Հայերեն   English   Русский  

Հեյ ջան ղափամա, համով-հոտով ղափամա... Ղափամայի փառատոն Շիրակի մարզում


  
դիտումներ: 350

Շիրակի մարզում հոկտեմբերի 19-ին առաջին անգամ անցկացվեց Ղափամայի փառատոն:

Հայաստանի բնակավայրերից մասնակիցներն իրենց տաղավարներում ներկայացրել են հայկական ավանդական ճաշատեսակի՝ Ղափամայի բաղադրատոմսն ու պատրաստման եղանակը, իսկ ներկաները հնարավորություն են ունեցել համտեսելու։

Թեև փառատոնի անցկացման վայրը Առափի համայնքն էր, գաղափարը համախմբել էր նաև հարևան Ոսկեհասկ, Հայկավան, Ախուրիկ համայնքների բնակիչներին:

Կազմակերպիչները վկայում են՝ փառատոնը հիմնականում կազմակերպվել է գյուղական կյանքը ակտիվացնելու, չորս միավորվող գյուղական համայնքների զարգացումն ու կենսամակարդակը բարելավելու համար:

Փառատոնը նաև նպատակ ուներ ճանաչելի դարձնել հայկական ավանդական խոհանոցի գաղտնիքներն ու զբոսաշրջության միջոցով նպաստել համայնքի զարգացմանը:

«Գյուղերում կյանքը ակտիվացնելու համար այս չորս համայնքների բնակիչները համախմբվեցին և ստեղծեցին «Համայնքի երիտասարդների ձայնը ակումբ» և որպես առաջին մեծ միջոցառում, որոշեցինք անցկացնել հայկական ավանդական Ղափամայի տոն»,- նշեց մանկավարժ, միջոցառման համակազմակերպիչ Սուսաննա Ստեփանյանը՝ տեղեկացնելով, որ փառատոնը լինելու է ամենամյա, միայն թե հաջորդ տարիներին այն կանցկացվի մեկ այլ համայնքում՝ համայնքները համաչափ զարգացնելու համար:

Հայկական ավանդական ուտեստների ու ղափամայի հյուրասիրություն, ազգային երգ ու պար, գյուղական էկո մթերքի վաճառք, գյուղական կյանքի և կենցաղի ինտերակտիվ ներկայացում, ազգային խաղեր՝ Առափի այցելած հյուրերի համար հնարավորություն էր ստեղծված տեղում՝ անմիջապես գյուղացուց գյուղմթերք գնել։

Տոնը ուղեկցվել է նաև բերքի ցուցադրությամբ։ Գյուղական համայնքները ներկայացրել են ոչ միայն ավանդական բանջարաբոստանային մշակաբույսերը, այլև նոր բուսատեսակներ, որոնք առաջին անգամ են աճեցրել Շիրակի մարզում և համարվում են էկո սնունդ։

Գյուղացի կանայք էլ փառատոնի ընթացքում ցուցադրել են նաև ավանդական չեչիլ պանրի պատրաստման տեխնոլոգիան:

Փառատոնն ուղեկցվել է նաև ազգագրական երգ ու պարով, բեմադրություններով:

«Անշուշտ, սա նոր հարթակ է գյուղացու համար իր բերքն ու բարիքը վաճառելու համար: Նմանատիպ փառատոնի կարիքը վաղուց էր զգացվում, ինչի մասին վկայում է այսօրվա բազմամարդ փառատոնը»,-ավելացրեց Սուսաննա Ստեփանյանը:

Աշնանային ցուցահանդես-վաճառքը կօգնի գյուղացիներին իրացնելու իրենց արտադրած էկոլոգիապես մաքուր գյուղմթերքները, ստանալ եկամուտ, բացահայտել նոր շուկա և նոր շուկայական հնարավորություններ՝ նշեցին գյուղացիները:

«Նորամուծություններ ենք արել՝ նոր փաթեթավորմամբ, նոր մատուցմամբ, որ գյուղական շուկան նոր մատուցմամբ գնա քաղաքի բնակչին: Ապրանքն էկոլոգիապես մաքուր է, բայց արդեն նաև հաճելի փաթեթավորում ունի»,-նշում է Հայկավանի բնակիչ Վալերիա Մելքոնյանը:

Թեև փառատոնն առաջին անգամ էր անցկացվում, բայց կազմակերպիչներն ամեն ինչ հաշվի էին առել. փառատոնի հյուրերին տեղացիները նախ հյուրասիրում էին, հետո առաջարկում մատչելի գնով ձեռք բերել իրենց արտադրանքից:

Ղափամա հյուրասիրեցին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանին: Երիտասարդ փոխնախարարն օգտվեց հյուրասիրությունից ու շատ հավանեց. «Համեղ է»,–ասաց նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: