Հայերեն   English   Русский  

Հոլանդիայում ընտանիք են գտել, որը ինը տարի ապրել է նկուղում՝ սպասելով աշխարհի վերջին


  
դիտումներ: 117

Հոլանդիայի ոստիկանությունը հայտնաբերել է մի ընտանիք, որն առնվազն ինը տարի ապրել է իր տան նկուղում: Նրանց գտել են, երբ ավագ որդին հայտնվել է տեղի բարում:

58-ամյա տղամարդը վեց երեխաների հետ՝ 16-25 տարեկան, ապրել է լիակատար մեկուսացման մեջ Նիդեռլանդների հյուսիսարևելյան Դրենտե երկրամասում գտնվող ագարակում: Այս մասին տեղեկացրել է հոլանդական RTV հեռուստակայանը: Նրանց գտել են, երբ երեխաներից ավագը դուրս է եկել փողոց, գնացել բար և օգնություն խնդրել այդ հաստատության աշխատակցից:

Երիտասարդի արտաքինը և վարվեցողությունն անհանգստացրել են բարի տիրոջը՝ Քրիս Վեստերբեկին: «Նա հինգ գավաթ գարեջուր պատվիրեց և ամբողջությամբ խմեց: Հետո խոսեցի նրա հետ, և նա պատմեց, որ փախել է ու իրեն օգնություն է պետք: Մենք զանգահարեցինք ոստիկանություն»,- ասել է Վեստերբեկը RTV-ի լրագրողներին:

«Նա երկար մազեր ուներ և կեղտոտ մորուք, հնամաշ հագուստով էր և այնպիսի տեսք ուներ, կարծես չի հասկանում, թե ինչ է կատարվում: Նա ասաց, որ երբեք չի սովորել դպրոցում և վարսավիրի չի գնացել ինը տարի»,- շարունակել է բարի տերը:

Վեստերբեկի խոսքով՝ տղամարդը պատմել է, որ ապրել է կրտսեր եղբայրների և քույրերի հետ՝ մեկուսացած ագարակում և գիտակցել է, որ իրենք պետք է դուրս պրծնեն այդտեղից:

Երիտասարդի ցուցումով ոստիկանները տուն են մտել և հյուրսասենյակի պահարանի հետևում հայտնաբերել են նկուղ տանող աստիճանները:

Հարևանները չեն նկատել

Հարևանները չեն նկատելՏունը գտվում է մոտ 3 հազար բնակչություն ունեցող Ռյուներվոլդ գյուղի մոտ, բայց գրեթե չի նկատվում ծառերի հետևում: Ագարակը գյուղից անջատված է, այնտեղ հայտնվելու համար հարկ է անցնել ջրանցքի կամուրջով: Այնտեղ ոչ մեծ տնտեսություն է՝ բանջարանոց և այծ: Հարևաններից մեկի խոսքով՝ նախկինում եղել են նաև շուն և սագեր, սակայն երբեք երեխաներ չի տեսել, միայն մի տղամարդ:

Տեղի փոստատարը նշել է, որ երբեք այնտեղ նամակ չի առաքել: «Իսկապես, հիմա դա ինձ տարօրինակ է թվում»,- խոստովանել է նա տեղի Algemeen Dagblad թերթին: Տեղի պարբերականներից մեկի թղթակիցը գրել է թվիթերում. «Ըստ ամենայնի՝ այստեղ թաքնվել է ընտանիքը՝ սպասելով աշխարհի վերջին: Տունը ջրանցքի մոտ է՝ գյուղից մի քանի կիլոմետր հեռու: Տեղանքի մանրակրկիտ զննում է կատարվում: Մեզ ներս չեն թողնում»:

Ոստիկանները պատասխաններ չունեն

Դրենտեի ոստիկանությունը հաստատել է, որ 58-ամյա տղամարդը հրաժարվել է համագործակցել քննիչների հետ: Նա ձերբակալվել է, և այժմ նախաքննություն է կատարվում:

«Մենք առաջվա պես չունենք շատ հարցերի պատասխանները»,- գրել են ոստիկանները թվիթերում՝ հավելելով, որ հետախույզներն ուսումնասիրում են տեղի ունեցածի հնարավոր վարկածները: Մասնավորապես անհայտ է, թե ինչքան ժամանակ է ընտանիքն ապրել նկուղում և ինչ է պատահել երեխաների մորը: Քաղաքապետի խոսքով՝ կինը մահացել է որոշ ժամանակ առաջ:

Տան և հարակից տարածքի շուրջը ոստիկանական ցանկապատ է անցկացված:

Ըստ այլ տեղեկությունների՝ 58-ամյա տղամարդը ինսուլտ է տարել և գամված է եղել մահճակալին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: