Հայերեն   English   Русский  

«Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների փառատոնի հատուկ մրցանակը շնորհվել է Արմեն Սարգսյանին


  
դիտումներ: 95

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 16–ին, հյուրընկալել է «Բարեփոխելով աշխարհը» փառատոնի հիմնադիր, հայտնի պրոդյուսեր և ռեժիսոր, ամերիկյան «Associated Television International» ֆիլմարտադրող ընկերության ղեկավար Դեյվիդ ՄաքՔենզիին և փառատոնի համահիմնադիրների ու կազմակերպիչների խմբին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։

Հյուրերը նախագահին տեղեկացրել են «Ավրորա» ֆորումի շրջանակում Երևանում անցկացվող «Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների անդրանիկ փառատոնի մասին, որը նվիրված է մարդու իրավունքներին և մարդասիրական սկզբունքների պահպանմանն ու զարգացմանը։ Նրանք ներկայացրել են նաև իրենց ապագա ծրագրերը՝ նշելով, որ նախատեսում են փառատոնը կազմակերպել ամեն տարի և դրա միջոցով աշխարհի ուշադրությունը հրավիրել Հայաստանի և, ընդհանրապես, մարդասիրության վրա:

Դեյվիդ ՄաքՔենզին հայտնել է, որ փառատոնի հատուկ մարդասիրական մրցանակը (Humanitarian Award) որոշվել է շնորհել նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանում կառավարության խաղաղ տրանսֆորմացիային մեծապես աջակցելու, ինչպես նաև հումանիտար գործունեության և մարդու իրավունքների պաշտպանության գործում ունեցած ներդրման համար: Նա նախագահ Սարգսյանին է փոխանցել մրցանակի հավաստագիրը:

Նախագահ Սարգսյանը մեծ պատիվ է համարել նման մրցանակի արժանանալը և բարձր գնահատել Դեյվիդ ՄաքՔենզիի ու նրա գործընկերների ներդրումը փառատոնի հիմնադրման և կազմակերպման, մարդասիրության, մարդու իրավունքների պաշտպանության գործում: Նախագահը դրվատանքի խոսքեր է ուղղել հյուրերին՝ իրենց գործունեության մեջ Հայոց ցեղասպանության թեմային անդրադառնալու համար: Վերջիններս նախագահին տեղեկացրել են նաև Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցելու իրենց ծրագրերի մասին՝ մասնավորապես նշելով, որ մտադիր են Հայաստանում կինոյի դպրոց հիմնել, որը հանդես կգա որպես Լոս Անջելեսում գործող դպրոցի գործընկեր կառույց:

Նախագահ Սարգսյանը ողջունել է նրանց մտադրությունը և պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցել Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու նախաձեռնություններին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: