Հայերեն   English   Русский  

Ո՞ր դեպքում Գինոսյանը կընդունի Հայաստանում հանք շահագործելը


  
դիտումներ: 791

Հանրային խորհրդում այսօր կրկին քննարկվել է Ամուլսարի հարցը։ Խորհրդի կազմում ձևավորվել է աշխատանքային խումբ, որը, սակայն, դեռևս պետք է համալրվի անկախ փորձագետներով ու ոլորտի մասնագետներով։

Անկախ-ի տեղեկություններով՝ աշխատանքային խումբը պետք է ուսումնասիրի բոլոր կողմերի տեսակետները, առկա փաստարկներն ու հակափաստարկները, որպեսզի կարողանա Հանրային խորհուրդ ներկայացնել ոչ թե էմոցիաներ, այլ հստակ փաստեր պարունակող եզրակացություն։ Հենց դա էլ պետք է հիմք դառնա Ամուլսարի հարցում Հանրային խորհրդի դիրքորոշման համար։

Մեզ հետ զրույցում Հանրային խորհրդի անդամ Գագիկ Գինոսյանն ասաց, որ նիստի ընթացքում քննարկվել է ոչ միայն Ամուլսարի, այլև առհասարակ հանքարդյունաբերության խնդիրը, որը Հայաստանի համար լուրջ մարտահրավեր է։

«Ասեցի ու էլի եմ կրկնում՝ Հայաստանի բոլոր հանքերն իրենց պոչամբարներով թարախաբշտիկներ են Հայաստանի համար։ Փոխանակ եղած չիբանները վերացնելու, մենք հնարավորություն ենք տալիս նոր չիբան ստեղծելու։ Ես մասնագետ չեմ, բայց եղած փորձառությունը, ինչպես նաև Հայաստանի աշխարհագրական մանրությունը հաշվի առնելով՝ գտնում եմ, որ պետք է առհասարակ հրաժարվել հանքարդյունաբերությունից։ Այս հարցը պետք է ֆունդամենտալ ձևով լուծվի։ Իսկ եղած հանքերը կա՛մ պետք է համաշխարհային ստանդարտներին համապատասխանեցվեն, կա՛մ ընդհանրապես փակվեն»։

Գինոսյանի համար զավեշտալի է կառավարության կողմից հնչած միտքը, թե Ամուլսարի հանքի շահագործման ռիսկերը կառավարելի են։

«Ռիսկ և կառավարելի բառերը իրար հակասող բառեր են։ Եթե ռիսկ է, արդեն կառավարելի չէ, և եթե կառավարելի է, արդեն ռիսկ չէ։ Բացի այդ, եղած փորձառությունն էլ վկայում է, որ ռիսկերը կառավարելի չեն։ Այսինքն, նման բառախաղերով փորձել ինչ-որ բան առաջ տանել չի ստացվի»։

Գինոսյանը գտնում է, որ Հայաստանում կարելի է հանք շահագործել միայն մի դեպքում, այն էլ ծայրահեղ․ եթե դա արվում է պետության կողմից, ռազմարդյունաբերական նպատակներով և անմիջականորեն կապված է Հայաստանի անվտանգության հետ։

«Մնացած բոլոր դեպքերում, ակնհայտ է, որ նման փոքր տարածքում հանք շահագործելը չափազանց սխալ է։ Իսկ եղածները, ինչպես արդեն նշեցի, պետք է փակվեն կամ գոնե շահագործվեն միջազգային ստանդարտներով, առավել ևս, որ Հայաստանի բյուջեի համար հանքարդյունաբերության «օգուտը» ծիծաղելի, չնչին տոկոսներ է կազմում։ Այդ դեպքում ո՞րն է ռիսկի գնալու իմաստը, ինչ-որ մեկը հարստանա, իսկ երկիրը տուժի և լուրջ խնդիրների առա՞ջ կանգնի։ Սա ուղղակի անթույլատրելի է»,-նշեց Գագիկ Գինոսյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: