետև նախորդող տասն օրերի ընթացքում բավական մեծ պատվիրակությամբ և՛ Ավստալիայի ֆեդերալ, և՛ նահանգային, և՛ տեղական մակարդակի ներկայացուցիչները հյուրընկալվել են Հայաստանի հանրապետության և Արցախի հանրապետության իշխանությունների կողմից. նրանք ևս ուղարկել էին տեսապատգամներ:

Բավական մեծ թվով ներկայացուցիչներ են եղել Լատինական Ամերիկայից՝ Կոստա-Ռիկայից, Չիլիից, Ուրուգվայից, Կոլումբիայից, Պարագվայից:

Ամենամեծ պատվիրակությունները Բելգայից և Ֆրանսիայից են եղել, քանի որ Բրյուսելում, գործում է Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակը, իսկ Ֆրանսիայի հայկական համայնքն ունի մեծաթիվ ներկայություն, նաև այնտեղ Արցախի ներկայացուցիչներն են ակտիվ գործում:

Իսկապես բավական լայն և մեծ էր շրջանակը, մնում է շարունակել աշխատանքը այդ ցանցն ակտիվ պահելու և հնարավորինս ընդարձակելու համար: Այդ մասին էլ հանդիպում կայացավ Արցախի հանրապետության ԱԳՆ-ի հետ, ճշտվեցին, թե ինչպես պիտի աշխատենք, և աշխատանքն արդեն իսկ շարունակվում է»,- ասաց Կիրո Մանոյանը:

Թեպետ համաժողովի համար միայն մեկ օր է եղել նախատեսված, սակայն համաժողովի մասնակիցները երկու-երեք օրվա հագեցած ծրագիր են ունեցել, այդ թվում և՝ մասնակցել են Բերքի տոնին:

«Մոտ 500 տաղավար էր, և դրսից եկածներն անմիջական շփումների հնարավորություն ունեին տեղի բնակչության հետ, ինչը շատ դրական էր: Նաև՝ տարբեր-տարբեր հանդիպումներ տեղի ունեցան դրսի համայնքների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև, որոնց միջև կային համագործակցության հռչակագրեր և պայմանագրեր: Այն խորհրդարաններից, որտեղ կան Արցախի բարեկամության խմբակցություններ, շրջանակներ, հանդիպումներ ունեցան Արցախի խորհրդարանի իրենց գործընկերների հետ, հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, Ազգայի ժողովի տարբեր խմբակցությունների և ԱԳՆ-ի հետ»,- ասաց նա:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու Հայաստանի իշխանությունների մասնակցությունը զգալի չէր՝ Կիրո Մանոյանն ասաց. «Հայաստանի իշխանություններից ներկա էր Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Շատ հրավերներ չէին եղել, բայց հրավեր եղել էր ԱԳ նախարարին, փոխարտգործնախարարին, ԱԺ նախագահին, խմբակցություններին: Ինչքան հասկացա՝ զուտ տեխնիկական պատճառով՝ նամակը ուշ են ստացել, չգիտեմ ինչ-որ նման բան, բայց ամեն դեպքում, կարծում եմ դա համաժողովի թերություններից մեկն էր, որ Հայաստանի ԱԺ-ից ներկայացուցչություն չկար: Կար ներկայացուցիչ նաև Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից, քանի որ հանձնակատարն էլ հրավիրվել էր:

Հրավիրվել էր նաև Երևանի քաղաքապետը, բայց այնտեղից էլ ներկայացուցիչ չկար: Մի քիչ անհասկանալի է: Ամեն դեպքում համաժողովից առաջ իմացել են, որ կա նման միջոցառում, բայց ներկա չեն եղել: Չեմ ուզում հատուկ վերագրել քաղաքական նկատառումների, բայց բացթողումն իրենց կողմից ևս ինչ-որ բան է ասում»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: