Հայերեն   English   Русский  

Բողոքի երթ Բաքվում՝ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության․ երթը կայացել է՝ ի հեճուկս ոստիկանության ջանքերի


  
դիտումներ: 194

Ոստիկաններն ավելի շատ էին, քան ակցիայի մասնակիցները

Բաքվում չարտոնված բողոքի ցույց է անցկացվել՝ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության։

Սկզբից ոստիկանությունը կոպտորեն ցրում էր ակցիան, սակայն որոշ մասնակիցների, այնուամենայնիվ, թույլատրվել է հասնել մինչև երթուղու վերջնակետ։

Երթի պատճառները

Հոկտեմբերի սկզբին Բաքվում մի տղամարդ սպանել էր իր կնոջը վիճաբանության ժամանակ։ Նա նրան 25 անգամ հարվածել էր դանակով նրա երեք երեխաների և անցորդների աչքի առաջ։ Այդ միջադեպը բոլորի մոտ շոկ էր առաջացրել, ոմանք հաշվել են վերջին ժամանակներում ընտանեկան բռնության վիճակագրությունը և պարզել, որ հինգ օրում շուրջ 10 կին է սպանվել կամ դաժանաբար ծեծվել կենցաղային հողի վրա։

Դա սոցցանցերին և լրատվամիջոցներին ստիպել է կրկին խոսել կենցաղային բռնության մասին։ Սոցցանցերում բողոքի արշավ է սկսվել #QadınaŞiddətəYox թեգով (#ՈչԿանանցՆկատմամբԴաժանությանը)։ Շատերը Պետությւնից պահանջում էին միջամտել և միջոցներ ձեռնարկել։

Ընտանեկան բռնությունը շատ արդիական խնդիր է Ադրբեջանում։ Ըստ The Advocates for Human Rights իրավապաշտպան կազմակերպության հաշվարկների՝ այս կամ այն կերպ բռնության է ենթարկվել կանանց 43%-ը։

Կանայք ծեծի են ենթարկվում ինչպես ամուսնու, այնպես էլ ընտանիքի մյուս անդամների՝ հոր, եղբոր, սկեսրայրի կամ սկեսուրի կողմից։ Դրա առիթը կարող է ցանկացած բան լինել՝ խանդից մինչև մանր կոնֆլիկտ։

Ադրբեջանում կենցաղային բռնության կանխարգելման մասին օրենք կա, որն ընդունվել է դեռևս 2010թ-ին։ Սակայն գործնականում այն գրեթե չի աշխատում, քանի որ նույնիսկ ոստիկանությունն է հաճախ կենցաղային բռնությունը «ներընտանեկան գործ» համարում։

Ի՞նչն է ավելի շատ «խանգարում հանգստին»՝ սպանություննե՞րը, թե՞ դրանց դեմ ցույցերը

«Մի՛ դիմացիր։ Միացի՛ր երթին» կարգախոսով ակցիան մի խումբ ակտիվիստներ էին կազմակերպել։ Ակցիան մտածված էր որպես խաղաղ երթ․ մասնակիցները պլանավորում էին հավաքվել քաղաքի կենտրոնում՝ կին պոետ Նաթավանի արձանի մոտ, և մի քանի հարյուր մետր քայլել, իսկ վերջում պահանջներով հայտարարություն կարդալ։ Մասնավորապես, որ երկրի կառավարությունը ստորագրի և վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան՝ Եվրախորհրդի միջազգային համաձայնագիրն ընդդեմ կենցաղային բռնության և կանանց նկատմամբ բռնության։ Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014 թ-ի օգոստոսի մեկին։ Այս պահի դրությամբ այն ստորագրել է շուրջ 50 երկիր (ներառյալ Վրաստանն ու Հայաստանը)։

Ընդ որում, նշվում էր, որ երթը բացառապես խաղաղ բնույթ է կրելու, արգելված են ակցիայի թեմային չառնչվող կարգախոսները։

Կազմակերպիչները դիմել էին քաղաքային իշխանություններին՝ ակցիան անցկացնելու թույլտվություն ստանալու համար։ Սակայն նրանց մերժել էին՝ ասելով, թե ակցիան «կխանգարի քաղաքացիների հանգստին» և «նպատակահարմար չէ»։

«Այսինքն՝ փողոցում կանանց սպանությունը քաղաքացիների հանգստին չի խանգարում, իսկ երթը խանգարո՞ւմ է», – վրդովվել են կազմակերպիչներն ու որոշել այնուամենայնիվ անցկացնել ակցիան։

Այն պետք է սկսվեր հոկտեմբերի 20-ին ժամը 15:00-ին։

Ինչպե՞ս էր անցնում ակցիան

Ակցիայի մեկնարկից մեկ ժամ առաջ արձանին հարող տարածքը ոստիկանությունն արդեն վերահսկողության տակ էր առել։ Նրանց թվում էին կին ոստիկաններ, որոնց վերջերս հատուկ ներգրավում են ցույցերը ցրելու գործընթացին, որպեսզի նրանք ձերբակալեն կին մասնակիցներին։ Մի անկյունում սպասում էր մի քանի ծառայողական մեքենա։

Ակցիայի մեկնարկին արձանի մոտ մի քանի տասնյակ ակտիվիստ էր հավաքվել և գրեթե նույնքան լրագրող։

Հենց ակտիվիստները պարզեցին պաստառներն ու սկսեցին վանկարկել իրենց կարգախոսը, ոստիկանությունը սկսեց կոպտորեն ցրել ցուցարարներին։ Մոտ հինգ մարդ ձերբակալվեց, սակայն նրանց գրեթե միանգամից ազատ արձակեցին։ Ոմանց բռնի ուժով ավտոբուս նստեցրին։

Ոստիկանությունը ցուցարարներին հետ մղեց դեպի կողքի նեղ փողոց՝ տեղայնացնելով ակցիան։ Այնտեղ նրանց համոզում էին ցրվել։ Արդյունքում՝ ակտիվիստներն, այնուամենայնիվ, հնչեցրին իրենց պահանջները։

Այդ ընթացքում ակցիայի մյուս մասնակիցները պաստառներով հասան նշանակետին, և նրանց արդեն ոչ ոք չէր հետևում։

Նախօրեին՝ հոկտեմբերի 19-ին ոստիկանությունն ու հատուկջոկատայինները կոպտորեն ցրել էին ընդդիմության ցույցը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: