Հայերեն   English   Русский  

Կանադահայ քանդակագործի նոր նվերները Հայաստանին


  
դիտումներ: 486

Կանադահայ բժիշկ-քանդակագործ Մկրտիչ Տարագճյանը կրկին հայրենիքում էր, կրկին՝ առատ նվերներով: Նրա քանդակները համալրեցին հայաստանյան մշակութային օջախներում հանգրվանած այն աշխատանքների շարքը, որոնք քանդակագործն այս տարիներին նվիրել է Հայաստանին:

Մկրտիչ Տարագճյան

Շառլ Ազնավուրի կիսանդրին արդեն մեծ շանսոնիեի երևանյան տուն-թանգարանում է: Տարագճյանը քանդակը պատրաստել էր Ազնավուրի մահից հետո և ուզում էր մինչև մահվան տարելիցը անպայման նվիրել Ազնավուրի երևանյան կենտրոնին:

Քանդակագործը նպատակ ունի նաև քանդակի մեծ տարբերակը պատրաստել և առաջարկել, որպեսզի Մոնրեալի քաղաքային իշխանություններն այն տեղադրեն քաղաքի զբոսայգիներից մեկում:

Հաջորդ նվերը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանինն էր: Երաժշտական թեմայով 4 քանդակ՝ «Սոնատ»-ը, «Մաեստրո»-ն, «Տանգո»-ն և «Բանտոնեոնահար»-ը, հոկտեմբերի 2-ից զարդարում են թանգարանի սփյուռքի սրահում տեղադրված Խաչատրյանի պատմական ռոյալը:

Քանդակներից մեկը՝ «Մաեստրոն», պատահական զուգադիպությամբ կարծես նույնությամբ կրկնօրինակում է ռոյալի թիկունքում, պատին փակցված Խաչատրյանի լուսանկարը՝ դիրիժորական փայտիկը ձեռքին:

Մկրտիչ Տարագճյան

Ամերիկահայ անվանի կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի քանդակն էլ շուտով կտեղադրվի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

Մկրտիչ Տարագճյանի քանդակները մինչ այս արդեն զարդարում էին Սարդարապատի թանգարանը, որտեղ ցուցադրված է քանդակագործի չափազանց տպավորիչ «Սպասելով հատուցման» քանդակը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Կամերային երաժշտության տունը, Չարենցի տուն-թանգարանը, Ժողովրդական արվեստի թանգարանը, Ժամանակակից արվեստի թանգարանը և այլ մշակութային ու կրթական հաստատություններ:

Մկրտիչ Տարագճյան

Քանդակագործի ամենահեղինակավոր քանդակներից մեկը աշխարհահռչակ կանադահայ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի կիսանդրին է, որը 2017 թվականին տեղադրվեց Կանադայի մայրաքաղաք Օտտավայի կենտրոնում՝ ի պատիվ հայ-կանադական 25-ամյա դիվանագիտական հարաբերությունների:

Տարագճյանի «Ընթերցողը» արձանն էլ Մոնրեալի Հանրային գրադարանի առջև է կանգնած, իսկ նախորդ տարի հունիսի 29-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը բացվեց ԱՄՆ-ում Հայաստանի առաջին դեսպան Արմեն Գարոյի (Գարեգին Փաստրմաջյան) կիսանդրին, որի հանդիսավոր բացմանը ներկա էր նաև ՀՀ նախագահը, ամերիկացի և հայ պետական, քաղաքական, հասարակական գործիչներ:

Մկրտիչ Տարագճյանն այժմ աշխատում է Կոմիտասի քանդակի ուղղությամբ: Շուտով այն պատրաստ կլինի և կտեղադրվի Մոնրեալում Հայաստանի անունը կրող պուրակի դիմաց:

Մկրտիչ Տարագճյան

Տարագճյանի քանդակները թե՛ բովանդակային և թե՛ աշխարհագրական առումով բավական ընդգրկուն են, սակայն նրանց բոլորին միավորում է մի կարևոր ընդհանրություն՝ հայկականությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: