Հայերեն   English   Русский  

Երբեք մեզանում ‹‹ուժն է ծնում իրավունքը›› կործանարար սկզբունքը այս աստիճանի լեգալացված չի եղել


Խոսրով Հարությունյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 761

Մարդկության պատմության ամբողջ ընթացքում պետության զարգացման փուլերի կամ քաղաքական ռեժիմների առանձնահատկությունները ուսումանսիրելիս պատմաբաններին

և քաղաքագետներին հավերժ հետաքրքրող գլխավոր հարցը եղել է՝ ի՞նչն է հանդիսանում այս կամ այն պետական կազմավորման առանցքային սկզբունքը: Այլ կերպ ասած, ո՞րն է այն առանցքային գաղափարը, որը բնորոշ է տվյալ քաղաքական ռեժիմին:

Մոնթեսկիոն տալով յուրաքանչյուր քաղաքական ռեժիմին՝ միապետությանը, բռնապետությանը կամ հանրապետությանը բնորոշ գլխավոր գաղափարը, անմիջապես ավելացնում է, որ պետությունները քայքայվում կամ կործանվում են բոլոր այն դեպքերում, երբ նրա առանցքային գաղափարը կամ չարաշահվում է կամ մոռացության է մատնվում:

Ի դեպ մարդկությունը իր պատմության ողջ ընթցքում ականատես է եղել նշված պատճառով նույնիսկ ամենաազդեցիկ պետությունների կործանման բազմաթիվ դեպքերի:

Այս համատեքստում և հատկապես ի նկատի ունենալով այն հակասական իրավիճակը, որը տիրում է մեզանում այսօր, բոլորովին ավելորդ չէ անդրադառնալ Անկախ Հայաստանի հանրային կյանքի առանցքային գաղափարի իրականացման խնդրին:

Սահմանադրությամբ սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունը իրավական, ժողովրդավարական և սոցիալական պետություն է: Այսինքն մեզանում հանրային կյանքի կազմակերպման առանցքային գաղափարը՝ ժողովրդավարությունն է:

Այս արձանագրումն աներկբա ենթադրում է (և այն սահմանված է մեր Սահմանադրությամբ), որ մեզանում քաղաքացու իրավունքների պաշտապանությունը երաշխավորվում է իրավունքի գերակայության և իշխանությունների տարանջատման և հակակշռման սկազբունքների հիման վրա:

Ուստի բնական հարց է առաջանում՝ որքանո՞վ են այսօր մեր իրականության մեջ ապահովվում վերը նշված սկզբունքները կամ, որ նույն է, որքանո՞վ այսօր մեզանում իշխանությունների կողմից հանրային կյանքի կազմակերպումը կարող է բնութագրվել որպես ժողովրդավարության միջազգայնորեն ընդունված արժեքների և ընթացակարգերի ապահովմանը միտված գործունեություն:

Պետք չէ առանձնապես խորաթափանց լինել փաստելու համար, որ սահմանադրական դատարանի և մասնավորապես նրա նախագահի հանդեպ իշխանությունների քաղաքական հետապնդումները, ինչպիսի հիմնավորմամբ և գործիքակազմով էլ դրանք իրականացվեն, ոչ այլ ինչ են, քան դատական իշխանությունը գործադիրի քաղաքական ազդեցության տակ վերցնելու անթաքույց դրսևորում և ուղղակի հանդիսանում են իշխանությունների տարանջատման և հակակշռման սկզբունքի ոտնահարում:

Հետևաբար, առանց սխալվելու հավանականության կարող ենք արձանագրել, որ այսօր Հայաստանում, շուրջ 30 տարվա անկախությունից հետո, ոչ թե մոռացության է մատնված կամ չարաշահված է հանրային կանքի առանցքային գաղափարը՝ ժողովրդավարությունը, այլ այն հայտնվել է իսպառ ոչնչացման վտանգի տակ:

Եվ միայն Սահմանադրական դատարանի որոշ դատավորների մասնագիտական սկզբունքայնության և Սահմանադրական դատարանի դատավորի հանրային բացառիկ առաքելության գիտակցման շնորհիվ է դեռևս հաջողվում կասեցնել մեզանում ժողովրդավարության գահավիժումը: Անշուշտ, ժամանակը դեռ կտա այդ դատավորների քաղաքացիական խիզախության իրական գնահատականը:

Ստիպված ենք ցավով արձանագրել, որ անկախության տարիների ողջ ընթացքում երբեք ‹‹ուժն է ծնում իրավունքը›› կործանարար սկազբունքը հանրային կյանքում և շփումներում այս աստիճանի լեգալացված չի եղել: Եվ ամենատարակուսելին այն է, որ այդ երևույթի հեղինակը՝ Սահմանադրության երաշխավորը հանդիսացող իշխանությունն է:

Այդ ամենի արդյունքում մենք հայտնվել ենք պետության իրավական կարկասի կազմաքանդման և մեր անկախ պետականության անվերականգնելի կորուստների մարտահրավերին դիմագրավեելու անհրաժեշտության առջև:

Համոզված եմ, որ մեր հասարակությունը ունակ է բռնել պատմության այդ քննությունը:






Մեկնաբանություններ - 1

agob.k     20.10.2019 jer hasaraqutyun vojinj ji qrnal anel vorovhdev baraqvaj a yv vojhari yn verajvel ter aveli ???
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: