Հայերեն   English   Русский  

​Լիբանանում զանգվածային բողոքի ցույցեր են. պատճառը նոր հարկն է WhatsApp-ի համար


Երկրի հեռահաղորդակցության նախարար Մուհամմեդ Շուքիրը գիշերը հրապարակավ հայտարարել է որոշումը չեղարկելու մասին


  
դիտումներ: 82

Երեկ հազարավոր ցուցարարներ էին դուրս եկել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի փողոցները, որպեսզի անհամաձայնություն հայտնեին Սաադ Հարիրիի կոալիցիոն կառավարության հարկային քաղաքականությանը:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Al Mayadeen հեռուստակայանին, զանգվածային դժգոհության պատճառներից մեկը կառավարության որոշումն էր WhatsApp-ի համար ամսական 6 դոլարի չափով հարկ սահմանելու մասին: Սակայն զանգվածային բողոքի ցույցերի հետևանքով հեռահաղորդակցության նախարար Մուհամմեդ Շուքիրը գիշերը հրապարակավ հայտարարել է որոշումը չեղարկելու մասին:

«Ժողովուրդը ցանկանում է փոխել վարչակարգը»,- վանկարկել են ցուցարարները կառավարության և խորհրդարանի շենքերին հարակից հրապարակում, փակել են կենտրոնական մի քանի փողոցներ, անվադողերով արգելափակել են Բեյրութը երկրի հարավային և հյուսիսային շրջաններին կապող ավտոմայրուղիները, մի շարք տեղերում վրանային ճամբար խփել: Ցուցարարների և իրավապահների միջև ժամանակ առ ժամանակ բախումներ են եղել, վերջիններս արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են օգտագործել: Այդ բախումների հետևանքով տուժած 70 ցուցարարի տեղում օգություն է ցույց տրվել, ևս 23 հոգու տարել են հիվանդանոց:

Առաջադեմ սոցիալիստական կուսակցության նախագահ Վալիդ Ջումբլատը փողոցային ելույթները Բեյրութում և այլ քաղաքներում որակել է «քաղաքացիական ապստամբություն»: Խորհրդարանի պատգամավոր Հուսեյն Հաջ Հասանը կոչ է արել կառավարությանը վերանայել հարկերը՝ հաշվի առնելով բնակչության օրախնդիր շահերը: «Բյուջեի դեֆիցիտի խնդիրը պատրադիր չէ լուծել անապահով շերտերի հաշվին»,- ասել է նա:

ՆԳՆ ղեկավար Ռայա ալ-Հասանը հեռուստատեսությամբ հայտարարել է, որ իրավիճակը երկրում վերահսկվում է, և վարչապետը չի պատրաստվում հրաժարական տալ: Նրա խոսքով՝ Լիբանանն «այժմ երկընտրանքի առջև է. կա՛մ դժվար որոշումների ընդունում, կա՛մ կործանում»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: