Հայերեն   English   Русский  

Զմայլելի պտղունցներ խոր իմաստնարանից


Խոսք ընթերցողի


  
դիտումներ: 296

Մհեր Մկրտչանի նման մեծ դերասանը, համայն ճանաչման արժանացած Արտիստը ինչու՞ պիտի մի անգամ մայր թատրոնից հեռացվելու անհասկանալի փաստի առնչվեր:

Գուցե նա այդ ազդեցությունից գրեց իր բանաստեղծություններից մեկը.

«Երբ իմ սրտի խորքը մութ է,

Ում համար ես վառում լույս…»

Կամ ինչո՞ւ պիտի Օհան Դուրյանը ստիպված լիներ բեմը փոխեր միտինգների հարթակով՝ արդարության, իրավունքի վերականգնման պահանջով ոտքի ելած ժողովրդի պահանջին միանալով: Իսկ ինչո՞ւ Հովհաննես Շիրազը...

Այս բազում ինչուներին յուրատիպ պատասխան են լրագրող, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանի բեղուն գրչի արձագաքները, որ մեկտեղել է վերջերս լույս աշխարհ եկած «Անավարտ զրույցներ» ժողովածուն: Այստեղ ընթերցողին են հասնում զմայլելի պատառիկներ մեր մեծերի իմաստնությունից, որ ներկայացնում են հեղինակի գրիչը, նաև օբյեկտիվը, ձայնագրիչը: Սրբացած մասունքներ են գրքի էջեր բերված բազմաթիվ լուսանկարները, ձայնագրությունները, փաստաթղթերի կրկնօրինակները:

... 1990 թվականին ռեժիսոր Ֆրունզիկ Ամիրխանյանի հետ հեղինակը բացել է «Խորան լուսո» հեռուստահաղորդաշարը: Առիթներ շատ են եղել անձամբ հանդիպելու և զրուցելու երջանկահիշատակ Վազգեն 1-ին կաթողիկոսի հետ ու հետագայում ընթերցողն իր սեղանին ունեցավ Հովհաննես Պապիկյանի «Հոգու հերկը» ուշագրավ աշխատությունը:

Ոգեղեն մեկնարկը «Անավարտ զրույցներ» ժողովածուում շարունակվում է Հայրիկ Մուրադյանի անկրկնելի ձայնի ներքո, որ հետո դառնում է ափսոսանք ու կարոտ:

Ափսոսանք ու կարոտ: Հետո Հովհաննես Շիրազի ելույթն է, որ փակի տակ դրվեց, իսկ հետո ընթերցողի համար բացվեց Հովհաննես Պապիկյանի «Կարոտս կարոտիդ կարոտ»» գրքի էջերում: Հովհաննես Պապիկյանը իր խոսքի ողջ հմայքով ընթերցողին է հասցնում մեծանուն կինոռեժիսոր Հենրիկ Մալյանից ճառագող լույսը, որ վերջերս ալավերդցի թատերասեր հասարակությանը, նաև ռեժիսորի տաղանդավոր դուստրը՝ Նարինե Մալյանը ներկայացրեց «Թատերական Լոռի» միջազգային փառատոնում, իր ղեկավարած թատերախմբով բացելով թումանյանական հեքիաթների գաղտնիքները:

Շուրջ 100 էջեր ընթերցողն անցնում է տաղանդավոր դերասան Մհեր Մկրտչյանի հետ: Այս էջերում Հովհաննես Պապիկյանը գտնում է իր որոնած արտիստին և ընթերցողին թողնում «է՜ն ուրիշ Ֆրունզիկը» խոսքերի հետ, իսկ տաղանդավոր դերասանը մեր ականջին կրկին հասցնում է «Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել» խոհ-պատգամը: Շարունակության մեջ իրենց տաղանդով և նվիրումով ընթերցողին ներկայանում են նար Օհան Դուրյանը, Համո Սահյանը, Կարեն Դեմիրճյանը, Ռաֆայել Պապայանը, Հրաչյա Մաթևոսյանը: Զրույցը Հրաչյա Մաթևոսյանի /Հրաչօ/ հետ դեռ շարունակվում է: Հրաչօն մտորում է. ««Ինչո՞ւ չենք կարողանում գրել «Հայի հողը և հողի հայը» վերնագրով մի նամակ, մի դիմում, մի բանաստեղծություն, մի վեպ, մի երգ»»…:

Ժողովածուն ավարտվում է մնալով հավերժ անավարտ, մնալով շարունակ արձանագրելու հայոց մեծ երթի նոր մանրամասներ: Դասեր առած մեր երևելիների կյանքի ճանապարհից այսօրվա սերունդը իր քարն է դնում մեր պատմության հուշարձանին, հետո գալու են նոր սերունդներ ու շարունակվելու են ազգանվեր մտավորական Հովհաննես Պապիկյանի անավարտ զրույցները: Գտնվելու են ժողովածուի խմբագիր և մեկենաս, գերմանաբնակ Ալիս Սողոմոնյանի նման հայեր, որ արժանանան համազգային հարգանքի:

Իսկ հիմա պարզապես կարդացե՛ք ժողովածուն, կրկին անգամ զգացեք երևելի այս աստղաբույլի ոգին, նրանց գունեղ կյանքի համն ու հոտը:

Վաղարշակ Ղորխմազյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: