Հայերեն   English   Русский  

Թրամփն Իտալիայի նախագահ Մատտարելլային «Մոցարելլա՞» է անվանել


  
դիտումներ: 352

Իտալիայի սոցիալական ցանցերի բաժանորդները քննարկում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մի շարք արտահայտություններ, որոնք նա արել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատտարելլայի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:

Այս մասին հաղորդում է REGNUM-ը՝ հղում անելով ANSA գործակալությանը:

Օգտատերերի ուշադրությունն ամենից շատ գրավել է այն, թե ինչպես է Թրամփն արտաբերել իրենց երկրի ղեկավարի անունը. մեծ թվով մեկնաբանողներ «Մատտարելլայի» փոխարեն լսել են «Մոցարելլա», գրում է գործակալությունը:

Ըստ նրա՝ իտալացի դիտորդների խիստ ուշադրությունը Թրամփի առոգանությանը բացատրվում է նաև նրանով, որ իր թվիթերյան գրառումներից մեկում նա տառասխալ է թույլ տվել Իտալիայի վարչապետ Կոնտեի անվան մեջ («Ջուզեպպի» «Ջուզեպպե»-ի փոխարեն), ինչը, մեկնաբանողների կարծիքով, բացատրվում է թե՛ ԱՄՆ նախագահի անբավարար իրազեկությամբ, թե՛ նրա անլուրջ վերաբերմունքով կրտսեր քաղաքական գործչի նկատմամբ:

Իրականում ոչ ոք նման բան չի լսել, համացանցում այդ մամլո ասուլիսից մի լուսանկար է հայտնվել՝ Թրամփի կողքին թարգմանչուհին՝ դեմքի ապշած արտահայտությամբ, ակնհայտորեն Թրամփի արտահայտած մտքերից: Տեսնելով այդ լուսանկարը՝ թվիթերի բաժանորդներից մեկը՝ Danny Keetz-ը, սրամտել է: Նրա գրառումը մեծ տարածում է ստացել. ավելի քան 100 000 հավանություն և 30 000 մեկնաբանություն:

Danny Keetz-ը զետեղել է այդ լուսանկարը և հետևյալ մեկնաբանությունը գրել. «Իտալերենի թարգմանչի դեմքի արտահայտությունը, երբ Թրամփը Իտալիայի նախագահին Մոցարելլլա անվանեց և ասաց, որ ԱՄՆ-ն և Իտալիան ընդհանուր մշակութային և քաղաքական ժառանգություն ունեն Հին Հռոմի ժամանակներից»:

Եվ չնայած այդ փաստի հաստատման բացակայությանը՝ կատակի տարածման դեմն առնել, նույնիսկ պատկառելի լրատվամիջոցներում, այլևս հնարավոր չէ, մանավանդ Հին Հռոմի հետ կապված արտահայտության համատեքստում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: