Հայերեն   English   Русский  

Թուրքիան, չնայած ԱՄՆ-ի հետ համաձայնությանը, վերականգնել է գործողությունները Սիրիայի հյուսիսում


  
դիտումներ: 86

Թուրքիայի զինված ուժերը վերականգնել են այսօր գրոհները Սիրիայի հյուսիսային Ռաս-էլ-Այն քաղաքի վրա՝ չնայած ԱՄՆ-ի հետ ձեռք բերված համաձայնությանը ժամանակավոր հրադադարի մասին: Այս տեղեկությունը հայտնել է Al Mayadeen հեռուստակայանը՝ հղում անելով քրդական աղբյուրներին:

Սիրիայի պետական SANA գործակալության տվյալներով՝ թուրք զինվորները հրետակոծել են Ռաս-էլ-Այնի շրջակա մի քանի գյուղեր: Al Arabiya հեռուստակայանը հաղորդում է, որ Անկարայի կողմից կռվող սիրիական ընդդիմության զինյալները գրոհել են Ռաս-էլ-Այն ուղևորվող մարդասիրական պահակախմբի վրա:

Ավելի վաղ Reuters գործակալությունը տեղեկացրել էր, որ քաղաքում վերականգնվել են կրակոցներն ու առճակատումները, հրաձգություն է լսվում և ծուխ է բարձրանում կրակոցներից քաղաքի մի շարք թաղամասերի վրա:

Թուրքիայի իշխանություններն առայժմ չեն մեկնաբանում այդ տեղեկատվությունը:

Հիշեցնենք, որ երեկ՝ հինգշաբթի, Միացյալ Նահանգները և Թուրքիան Անկարայում կայացած բանակցությունների արդյունքներով համաձայնության եկան ժամանակավորապես դադարեցնել Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողությունը Սիրիայի հյուսիսում: Թուրքիան համաձայնեց 120 ժամով դադարեցնել կրակը, որպեսզի քրդական ջոկատները, որոնք «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոալիցիայի մեջ են, լքեն Անկարայի ստեղծած սահմանային «անվտանգության գոտու» շրջանը:

Աղբյուրը





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: