Հայերեն   English   Русский  

Խորենացի 213 հասցեի բնակիչները կարող են կրկին անօթևան դառնալ. Ի՞նչ լուծում է առաջարկում Պետական գույքի կառավարման վարչությունը


  
դիտումներ: 175

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության շենքի առաջ բողոքի ակցիա էին անցկացնում Խորենացի 213 հասցեում գտնվող շենքի բնակիչները:

Նրանք արդեն 20 տարուց ավելի ապրում են այս հասցեում, բայց այժմ կանգնած են լուրջ խնդրի առաջ: Մի քանի ամիս առաջ բնակիչները իմացել են, որ տարածքը վաճառվել է «Վենեցիա» հյուրանոցի տնօրինությանը և սեփականատերերն էլ պատրաստվում են իրենց դուրս հանել:

«Այստեղ բնակվողները կամ անօթևան են, կամ բռնագաղթածներ: Մենք տուն չենք ունեցել, մեզ ժամանակավոր տեղափոխել են այստեղ բնակվելու՝ մինչև մեր ապրելատեղի հարցը լուծվի: Մեզ հիմա Վարդաշեն համայնքում պետք է նոր բնակարաններ տրամադրեն: Այնտեղ հիմա վերանորոգման աշխատանքներ են գնում, սեփականության վկայականներն էլ պատրաստ չեն, որպեսզի տեղափոխվենք: Արդեն 2 օր է կտրել են մեր հոսանքը, զանգումենք ՀԷՑ, ասում են սեփականատերն է նման բան պահանջել»,-մեզ հետ զրույցում ասաց Խորենացի 213 հասցեի բնակիչ Էմիլ Հայրապետյանը:

Ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Սերգո Աթանեսյանը և ասաց, որ խնդրին վաղուց է ծանոթ ու հիմա ամեն ինչ անում են, որ բնակիչները շուտափույթ տեղափոխվեն իրենց բնակարաններ, բայց մինչ այդ, թեև իրենց լիազորությունների մեջ չի մտնում, բայց կապ են հաստատել ՀԷՑ-ի հետ, որպեսզի էլեկտրականության հարցը կարգավորվի:

Աթանեսյանը վստահեցրեց, որ մինչև այս ամսվա վերջ խնդրին հստակ լուծում կտրվի ու քաղաքացիները կտեղափոխվեն նոր բնակարանները։

Սակայն այս բնակարանների հետ ևս խնդիրներ կան: Բնակիչները նշում են, որ դրանք շատ փոքր են:

«Իմ ընտանիքը բաղկացած է 6 հոգուց, բայց ինձ տրամադրումեն ընդամենը 37 քառ.մ տարածք: Ընտանիք կա, որ բաղկացած է 9 հոգուց, իրենց հասնում է ամենամեծ բնակարանը՝ 37 քառ.մ տարածքով: Մենք այս խնդիրը բազմիցս ներկայացրել ենք պատկան մարմիններին, բայց ոչ մի արձագանք»,-ասաց Էմիլ Հայրապետյանը:

Ակցիայի մասնակիցները հիմա պահանջում են, որ սեփականատերերը թույլ տան նոռմալ պայմաններով մի քանի շաբաթ ևս ապրել այդ տարածքում, մինչև կտեղափոխվեն իրենց համար կառուցված բնակարաններ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: