Հայերեն   English   Русский  

​Brexit-ը հետաձգվո՞ւմ է. խորհրդարանը և օրենքը պարտադրում են հետաձգել brexit-ը, բայց վարչապետը դեմ է


  
դիտումներ: 774

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը վերջին 40 տարում առաջին անգամ նիստ էր գումարել շաբաթ օրը. պատճառը brexit-ն էր:

Բրիտանացի խորհրդարանականներն այսօր պետք է քննարկեին վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկած brexit-ի նոր համաձայնագիրը: Օրվա ավարտին, սակայն, խորհրդարանականները հեռացան` այդպես էլ չիրագործելով այն, ինչի համար հավաքվել էին շաբաթ օրով: Համայնքների պալատը հրաժարվեց քվեարկության ներկայացնել նոր համաձայնագիրը, քանի դեռ չեն ընդունվել բոլոր անհրաժեշտ օրենքները, որոնք կկարգավորեն ԵՄ-ից դուրս գալու գործընթացը. այսպիսով խորհրդարանականներն ապահովագրում են Մեծ Բրիտանիային ինչ-որ պահի դեպքերի անկանխատեսելի զարգացման պատճառով առանց համաձայնագրի ԵՄ-ից դուրս գալուց:

Ավելին, խորհրդարանը պարտավորեցրեց Բորիս Ջոնսոնին նամակով դիմել ԵՄ-ին և խնդրել հետաձգել brexit-ը: Մինչդեռ վարչապետ Ջոնսոնը մտադիր չէ նման քայլ դիմել:

«Ես չեմ դիմի ԵՄ-ին հետաձգման խնդրանքով: Եվ օրենքն ինձ չի պարտավորեցնում նման բան անել: Brexit-ի հետաձգումը լինելու է ի վնաս մեր երկրի»,- հայտարարեց է նա: Նրա խոսքով` հաջորդ շաբաթ կառավարությունը կներկայացնի օրինագիծը, որն անհրաժեշտ է ընդունել ԵՄ-ից դուրս գալու գործընթացն ապահովելու համար:

Ջոնսոնը մտադիր է ամեն գնով իր երկիրը դուրս բերել ԵՄ-ից սահմանված ժամկետում` հոկտեմբերի 31-ին:

Ի պատասխան Շոտլանդական ազգային կուսակցության առաջնորդ Յան Բլեքֆորդը խոստացել է դատի տալ Ջոնսոնին, եթե նա չկատարի օրենքի պահանջը և հետաձգման խնդրանքով չդիմի ԵՄ-ին: «Վարչապետը, որն իրեն վեր է դասում օրենքից, կհայտնվի դատարանում»,- հայտարարել է նա:

ԵՄ-ում պատրաստ են հետաձգել brexit-ը

ԵՄ-ն կընդառաջի Մեծ Բրիտանիային և կհետաձգի brexit-ը, եթե Բորիս Ջոնսոնից նման խնդնաքով նամակ ստանան: Հակառակ դեպքում ԵՄ պաշտոնյաներն առաջին քայլը չեն անի, այս մասին հայտարարել են ԵՄ բրյուսելյան պաշտոնյաները: Ավելին, արձագանքելով Ջոնսոնի հայտարարությանը Համայնքների պալատում, թե կասկածում է, որ ԵՄ-ն կցանկանա հետաձգել brexit-ը, ԵՄ ներկայացուցիչները ասել են, որ բանակցությունների ընթացքում էլ հստակ է եղել` ԵՄ-ում պատրաստ են հետաձգել Մեծ Բրիտանիայի հեռանալու գործընթացը: Նրանք կոչ են արել Մեծ Բրիտանիայի իշխանություններին բարձրաձայնել իրենց հետագա ծրագրերի մասին, որպեսզի ստեղծված իրավիճակում որոշակի հստակություն լինի:

Իսկ ներկա փուլում անորոշություն է նաև ԵՄ-ում. հաջորդ շաբաթ եվրոպական խորհրդարանը պետք է վավերացներ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը: Եվրոպական խորհրդարանը քվեարկելու է միայն այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը վավերացնի փաստաթուղթը:

Ի՞նչ է առաջարկում նոր համաձայնագիրը

Բորիս Ջոնսոն

Համաձայնագրի հիմնական մասը կրկնում է պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Թերեզա Մեյի օրոք: Հիմնական փոփոխությունները վերաբերում են Հյուսիսային Իռլանդիային:

Ըստ համաձայնագրի Մեծ Բրիտանիան կենթարկվի ԵՄ գործող կարգերին մինչև 2020 թվականի ավարտը, իսկ անհրաժեշտության դեպքում ավելի երկար, որպեսզի գործարարներին փոփոխություններին հարմարվելու հնարավորություն տա: Մեծ Բրիտանիան ամեն դեպքում ստիպված կլինի մոտ 33 մլրդ ֆունտ վճարել ԵՄ-ից դուրս գալու համար: ԵՄ-ում ապրող Բրիտանիայի քաղաքացիների և Մեծ Բրիտանիայում ապրող ԵՄ քաղաքացիների իրավունքները երաշխավորված կլինեն:

Իսկ Հյուսիսային Իռլանդիային վերաբերող հիմնական փոփոխություններն են.

  • Հյուսիսային Իռլանդիան կմնա ԵՄ միասնական շուկայի մաս:
  • Վեճերի պատճառ դարձած backstop-ը չեղարկվել է:
  • Հյուսիսային Իռլանդիան կլինի Միացյալ Թագավորության մաքսային տարածքի մի մասը և կմասնակցի brexit-ից հետո կնքված բոլոր գործարքներին:
  • Հյուսիսային Իռլանդիան նաև կմնա դեպի ԵՄ մաքսային գոտի մուտքի դարպաս: Մեծ Բրիտանիայն չի հարկի Հյուսիսային Իռլանդիա ներմուծվող ապրանքները, եթե դրանք նախաըտեսված չեն հետագայում սահմանն անցկացնելու համար:
  • Մեծ Բրիտանիայի և ԵՄ համատեղ հանձնաժողովը կորոշի, թե որ ապրանքները կարող են ընդհանուր շուկայում հայտնվել, և Մեծ Բրիտանիան մաքսատուրք կհավաքագրի հօգուտ ԵՄ-ի:
  • Հյուսիսային Իռլանդիայի օրենսդիր մարմինը 4 տարին մեկ կքվեարկի` արդյոք այս պայմանավորվածությունները պետք է շարունակեն գործել: Արդյունքը կորոշվի քվեների պարզ մեծամասնությամբ:

Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Կորբինը հայտարարել է, որ այս համաձայնագիրը շատ ավելի վատն է, քան նախորդը, որը խորհրդարանը մերժել է երեք անգամ:

«Ես հասկանում եմ, որ թե երկրում, թե Համայնքների պալատում հիասթափություն և հոգնածություն կա: Սակայն մենք չենք կարող կողմ քվեարկել մի համաձայնագրի օգտին, որը շատ ավելի վատն է, քան այն, որը Համայնքների պալատը մերժել է 3 անգամ»,- հայտարարել է Կորբինը: Նրա խոսքով` Ջոնսոնի առաջարկած համաձայնագիրը պետական դավաճանություն է, որն ընդունվելու դեպքում բացասական ազդեցություն կունենա աշխատավոր խավի վրա: Կորբինը շեշտել է, որ այս համաձայնագրով երկրի աղքատ բնակչությունն էլ ավելի կաղքատանա:

Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչների կարծիքով` հայաձայնագրի այս տեսքով ընդունման պարագայում կտուժի թե արդյունաբերությունը, թե արտադրությունը, կկրճատվեն աշխատատեղեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: