Հայերեն   English   Русский  

​Այս պահին քննչական գործողություններ են ընթանում և Արսեն Բաբայանին առաջադրվել կամ առաջադրվում է մեղադրանք. Ռուբեն Մելիքյան


  
դիտումներ: 233

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, որտեղ քննվում է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալության դեմ բողոքը, հավաքվել են մի խումբ անձինք, ՀԿ անդամներ, փաստաբաններ, որոնք պնդում են, որ Բաբայանը ապօրինի է ձերբակալվել։

Հավաքվածներից Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ այս պահին քննչական գործողություններ են ընթանում և Արսեն Բաբայանին առաջադրվել կամ առաջադրվում է մեղադրանք։

Ըստ նրա՝ դա է պատճառը, որ Բաբայանի ձերբակալման որոշման դեմ բողոքի քննությունը նշանակվել է բավականին ուշ՝ ժամը 18:30–ին այն պարագայում, որ պաշտպանը բողոքը ներկայացրել էր դեռևս երեկ երեկոյան։

«Կարծես թե Բաբայանին այլ մեղադրանք է առաջադրվում՝ իշխանությունը յուրացնելուն օժանդակության համար»,–հայտարարեց նա։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ քննում է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալման որոշման դեմ բողոքը։

Բաբայանը ձերբակալվել է երեկ՝ հոկտեմբերի 21–ին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Խոսքը վերաբերվում է ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքին։ Գործը, որով կասկածվում է Բաբայանը, միացվել է ՀՔԾ–ում քննվող իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էր ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: Արման Բաբաջանյանը պնդում է, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով: Հաղորդման հիման վրա ՀՔԾ–ում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: