Հայերեն   English   Русский  

Ավարտվեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը


  
դիտումներ: 164

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիևն ավարտվեց։ Այսօր՝ հոկտեմբերի 15-ին կայացավ ծրագրի փակման միջոցառումը և «ՔՀԿ-Կառավարություն կառուցողական երկխոսություն» համաժողովը։

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը: «Եվրամիության տեսանկյունից մենք կարևորեցինք այս ծրագրի աջակցությունը, որովհետև հատկորոշեցինք այն կարիքը, որը կար և մինչ օրս կա Հայաստանում՝ մասնավորապես քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և իշխանությունների միջև կապի հաստատման առումով, ինչպես նաև ռազմավարական ծրագրերի մշակման փուլում նրանց մասնակցությունն ապահովելու և նրանց կողմից մշտադիտարկման գործողություններ իրականացնելու առումով։ Սա նշանակում է, որ Եվրամիության համար լավ կառավարման սկզբունքը ներառում է նաև ոչ պետական իշխանությունների դերակատարներին»,-նշեց նա։ Գրեգորի Ցուրիսի խոսքով, Եվրամիությունն այս ծրագրի հաջողությունը գնահատում է ներկայացված առաջարկությունների քանակով, որոնք ստեղծվեն են ԿԵՀ ծրագրի շրջանակներում և որոնք իրենց տեղը կգտնեն ոլորտային և Հայաստանի փոխակերպման ռազմավարության մշակման գործընթացում։

«Այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ։ Այսօր հավաքվել ենք, որպեսզի ներկայացնենք ծրագրի արդյունքներն ու մտածենք մեր ապագա գործողությունների մասին»,-ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավարԿարեն Զադոյանը։ Նա նաև ներկայացրեց ողջ ծրագրի ընթացքը, դրա նպատակը, կատարված աշխատանքները, հանդիպած աշխատանքային դժվարություններն ու գրանցած արդյունքները։

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հույս հայտնեց, որ անկախ ծրագրի պաշտոնական փակմանը՝ գործընթացը չի կանգնի, քանի որ այն շատ կարևոր է։ «Այն շահագրգիռ համագործակցությունը, որը ֆինանսների նախարարությունն ունի այս ծրագրում ներգրավված ՀԿ-ների հետ, հիմնակնում պայմանավորված է նրանով, որ մենք համոզմունք ունենք, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ազդեցությունը պետական քաղաքականությունների վրա նպաստելու է, որպեսզի պետության կողմից իրականցվող գործընթացները, մասնավորապես բյուջետային գործընթացները, լինեն ավելի ներառական, ավելի հասցեկան և միջոցների կառավարումը լինի ավելի թափանցիկ և արդյունավետ»,-նշեց փոխնախարարը։

«Այս միջոցառումը չէի ցանկանա տեսնել որպես ավարտ, կցանկանայի այն վերաիմաստավորել որպես երկարատև համագործակցության ու բարեկամության հնարավորություն։ Կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին, ովքեր այս տևական ժամանակահատվածում համագործակցել են մեր ընկերության հետ»,-նշեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կոնսորցիումի անդամ չեխական «ԱԳՈՐԱ Սենթրլ Յուրոփ» ՀԿ ներկայացուցիչ Միրոսլավա Վիտասկովան։

Ողջույնի խոսք ասաց նաև Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, ով ՀԿ դաշտից է գնացել պետական ծառայության։ «Պետք է նշեմ, որ այս երկու տարիների ընթացքում, ինչքան որ կա Կրթության տեսչական մարմինը, մենք իրավամբ զգացել ենք քաղհասարակության դաշտի թե՛ հանրային վերահսկողական աչքը, թե՛ կառուցողական աջակցությունը»,-ասաց նա։

Նշենք նաև, որ քննարկվեցին Կառավարություն-ՔՀԿ-ներ կառուցողական երկխոսություն հիմնախնդիրները փաստարկված հանրային քաղաքականության, օրենսդրական դաշտի ոլորտներում։

Միջոցառմանը ներկա եղան և ելույթներով հանդես եկան ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ Արման Ղազարյանը, հանրային ֆինանսների փորձագետ Հովհաննես Ավետիսյանը, «Վիննեթ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի համակարգող Ռուզաննա Տոռոզյանը, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ՔՀԿ-կառավարություն երկխոսության համակարգող, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը, Հարկային քաղաքականությունների մշակման և վարչարարության իրականացման ոլորտում ՔՀԿ-ների շահերը պաշտպանող կոալիցիայի ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, փաստաբան Մարատ Ատովմյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: