Հայերեն   English   Русский  

​Գողը 32 վայրկյանում թռցրել է Սալվադոր Դալիի նկարը


  
դիտումներ: 202

Նշանավոր իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի «Այրվող ընձուղտը» նկարը գողը կարողացել է տանել պատկերասրահից կես րոպեից քիչ ավելի ժամանակում:

Սալվադոր Դալին նույն անվանումով մի քանի նկար ունի: Այժմ գողացված «Այրվող ընձուղտը» 50 х 60 սմ չափսի գունավոր օֆորտ է: Այն ցուցադրվել է Սան Ֆրանցիսկոյի պատկերասրահում և Սալվադոր Դալիի հատուկ ցուցահանդեսի կենտրոնական ցուցանմուշն է եղել:

գողության տեսագրությունը

Տեսախցիկները գրանցել են, թե ինչպես է օրը ցերեկով պատկերասրահ մտել շորտեր և շապիկ հագած մարդը՝ սպորային կեպիով և պարանոցից կախված սուլիչով: Հաջորդ կադրերում, 32 վայրկյան անց, նա անշտապ հեռանում է պատկերասրահից Դալիի օֆորտը ձեռքին:

Ենթադրվում է, որ գողը հանցակից է ունեցել:

Օֆորտը ցուցադրվել է սրահի կենտրոնում նկարակալի վրա դրված և պետք է պարանով ամրացված լիներ, սակայն կողոպուտի պահին պարանն արդեն չի եղել: Դեռևս անհայտ է՝ պարանը վերացվել է գողությունից առա՞ջ, թե գողը կտրել է այն և տարել նկարի հետ:

Վերջին անգամ Դալիի աշխատանք են գողացել 7 տարի առաջ: 2012 թ. Նյու Յորքի պատկերասրահից գողացան «Դոն Խուան Տենորիոյի դիմանկարը», սակայն մի շաբաթ անց այն անվնաս փոստով հետ ուղարկեցին: Ուղարկողը հետադարձ կեղծ եվրոպական հասցե էր նշել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: