Հայերեն   English   Русский  

Խաչատրյանի 16-րդ միջազգային մրցույթը կանցկացվի ջութակ մասնագիտությամբ. մեկնարկել է հայտերի ընդունումը


  
դիտումներ: 572

2020թ. հունիսի 6-ին Երևանում կմեկնարկի Խաչատրյանի 16-րդ միջազգային մրցույթը։ Այն կանցկացվի ջութակ մասնագիտությամբ։

Միջազգային այս ստուգատեսին մասնակցել ցանկացողները կարող են դիմել info@khachaturian-competition.com էլեկտրոնային հասցեին՝ ուղարկելով իրենց փաստաթղթերը։ Հայտերն ընդունվում են մինչև 2020թ. մարտի 20-ը։

Կարող են դիմել մրցույթի մեկնարկի պահին (հունիսի 6, 2020թ.) 16-32 տարեկան (ներառյալ) ջութակահարներ` անկախ ազգությունից և քաղաքացիությունից:

Խաչատրյանի միջազգային մրցույթը բաղկացած է նախընտրական լսումներից և 3 փուլից՝ 1-ին փուլ, 2-րդ փուլ (կիսաեզրափակիչ), 3-րդ փուլ (եզրափակիչ): Կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերում մասնակիցների պարտադիր կատարման ծրագրում ներառված են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։

Առաջին մրցանակակիրը կստանա դրամական պարգև՝ 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2-րդ տեղը զբաղեցրած երաժիշտը կարժանանա 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մրցանակի, իսկ երրորդ մրցանակակիրը՝ 5.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարգևավճարի։ Շնորհվում են նաև մի շարք հատուկ մրցանակներ:

Խաչատրյանի մրցույթը նպատակ ունի բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, նրանց մասնագիտական առաջընթացի հնարավորություններ ընձեռել։

Խաչատրյանի միջազգային մրցույթը համաշխարհային երաժշտական աշխարհում մեծ ճանաչում ունի։ Այն Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է, հայկական միակ մրցույթը, որ արժանացել է նման պատվի և անցկացվում է համաշխարհային այս կառույցի չափորոշիչներով։ Տարեցտարի ընդլայնվում է մրցույթին մասնակցել ցանկացողների թիվն ու աշխարհագրությունը։ Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Մրցույթին դիմելու կարգի մասին և այլ տեղեկություններ կարելի է ստանալ Խաչատրյանի միջազգային մրցույթի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/33M0wXR





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: