Հայերեն   English   Русский  

Շենքերին արևային համակարգերի տեղադրման ծրագիրը կիրականացվի բնակիչների մասնակցությամբ


  
դիտումներ: 64

«ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի ընթացքի մանրամասներն են քննարկվել ծրագրի համակարգող խորհրդի հերթական նիստում:

Նախատեսվում է բազմաբնակարան բնակելի 90 շենքի տանիքներին տեղադրել արևային ֆոտովոլտային համակարգեր, որոնք կապահովեն վերելակների շահագործման, շենքերի մուտքերի բոլոր հարկաբաժինների և բակերի լուսավորության էլեկտրաէներգիայի պահանջարկը: Իսկ տարածքների լուսավորությունը կապահովվի LED լուսատուներով: Երևանի քաղաքապետի տեղակալ, ծրագրի համակարգող խորհրդի ղեկավար Հայկ Սարգսյանը նշել է, որ, չնայած ծրագրի ժամանակացույցի որոշակի շեղումներին, աշխատանքներն ակտիվորեն ընթանում են: Նշվել է, որ արդեն իսկ ավարտվել և ամփոփման փուլում է լուսատուների ձեռքբերման մրցույթը:

«Սա քաղաքի համար կարևոր ծրագիր է, որը նաև քաղաքապետարանի ծրագրային առաջնահերթությունների մեջ է և կմնա այնքան ժամանակ, քանի դեռ այն ամբողջությամբ չի իրականացվել: Ծրագրի գործնական փուլին անցնելուց առաջ այժմ ակտիվ բացատրական աշխատանքներ են տարվում բնակիչների հետ, քանի որ համակարգերի տեղադրումը հնարավոր է միայն բնակիչների մասնակցությամբ»,-ընդգծել է Հայկ Սարգսյանը:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի միջազգային համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլին, CoM-DEP աջակցող խմբի ղեկավար Յան Վանդերսը: Խորհրդի անդամներն իրենց դիտարկումներն են ներկայացրել ծրագրի իրականացման վերաբերյալ և նկատել, որ «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք»-ն իր ծավալներով և բնապահպանական նշանակությամբ կարևոր է ոչ միայն մայրաքաղաքի համար: Ծրագիրն իրականացվում է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում՝ ԵՄ կողմից տրամադրվելիք դրամաշնորհի միջոցներով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: