Հայերեն   English   Русский  

Միրզա Դինային դարձավ «Ավրորա-2019»-ի հաղթողը


  
դիտումներ: 851

Քիչ առաջ Երևանի Ազատության հրապարակում հայտարարվեց «Ավրորա» մրցանակի 2019 թվականի հաղթողի անունը:

72 երկրներից առաջադրված 719 հավակնորդներից հաղթող ճանաչվեց Միրզա Դինային:

Նա «Լյուֆթբրյուքե Իրաք» («Օդային կամուրջ») կազմակերպության համահիմնադիրն ու տնօրենն է:

Մարդասիրական կազմակերպությունն Իրաքից Գերմանիա է տեղափոխում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարբարոսություններից տուժած եզդիներին եւ ցուցաբերում բժշկական օգնություն:

Դինային օգնել է հարյուրավոր կանանց փախչել «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներից, անձամբ ներգրավվել նրանց անվտանգ վայր տեղափոխելու աշխատանքներում եւ ջուր ու սնունդ հասցրել մեկուսացման մեջ գտնվող եզդիներին:

Առաջնորդվելով մարդկանց փրկելու մեծագույն ցանկությամբ՝ նա կարողացել է ճանապարհներ գտնել եւ հաղթահարել բազմաթիվ բյուրոկրատական, տեղափոխման հետ կապված խոչընդոտներ՝ օգնելով ամենակարիքավորներին: Դինային առաջադրել է երեք կազմակերպություն, որոնք բժշկական օգնություն են տրամադրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զոհերին, օգնում նրանց վերականգնվել: Դրանք են «Լյուֆթբրյուքե Իրաք» (Luftbrücke Irak) կազմակերպությունը, «ՍԻԴ» հիմնադրամը (SEED Foundation) եւ «Շայ» հիմնադրամը (Shai Fund):

Նշենք, որ մյուս երկու հավակնորդներն էին փաստաբան Զանա Բուկար Մուստաֆան և փաստաբան ու ակտիվիստ Հուդա ալ-Սարարիմ»

«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովը 2019թ. «Ավրորայի» հերոսներին ընտրել է 72 երկրներից առաջադրված 719 հավակնորդներից, որոնցից 523-ը եղել են չկրկնվող թեկնածուներ:

Վաղը երեկոյան բարեգործական համերգի ժամանակ դափնեկրին կշնորհվի «Ավրորա» մրցանակի արձանիկը:

Նշենք, որ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակն այս տարի շնորհվում է 4-րդ անգամ: Այն բաղկացած է երկու մասից՝ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողություն եւ նշանավոր Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգ՝ Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն այս մրցանակը շնորհում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Մրցանակի շնորհման արարողության ժամանակ մեծարվում են մերօրյա հերոսները, որոնք բացառիկ ազդեցություն են ունեցել դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց կյանքը փրկելու եւ մարդասիրական գաղափարներն առաջ մղելու գործում: 2019թ. «Ավրորայի» հերոսներից մեկն էլ այդ երեկոյի ընթացքում կդառնա մրցանակի դափնեկիր` 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւի միջոցով շարունակելով մարդասիրության շղթան եւ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին:

Այս տարի միջոցառումը կանցկացվի նոր ձևաչափով. 2019թ. «Ավրորա» մրցանակի շնորհման բուն արարողությունից բացի, կլինի Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի բարեգործական համերգը՝ Վալերի Գերգիևի ղեկավարությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: