Հայերեն   English   Русский  

​Անցնող շաբաթը Հայաստանում


  
դիտումներ: 1213

Շաբաթը շիկացած էր՝ պայմանավորված Թուրքիայի նվաճողական քաղաքականության հերթական ագրեսիվ դրսևորմամբ: Միջազգային հանրության թիվ մեկ խնդիրը դարձավ Սիրիայի քրդերի ճակատագիրը: Լուրջ անհանգստություն առաջացավ հարևան տարաշրջաններում: Իրավիճակն էլ ավելի տագնապալից դարձրին թուրական պետությունների հայտարարություններն իրենց հեռահար նպատակների մասին, սակայն Հայաստանի իշխանությունների համար թիվ մեկ խնդիրը Սահմանադրական դատարանն էր՝ որպես դատական իշխանության վերջին անկախ մնացած կառույց:

Ի՞նչ կապ ուներ ՍԴ նախագահի հայրական տան տանիքը ազգային անվտանգության հետ

Շաբաթը սկսվեց Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրադարձություններով: Դատարանը քննում էր Ազգային ժողովի դիմումը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ, իսկ հանրությունն անհամբեր սպասում էր որոշմանը: Եվ դատարանը որոշեց «Ազգային ժողովի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել՝ այդպիսով ցույց տալով, որ հերթական գրոհից հետո էլ մնաց անառիկ:

Սակայն իշխանություններն արդեն հայտարարել էին, որ պլան Ա-ն ձախողվելու դեպքում գործի կդնեն պլան Բ-ն, որը, պարզվեց, քրեական ճանապարհն էր:

Հինգշաբթի՝ հոկտեմբերի 17-ին, պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիմքով ՀՔԾ-ն քրեական գործ հարուցեց 300-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ իշխանության զավթում, որը իբրև թե կատարել են Հրայր Թովմասյանը և այլ պաշտոնյաներ՝ յուրացնելով ՍԴ նախագահի պաշտոնը:

Սկսվեցին գործողություններ, որոնք բավական դժվար է «քննչական» որակել: Նախ գնացին Հանրապետական կուսակցության գրասենյակ՝ առգրավելու Հրայր Թովմասյանի ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը: Ապա մտան Սահմանդրական դատարանի շենք: Բայց ամենապաշեցուցիչը ԱԱԾ-ի դերակատարումն էր, որի գործողություններից հետո հանրության մի զգալի հատվածն ուզում էր հասկանալ, թե ինչ կապ ունի Հրայր Թովմասյանի հայրական տան տանիքը «ՍԴ նախագահի պաշտոնը յուրացնելու» հետ և մանավանդ ի՞նչ կապ ունի ազգային անվտանգության հետ: Բանն այն է, որ ԱԱԾ քննիչներն այցելեցին Դարակերտ գյուղ՝ Թովմասյանի հայրական տուն՝ հարցաքննելու նրա հորը և դուստրերին: Եվ միակ բանը, որ փորձել էին պարզել Թովմասյանի հորից, այն էր, թե երբ է նորոգվել տան տանիքը և որքան է ծախսվել դրա համար: Իսկ աղջիկների առնչությամբ հետաքրքրել է նրանց ունեցած գույքի՝ ավտոտնակի ու ավտոմեքենայի ծագումը:

Այս գործողությունները շարունակվեցին նաև հաջորդ օրը: Թովմասյանի հայրը և դուստրերը հրավիրվեցին ԱԱԾ հարցաքննության։ Պարզվեց, որ հարցաքննության բովանդակությունը մնացել է նույնը: Հետևաբար ԱԱԾ շենքի առջև հերթական բողոքի ցույցն էր, բողոքելու էին եկել իրավաբաններ, իրավապաշտպաններ, հասարակական գործիչներ և լրագրողներ: Նրանք արձանագրում էին, որ հետապնդում է իրականացվում Թովմասյանի նկատմամբ՝ ոտնահարելով ոչ միայն իրավական, այլև բարոյական բոլոր սահմանները:

Այս համատեքստում կարծես միանգամայն օրինաչափ էր այն զավեշտալի, ավելի շուտ խայտառակ դեպքը, որ պատահեց ՀՀ վարչապետի կայքի հետ: Մինչ ԱԱԾ քննիչները ջանասիրաբար հարցաքննում էին Հրայր Թովմասյանի հարազատներին, ադրբեջանական կայքահենները կոտրեցին Հայաստանի վարչապետի կայքը, որի անվտանգության ապահովումը ԱԱԾ-ի պարտականությունն է: Նրանք վարչապետի կայքում տեղադրել էին Ադրբեջանի նախագահի ելույթը, որը հնչել է «Վալդայ 2019» համաժողովի ընթացքում, նորությունն էլ վերնագրել էին «Ղարաբաղն Ադրբեջան է, և բացականչական նշան» (Ալիևի հայտարարությունը համաժողովում), տակն էլ ստորագրել՝«Anti-armenia Team»։ Այս նյութը վարչապետի կայքում մնաց առնվազն 2 ժամ:

Սահմանադրական դատարանի դատավորները, բացառությամբ Վահե Գրիգորյանի, հայտարարությամբ հանդես եկան՝ նշելով, որ հետևում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին ու կարձագանքեն ըստ անհրաժեշտության։

Սակայն հայտնի դարձավ, որ իշխանության թիրախում է ոչ միայն հրաժարական չտվող Հրայր Թովմասյանը, այլև հրաժարական տված նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Բանն այն է, որ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից ծաղկի շուկայի մոտից ոստիկանները 6-րդ վարչություն են տարել հինգ աշխատակցի և ստիպել են ցուցմունք տալ, որ ծաղկավաճառներից գումարներ են շորթել։ Հետաքրքրել է առանձնապես, թե ում են հանձնվել կարծեցյալ շորթած գումարները: Իսկ հինգ քաղաքացիները, որոնք բերման էին ենթարկվել, դիմել են Հատուկ քննչական ծառայություն՝ հայտարարելով, որ իրենց բռնությամբ ոստիկանություն են տարել և ճնշումներ գործադրել։ Նրանցից Կարեն Ղազարյանը հայտնել է, որ երբ չի հաջողվել ցուցմունք կորզել, դիմակավորված ոստիկանները հայհոյել ու դաժանաբար ծեծել են իրեն: Եվ քանի որ Արթուր Վանեցյանի հայրը՝ Գագիկ Վանեցյանը, ծաղիկներ ներմուծող ընկերություն ունի, լրատվամիջոցներն անվարան եզրակացրին, որ ոստիկանները փորձել են ցուցմունք կորզել հենց Վանեցյանի մասին և գործ սարքել նրա դեմ:

Բարի գալուստ հին բարի ժամանակներ

Անցած շաբաթ ակնհայտ դարձավ՝ շքեղության անհագ ծարավը, որ համակել է Փաշինյան ընտանիքին (միլիոն դոլարի հասնող ուղևորություն շքեղ մասնավոր ինքնաթիռով, մոտ կես միլիոն դոլար արժեցած շքեղ զրահապատ ավտոմեքենա, առանձնատան երկու միլիոն դոլար նստած վերանորոգում և այլն), տարածվում է նաև գովազդի վրա: Ուստի կառավարությունը բյուջեից, այսինքն՝ հարկատուներիս հաշվին, առատաձեռնորեն 48 միլիոն 900 հազար դրամ հատկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» ֆեյսբուքյան գրառումը գովազդ դարձնելու և երկրով մեկ տարածելու համար: Շատերը միանգամից հիշեցին մոռացված սովետի ժամանակները, երբ ամենուրեք կարդում էինք Լենինի և կոմկուսի կարգախոսները։ Ընդ որում, այդ մոտ 50 միլիոնն էլ առանց մրցույթի տրվեց այն հրատարակչությանը, որը տպագրել է Փաշինյանի գիրքը, որի տնօրենը ՀԱԿ-ի հետ մերձավոր կապեր ունի և դատարանների վրա հայտնի գրոհի ժամանակ ակտիվ շրջափակողների շարքերում էր։ Այս հանգամանքն էլ հիշեցրեց նախկին իշխանությունների բարի ժամանակները, երբ բյուջետային միջոցները, տեղին թե անտեղի, ծախսվում էին միայն յուրայինների միջոցով:

Միջազգային դատավարությունների հեռանկարը

Մինչ հանրությունը չի հասցնում արձանագրել ներկայիս իշխանությունների ձախումները արտաքին քաղաքականության ասպարեզում, ստիպված է արձանագրել նաև «հաջողությունները» միջազգային արդարադատության ասպարեզում՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության ներկայությունը միջազգային դատական ատյաններում: Հենց երկուշաբթի հայտնի դարձավ, որ «Սանիթեքը» սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթաց։ Ընկերության տնօրինությունը հայտարարեց, որ որպես այդ գործընթացի առաջին քայլ ընկերության բաժնետերը՝ Նիկոլաս Էլ Թավիլը, գործելով նաև մյուս բաժնետերերի անունից, ծանուցել է Հայաստանի կառավարությանը և Երևանի քաղաքապետարանին ներդրումային վեճի առկայության վերաբերյալ։

Վենետիկի հանձնաժողովի կարծիքը և կառավարության ջանքերը Ստամբուլյան կոնվենցիային ընդառաջ

Երկուշաբթի՝ հոկտեմբերի 14-ին, Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի և հարակից օրենքների փաթեթի վերաբերյալ կարծիքը: Ըստ իշխանությունների մեկնաբանության՝ հանձնաժողովը դրական է գնահատում նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները, քանի որ առաջարկվող մեխանիզմները միտված են դատավորների անկողմնակալության առավել բարձր մակարդակի ապահովմանը և կիրառման մեջ դրանք ավելի արդյունավետ կլինեն կոռուպցիայի դեմ պայքարում, սակայն առանց անհամաչափորեն միջամտելով դատավորների անկախությանը։

Լրատվամիջոցներում կասկածներ հնչեցին, նույնիսկ սեփական աղբյուրներից քաղված տեղեկություններ հայտնեցին, թե Վենետիկի հանձնաժաղովի և Հայաստանի իշխանությունների միջև «ես քեզ, դու ինձ» կարգի գործարք է տեղի ունեցել. հանձնաժողովը հավանություն է տալիս փաթեթին, իսկ Հայաստանը վավերացնում է Ստաբուլյան կոնվենցիան:

Կարելի էր, անշուշտ, այս կասկածները վերագրել երևակայության կամ զգացմունքների ոլորտին և անուշադրության մատնել, եթե նույն օրը հայտնի չդառնար, որ 2019 թ. ապրիլից Հայաստանում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խոշոր դրամաշնորհային ծրագիր՝ «Հայաստանում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելում և դրա դեմ պայքար. շարունակելով ուղին դեպի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում» անվանումով և 600.000 եվրո բյուջեով, որը, ըստ Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում զետեղված տեղեկատվության, «ճանապարհ է հարթում Հայաստանում Ստամբուլի կոնվենցիայի վավերացման համար»: Իսկ ծրագրի ակնկլավող արդյունքների թվում հստակ նշված է՝ «Հայաստանն ավելի լավ է պատրաստված Ստամբուլի կոնվենցիայի իրականացմանը»: Ի դեպ, այս գործին լծված է ՀՀ կառավարությունը՝ ի դեմս մի շարք նախարարությունների:

Հայաստան-Արցախ զուգահեռներ, որոնք առայժմ հատվելու հեռանկար չունեն

Երեքշաբթին հագեցած էր այցելություններով: Հերթական այցով Երևանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ հերթական անգամ ոչինչ չասող տեղեկատվությամբ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ: Ուշագրավը թերևս այն էր միայն, որ Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունների խորապատկերում շարունակում են խոսել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման անհրաժեշտության և դրան ուղղված քայլերի մասին:

Աշխատանքային այցով Երևան ժամանեց նաև Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, որի հետ բանակցությունների արդյունքների մասին մամլո ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հատուկ շեշտեց, որ հայ-վրացական կապերն առանձնահտուկ ջերմություն են ստացել իր վարչապետ դառնալուց հետո, և համոզմունք հայտնեց, որ Վրաստանի վարչապետի այցն իր նպաստը կբերի հայ-վրացական համագործակցության հետագա խորացմանը:

Նիկոլ Փաշինյանը Երևանում հանդիպեց նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, այդ նույն ժամանակ Ստեփանակերտում ասուլիս էր տալիս Վիտալի Բալասանյանը, և հանրության մեծ մասի ուշադրությունը սևեռված էր հենց դրան, քանի որ այս օրերին նա այն արցախյան քաղաքական գործիչն է, որը, չխուսափելով աղմուկից, համարձակ ասում է այն, ինչի մասին լռում են մյուս արցախցիները կամ ասում են մեղմասացության մեծ չափաբաժնով:

Նա վերստին պնդեց, որ Փաշինյանը ձախողել է արտաքին քաղաքականությունը, իսկ Արցախի հարցում փորձում է կրկնել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը, ընդհուպ նրան մեղադրեց դավաճանության մեջ: Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, ըստ նրա, հիմնված է շանտաժների վրա, մի գործիք, որով անթույլատրելի և անհնարին է երկիր ղեկավարել:

Այլ իրադարձություններ

Շաբաթը նաև խիստ մարդասիրական էր, քանի որ ողջ շաբաթվա ընթացքում Երևանում տեղի էին ունենում «Ավրորա» համաժողովի միջոցառումները: Այստեղ էին աշխարհի առաջատար փորձագետները, որոնք մտքեր էին փոխանակում համաշխարհային մարտահրավերներին դիմագրավելու և երկրների զարգացման ուղիների վերաբերյալ:

Չորեքշաբթի գիշերը ողբերգական դեպք տեղի ունեցավ, ծառայողական պարտականությունները կատարելիս հանցագործի կրակոցից զոհվեց 38-ամյա ոստիկան Տիգրան Առաքելյանը, նրա զինակիցը վնասվածքներ ստացավ և հոսպիտալացվեց:

Հայաստանի օդային տարածքում նոր ընկերություն հայտնվեց՝ իռլանդական Ryanair-ը, որը խոստանում է ուղիղ և մատչելի չվերթներ դեպի Եվրոպա։

Նիկոլ Փաշինյանը վերջապես ընդունեց զոհված զինծառայողների մայրերին, որոնք կառավարությունից պահանջում են իրենց էլ 30-ական միլիոն դրամ հատկացնել, այնքան, որքան տրվել է մարտի 1-ի զոհերի ընտանիքներին։ Փաշինյանը ոչինչ չխոստացավ, փոխարենը հորդորեց հույս փայփայելով սպասել:

Հրաժարական տվեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը՝ որպես պատճառ նշելով, որ չի կիսում կառավարության քաղաքականությունն ու մոտեցումները քաղաքաշինության բնագավառում․ «Ես որպես կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար ու մասնագիտությամբ ճարտարապետ-քաղաքաշինարար, այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը, ինչի դեմ պայքարել եմ դեռևս ուսանողական տարիներից»․- գրել է նա ֆեյսբուքյան էջում:

Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից ազատվեց Գրիգորի Հայրապետովը:

Իսկ այս արևի տակ սեփական տեղը պահպանելու պայքարի ելած մասնագետների բանակը համալրվեց Երևանի հակատուբերկուլյոզային դիսպանսերի աշխատակիցներով: Նրանք բողոքում են առողջապահության նախարարի որոշման դեմ, որով դադարեցվում է դիսպանսերի ստացիոնար բաժանմունքի ֆինանսավորումը։ Ցուցարարները մտահոգություն ունեն, որ այս կրճատումը վաղ թե ուշ հանգեցնելու է ամբողջ դիսպանսերի փակմանը, քանի որ արտահիվանդանոցային բաժանմունքի ֆինանսավորումը բավարար չէ կենտրոնի աշխատանքի համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: