Հայերեն   English   Русский  

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, ես հորդորում եմ չսպասել մինչև առաջնորդը որևէ քայլ կանի. Լարիսա Ալավերդյան


  
դիտումներ: 107

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «Այլընտրանքային նախագծեր» խումբ» հասարակական կազմակերպությունն ու «Իմ Ձայնը» ՀԿ-ն համատեղ կազմակերպել էին

«ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկում: Քննարկման ընթացքում փորձագետները, իրավաբաններն ու իրավապաշտպանները անդրադարձան Հայաստանում այսօր առկա իրավական խնդիրներին ու դատական իշխանության բացթողումներին:

Ըստ իրավապաշտպան, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի՝ վերջին շրջանում մեր հասարակությունում ավելացել է ագրեսիվ մթնոլորտն ու անընդհատ կարող ենք տեսնել, թե ինչպես են մարդիկ իրար հայհոյում իրական ու վիրտուալ դաշտում:

«Մենք չե՞նք կարող հայհոյանքի դեմն առնել: Եթե մենք մեզ ընկալում ենք որպես կիրթ հասարակություն, ես կարծում եմ՝ այսօրվանից ամեն մեկն իր ուժի չափով պետք է խոսի դրա մասին, և պետք է ամեն ինչ անենք, որ վերջ դնենք այս երևույթին, որն ամբողջովին աղավաղում է հայ հասարակության պատկերը: Որևէ անձի նկատմամբ հայոհանքը, որ գրվում է, հրապարակվում է և տարածվում, դա պետք է ընկալել Հայաստանի հանդեպ արտահայտած հայհոյանք: Այս առումով ես դիմում եմ ԱԺ բոլոր պատգամավորներին՝ կոչ անելով, որ իրենք ժամ առաջ հրապարակայնորեն կոչ անեն վերջ դնել այդ երևույթին:

Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, ես հորդորում եմ չսպասել մինչև դա կանի առաջնորդը»,-ասաց Ալավերդյանը:

Անդրադառնալով դատարանները շրջափակելուն, նա նշեց. «Դիցուք ներպետական օրենքները լավը չեն, Սահմանադրությունը լավը չի, միջազգային իրավունքի որեւէ նորմեր պե՞տք է պահպանվեն, թե իրավունք ունենք նաեւ դրանց ոտնահարմանը գնալ: Խոսքը փարիզյան սկզբունքների մասին է, որոնք վերաբերում են դատավորներին, դատարաններին: Եթե մեզ համար դրանք ընդունելի չեն, պետք է դուրս գալ Եվրոպայի խորհրդից»,-ասաց նա:

«Մենք նախկինում գործ ունեինք մի իշխանության հետ, որն անընդհատ մերժում էր, ասում էր՝ տենց բան չկա, իսկ հիմա տեսնում ենք, որ դա արվում է հաճույքով, ցուցադրական, ի դաստիարակում հասարակությանը: Դա արվում է հայտնի մանիպուլյատիղ եղանակներով, որպեսզի ազդեն հանրային գիտակցության վրա: Ուզում են հանրության գիտակցությանը բերել նրան, որ այս ամենը կարող է տեղի ունենալ, որովհետեւ հեղափոխական անհրաժեշտություն է»,-հավելեց Ալավերդյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: