Հայերեն   English   Русский  

Ազատության պողոտայում ոստիկանի սպանության գործով անչափահասին մեղադրանք առաջադրվեց 4 հոդվածներով


  
դիտումներ: 199

Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը Ազատության պողոտայում ոստիկանին սպանելու, մեկ այլ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու, զենքը խլելու, իսկ մինչ այդ նաև գողություն կատարելու համար ՔԿ–ն մեղադրանք է առաջադրել երկու անձի։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2003թ. ծնված անչափահասին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (սպանությունը՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության հետ), 316-րդ հոդվածի 2-րդ մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը՝ ապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ), 238-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով զենքը հափշտակելը) և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շինություն ապօրինի մուտք գործելով գողություն կատարելը):

2001թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը՝ ժամը 04․30-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան՝ փախչել են:

Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է, իսկ մյուս ոստիկանը վիրավորվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: