Հայերեն   English   Русский  

Գռեհիկ-երկակի ստանդարտների կիրառման քաղաքականություն է տարվում մեր երկրում. Արփինե Հովհաննիսյան


  
դիտումներ: 158

Չէի ուզենա վատատեսական բնորոշումներ տալ, բայց Հայաստանում իրավական ճանապարհով լուծումներն արագ ընթացք չեն կարողանում ապահովել՝ կասեցնելու համար իրավունքի գերակայության սկզբունքի գահավիժող ընթացքը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «Այլընտրանքային նախագծեր» խմբի ու «Իմ Ձայնը» ՀԿ-ի համատեղ կազմակերպած «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման ժամանակ ասաց Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Եթե մեկ բառով նկարագրելու լինեի, թե իրավունքի տեսանկյունից ինչ է կատարվում մեր երկրում, կանվանեի «գռեհիկ-երկակի ստանդարտների կիրառման քաղաքականություն: Երեսպաշտ կլինեի, եթե ասեի, որ երկակի ստանդարտները երբևէ բացակայել են ՀՀ-ից և միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակահատվածում են դրանք առկա: Ոչ, դրանք եղել են և ինչ-որ առումով լեգիտիմացված կերպով մեր առօրյայում են՝ ներպետականից մինչև միջպետական հարաբերություններ: Բայց այն, ինչ կատարվում է այսօր, երկակի ստանդարտների կիրառման հիմքում մեկ պարզ կենցաղային բանաձև է՝ ի՞նչ է ուզում Նիկոլ Փաշինյանը կամ իշխանությունը, և ինչ չի ուզում»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ այսօր դրական կերպար ունեն բոլոր նրանք, որոնք անում են իշխանությունների հրամաններն ու ցանկությունը:

«Եթե դու անում ես իշխանության ուզածը, համապատասխանում ես բոլոր չափանիշներին՝ լավ իրավապաշտպան ես, տաղանդավոր անձ, փայլուն քաղաքական գործիչ, որը կատարում է իշխանության կամքը: Իսկ եթե չես կատարում, վատն ես, ռեժիմի ստրուկը, թալանչի և այլ ձևակերպումներ»:

Արփինե Հովհաննիսյանը որպես օրինակ մի շարք հարցադրումներ արեց. «Գլխավոր դատախազը լա՞վն է, այո, որովհետև չի շեղվում իշխանության կամքից: Բարձրագույն դատական խորհուրդը լա՞վն է, այո, որովհետև կատարում է և անում այն հայտարարությունները, որոնք պետք են իշխանությանը: Լա՞վն է ՍԴ այս կամ այն անդամը և այսպես շարունակ»:

Արփինե Հովհաննիսյանը նշեց՝ դժվար է հավատալ և պատկերացնել, որ իր մտահոգությունները քիչ կապակցվածություն ունեն նրա հետ, որ ինքը նախորդ իշխանության ներկայացուցիչ է. «Իրական մտահոգության մասին է խոսքը: Երեւույթի մասին եմ ուզում խոսել, այլ ոչ թե անձանց: Այսօր ՍԴ-ն է, հաջորդ օրը կլինի մամուլը, ոստիկանությունը, անկախ փաստաբանները… չեմ ուզում, որ մենք արթնանանք այն ժամանակ, երբ հերթով՝ քայլ առ քայլ, (այս բառն էլ այլեւս չես ուզում օգտագործես), բոլորը թիրախավորվեն, բոլորի հանդեպ ոտնձգություն կկատարվի: Սթափվելու և զգոն լինելու ժամանակն է»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: