Հայերեն   English   Русский  

Արսեն Բաբայանը քաղբանտարկյալ է. Ռուբեն Մելիքյան


  
դիտումներ: 279

Այսօր՝ հոկտեմբերի 22–ի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը, մեկնաբանելով Արսեն Բաբայանի ձերբակալման որոշումը, հայտարարեց, որ

Արսեն Բաբայանին համարում է քաղբանտարկյալ։

Անդրադառնալով Բաբայանին մեղսագրվող ենթադրյալ արարքներին, Մելիքյանը նշեց, որ այդ մասին կարող է ենթադրություններ անել մամուլում հրապարակված տեղեկությունների հիման վրա։

«Մամուլի հրապարակումների համաձայն՝ Արսեն Բաբայանը հրահանգ է տվել աշխատակցին՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը գրանցել ոչ թե 2018թ. մարտի 5–ին, այլ մարտի 2–ով։ Սա տեսականորեն կարող էր արդյոք ինչ–որ բան փոխել, պարզ չէ։ Անկեղծորեն ես ուզում եմ հասկանալ, թե այս մարդիկ ի՞նչ են մեղագրում իշխանության բավականին ակտիվ քննադատ Արսեն Բաբայանին»,–ասաց նա։ Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ Բաբայանին այսօր առաջադրել է մի մեղադրանք, որի վրա համաներումը չի տարածվում, այն է՝ իշխանության յուրացման օժանդակելը։

Նշենք, որ Բաբայանը ձերբակալվել էր քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով. այս հոդվածի վրա առերևույթ համաներում է կիրառելի:

«Քանի որ ՔՕ 314–րդ հոդվածը համաներման տակ անցնող հոդված է և նա այդ հոդվածով չէր կարող զրկվել ազատությունից։ Երեկվանից սկսված բողոքի ալիքը և հասարակության բացասական վերաբերմունքը ստիպել է իրավապահներին մեկ այլ հանցակազմ գտնել»,–նկատեց իրավապաշտպանը։

Մելիքյանի համոզմամբ՝ ՀՔԾ–ն ի սկզբանե իրավունք չուներ ձերբակալելու Արսեն Բաբայանին։

«Անձի ձերբակալումը կիրառվում է նրա փախուստը կանխելու նպատակով, սակայն եթե անձին չի սպառնում մի իրավիճակ, որի արդյունքում նա փախուստի կդիմի, ուրեմն վտանգ չկա, որ նա կդիմի փախուստի»,–ասաց նա։

Մելիքյանը նաև նշեց, որ տեղյակ չէ Արսեն Բաբայանի դեմ ցուցմունք տված անձինք կան, թե՞ ոչ ։

«Ակնկալում եմ, որ Արսեն Բաբայանն ազատ կարձակվի։ Ես հույս ունեմ, որ վերջ ենք տալու գնալով ցածրության նոր մակարդակ գրանցող իրավական մշակույթի քանդման պրոցեսին»,–եզրափակեց նա։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ քննում է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալման որոշման դեմ բողոքը։

Բաբայանը ձերբակալվել է երեկ՝ հոկտեմբերի 21–ին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Խոսքը վերաբերվում է ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքին։ Գործը, որով կասկածվում է Բաբայանը, միացվել է ՀՔԾ–ում քննվող իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էր ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: Արման Բաբաջանյանը պնդում է, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով: Հաղորդման հիման վրա ՀՔԾ–ում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: