Հայերեն   English   Русский  

Այն ՍԴ-ն, որը տասնյակ տարիներ լեգիտիմացրել է կեղծված ընտրությունները, այդ ՍԴ-ից ամեն ինչ սպասելի է. Մակունց


  
դիտումներ: 113

Ըստ ԱԺ իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ Սահմանադրական դատարանը Ազգային ժողովի կողմից հնչեցված հարցադրումներին կամ մտահոգություններին չի տվել պատասխան, որոնք պետք է հաստատվեին կամ փարատվեին։

«Առկախված են մնացել այն բոլոր հարցադրումները, մտահոգությունները, խնդիրները, որոնք արծարծված են եղել նախագծում։ Եվ փոխարենը, ՍԴ-ն որոշում է կայացրել, որ ուղղակի թողնում է առկախված և դրանով, իմ գնահատմամբ, ԱԺ-ի նկատմամբ դրսևորվել է ՍԴ-ի կողմից անհարգալից վերաբերմունք, որն, իհարկե, արձագանք կստանա: ՍԴ-ն ոչ միայն պատրաստ չէ և չի ուզում լուծումներ տալ առկա խնդիրներին, այլև չի ուզում դրանք քննարկել»,- ասաց Մակունցը։

Մակունցը նշեց, որ ՍԴ-ն իր որոշմամբ խորացրել է վստահության ճգնաժամը, որ կա բարձրագույն դատարանի շուրջ:

«Մեր գործողությունները շարունակելու են մնալ նույնը, ինչ նախկինում էր։ Մենք մեր առաջ խնդիր չէինք դրել այն նախագծով լուծելու ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը, շարունակելու ենք այն պլանով, որով ներկայացված է թե նախարարության կողմից ռազմավարական փաթեթով, բայց միեւնույն ժամանակ, ԱԺ-ն չի սահմանափակվելու միայն նախարարության կողմից ներկայացված փաթեթով՝ դատաիրավական համակարգում բարեփոխումների, վստահությունը դատարանների եւ դատավորների նկատմամբ վերականգնելու ուղղությամբ։ Արդարադատության նախարարության եւ ԱԺ-ի համատեղ աշխատանքի արդյունքում մեր վաղաժամ կենսաթոշակի փաթեթն ենք առաջիկայում պատրաստվում ընդունել»։

Մակունցը նշեց, որ նախագիծը ներկայացնելիս ինքը չի բացառել ոչ մի եզրակացություն կամ որոշում ՍԴ-ի կողմից. «Քանի որ այն ՍԴ-ն, որը տասնյակ տարիներ լեգիտիմացրել է կեղծված ընտրությունները, այդ ՍԴ-ից ամեն ինչ սպասելի է»։

Նրա խոսքով՝ ԱԺ-ն խնդիր չի դրել Հրայր Թովմասյանի հեռանալով լուծել ՍԴ-ի ճգնաժամը. «Մեզ համար կարեւոր է նաեւ արձանագրել, թե նախագիծը ներկայացնելուց հետո ինչ դիրքավորում ունի ՍԴ-ն»։

Դիտարկմանը՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցն այնքան է ուշադրության կենտրոնում պահվել, որ մյուս ոչ պակաս կարեւոր խնդիրներին անդրադարձ չի կատարվում, Մակունցն ասաց.

«Համաձայն չեմ այդ գնահատականի հետ։ Այն նախագիծն ու գործընթացը, որն իրականացվում էր Հրայր Թովմասյանի հետ կապված, բոլորովին առանձին նախագիծ էր, որին ընթացք էր տրվել հանգամանքների ի հայտ գալու պարագայում, մենք էլ ձեռնպահ չենք մնացել այդ գործընթացն առաջ տալուց»։

Անդրադառնալով Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱԾ հրավիրելուն՝ բացառեց, որ կարող է այդ ամենն իրականացվել քաղաքական դրդապատճառներից ելնելով. «Բացառում եմ բոլոր այն ենթատեքստերը եւ մեկնաբանությունները, որոնք դրվում են քաղաքական դրդապատճառների առումով։ Չի կարող նման բան լինել, չի կարող լինել այն իշխանության պարագայում, որը մերժել է քաղաքական հետապնդումների երեւույթը»։

Մակունցը հույս հայտնեց, որ իրավապահ մարմինները գործում են եւ կգործեն իրենց լիազորությունների եւ գործառույթների շրջանակում. «Ոչ թե վստահության պակասն է, այլ ցանկություն ունեմ իրավապահ մարմինների զգոնություն էլ ավելի ուշադրությունը սեւեռել այդ հանգամանքի վրա, որովհետեւ նրանց լիազորությունների շրջանակում առաջնորդվելը եւ խիստ իրավական փաստարկներով առաջնորդվելն է, որ երաշխավորելու է, որը որեւէ մեկի մոտ կասկած չի առաջացնի դա»։

Հարցին՝ արդյոք որեւէ կապ չկա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված ՍԴ-ի որոշման եւ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հետ, Մակունցն ասաց, որ վաղուց արդեն իսկ ԱԺ-ն հայտարարել էր, որ ՍԴ-ի հետ կապված իրենք փնտրտուքների մեջ են եւ փորձում են լուծումներ գտնել։

Անդրադառնալով ԲՀԿ խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ կան նախարարներ, որոնք իրենց պատգամավորական մանդատն առանց վայր դնելու դարձել են նախարարներ, Մակունցն ասաց, որ եթե կան այդպիսի նախարարներ, ապա Ծառուկյանը թող փաստերով խոսի. «Ես նման տեղեկատվություն չունեմ, քանի որ պարոն Ծառուկյանը բարձրացրել է այդ հարցը, եթե կան փաստարկներ, ապա թող փաստարկները հնչեցնի»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: