Հայերեն   English   Русский  

​«Հիմա մասամբ գիտեմ». պատմություն հռչակավոր գերդաստանի մասին


  
դիտումներ: 325

Պատմություն հռչակավոր գերդաստանի մասին, որի պապերն ու թոռները, զավակներն ու ավագները ամերիկյան վերնախավի ամենավառ աստղերն են։ Գիրք-կենսագրություն՝ Փոլ Իգնեշիուս. «Հիմա մասամբ գիտեմ»։

Կայացավ Փոլ Իգնեշիուսի «Հիմա մասամբ գիտեմ» հայերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը։

Գիրքը հայերեն թարգմանվել և հրատարակվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և «Նյումեգ» հրատարակչության համատեղ ջանքերով։

«Նյումեգ» հրատարակության լույս ընծայած և տարվա գլխավոր գրքերից մեկը: Փոլ Իգնեշիուսն ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայն է։ Հենց այս տարի Ամերիկյան ռազմածովային ուժերի գերժամանակակից սպառազինությամբ հրթիռակիր հածանավը կոչվեց ամերիկահայ պետական ու ռազմական գործիչ Փոլ Իգնեշիուսի անունով։ Փոլ Իգնեշիուսն առանձնակի ջերմությամբ է հիշում իր մանկության և պատանեկության տարիները, երբ Գլենդելի իրենց տուն էին այցելում Վիլյամ Սարոյանը, Ռուբեն Մամուլյանը։

Միացյալ Նահանգներում ամենաբարձր պաշտոնը զբաղեցրած հայը նոյեմբերին կդառնա 99 տարեկան: Գրքի թարգմանիչ Դիանա Համբարձումյանին հատկապես տպավորել է հեղինակի բացատրությունը, թե ինչու է գիրքը կոչել՝ Հիմա մասամբ գիտեմ:

«Նյումեգ» հրատարակչության խմբագիր Գնել Նալբանդյանը համառոտ ներկայացնում է, թե ինչու պետք է պարտադիր կարդալ «Հիմա մասամբ գիտեմ» գիրքը: Սա գիրք է պատերազմի, խաղաղության ու մարդու մասին:

Փոլ Իգնեշիուսը պատմում է նաև Հարվարդում սովորելու, Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելու և ԱՄՆ կառավարությունում աշխատելու մասին։ Ի վերջո, հեղինակը նկարագրում է այն պատմական ուղևորությունը, որի ընթացքում այցելել է Արևմտյան Հայաստան և Երևան։

Փոլ Իգնեշիուսը 2-րդ Աշխարհամարտին մասնակցել է որպես ռազմածովային ուժերի լեյտենանտ: Ծառայել է Խաղաղ օվկիանոսի ռազմածովային ուժերում: ԱՄՆ նավատորմի նախարար և ԱՄՆ պաշտպանության փոխնախարարն էր Վիետնամի պատերազմի տարիներին: Ամենահայտնի ամերիկահայ ծովային պաշտոնյայի ինքնակենսագրականը «Նյումեգը» հրատարակել է Ավրորա նախաձեռնության աջակցությամբ: Ավրորայի հայկական ծրագրերի տնօրեն Հայկ Դեմոյանը շնորհանդեսին եկել է անակնկալով:

Գրքի հրատարակման ամբողջ ընթացքին հետևել ու հայատառ գրքին սրտի թրթիռով սպասել են նաև Փոլ Իգնեշիուսի զավակները: Գիրքը հենց նրանց է նվիրված: Գրքի նախաբանը «Նյումեգը» վստահել է Իգնեշիուսի չորս զավակներին: Շնորհանդեսին ներկա էր Իգնեշիուսների ավագ որդին՝ Վաշինգտոն փոստի հայտնի սյունակագիր, լրագրող Դեյվիդ Իգնեշիուսը:

Հայերեն թարգմանության համար գրքում հատուկ նախաբան են գրել Փոլ Իգնեշիուսի զավակները՝ Դեյվիդ, Սառա, Էմի և Ադի Իգնեշիուսները։

Գիրքը հայերեն թարգմանել է Դիանա Համբարձումյանը։

Նրա խոսքով՝ գիրքը առաջին անգամ հրատարակվել է 2001թվականին, իսկ 2011-ին վերահրատարակվել է։

«Նյումեգ» հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանն իր ելույթում նշեց, որ գիրքը կարդալուց հետո անհնար է չսիրել Փոլին:

Փոխարտգործնախարար, Միացյալ նահանգներում Հայաստանի նախկին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը մտերիմ է եղել Իգնեշիուսների ընտանիքի հետ : Գիրքը կարդացել էր անգլերեն: Հայերեն թարգմանությունը թերթել է ու միանգամից նկատել գլխավոր առանձնահատկությունը՝ սա որակյալ թարգմանություն է: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդ Սքոթ Մաքսվելը գրքի կարևորությունը ներկայացնում է պատմաքաղաքական տեսանկյունից: Գրքում Իգնեշիուսը պատմում է սառը պատերազմի տարիների մասին, երբ աշխատում էր պենտագոնում:

«Հիմա մասամբ գիտեմ» գիրքը պատմում է ոչ միայն ամենահեղինակավոր գերդաստաններից մեկի՝ Իգնեշիուսների մասին կամ ամենահայտնի ու ամենաբարձր պաշտոն զբաղեցրած հայ մարդու մասին, այլ նաև մի ամբողջ դարաշրջանի ռազմական, քաղաքական կյանքի, և ամենակարևորը ամերիկահայերի մասին: Պատմում է, թե ինչպես են Միացյալ Նահանգներում ապրել մեր պապերը, ինչպես են խոսել, երբեմն էլ պարզապես լռել իրենց անցած ճանապարհի ու ցեղասպանության մասին:

Հիշեցնենք, որ Փոլ Ռ. Իգնեշիուսը ծնվել է 1920-ին Գլենդելում, սակայն նրա արմատները պատմական Հայաստանի Խարբերդում են: Երկրորդ համաշխարհային պատերազմին ԱՄՆ ռազմածովային ուժերում ծառայելուց հետո ավարտել է Հարվարդի համալսարանը:

8 տարի աշխատել է ԱՄՆ նախագահներ Ջ. Քենեդու և Լ. Ջոնսոնի կառավարություններում, որպես պաշտպանության նախարարի տեղակալ, 1967-ին՝ նավատորմի նախարար: Ի պատիվ նրա ձեռքբերումների՝ ամերիկյան նավատորմը 2019-ին նրա անունով կոչեց իր հրթիռային հածանավերից մեկը, որն այժմ կրում է USS Paul Ignatius անվանումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: