Հայերեն   English   Русский  

Պուտինը և Էրդողանը համաձայնեցրել են Սիրիայում թուրքական գործողության դադարեցման պլանը և հուշագիր են ստորագրել


  
դիտումներ: 225

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ՝ հոկտեմբերի 22-ին, հանդիպեցին Սոչիում, նրանց բանակցությունները տևեցին ավելի քան վեց ժամ:

Դրանց ընթացքում երկու երկրների առաջնորդները քննարկեցին Սիրիայի հյուսիս-արևելքի իրավիճակը և թուրքական ռազմական գործողությունն այդ տարածաշրջանում: Այս մասին տեղեկացնում է ռուսական BBC-ին:

«Պարոն Էրդողանը մանրամասն մեկնաբանություններ տվեց Սիրիայի սահմանի երկայնքով ռազմական գործողության նպատակների և խնդիրների մասին: Մենք քանիցս նշել ենք, որ ըմբռնումով ենք վերաբերվում Թուրքիայի քայլեր ձեռնարկելու ձգտմանը, որպեսզի հուսալի երաշիք ստեղծվի սեփական ազգային անվտանգության համար»,- հայտարարել է Պուտինը բանակցությունների արդյունքների մասին:

Ընդ որում, նա նշել է՝ գլխավորն այն է, որ թուրքական զինված ուժերի գործողություններից Սիրիայի տարածքում չօգտվեն «Իսլամական պետության» զինյալները, որոնք գտնվում են գերության մեջ Սիրիայի հյուսիս-արևելքում տարածքները վերահսկող քրդերի մոտ:

«Սիրիան պետք է ազատվի անօրինական արտասահմանյան ռազմական ներկայությունից: Մեր կարծիքով՝ Սիրիայում ամուր և երկարաժամկետ կայունություն հնարավոր է միայն երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովման պայմանով: Դա սկզբունքային դիրքորոշում է, և մենք հանգամանալից խոսել ենք այդ մասին Թուրքիայի նախագահի հետ»,- ասել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ կողմերին հաջողվել է հասնել «ճակատագրական» որոշումների Սիրիայի իրավիճակի վերաբերյալ: Բանակցությունների արդյունքներով նրանք ստորագրել են տասը կետից բաղկացած փոխըմբռնման համատեղ հուշագիր: Նրանք մասնավորապես պայմանավորվել են.

  • Հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրական կողմում՝ Թուրքիայի գործողության գոտու սահմաններից անդին, կմտցվեն ռուսական ռազմական ոստիկանության և սիրիական սահմանապահ ծառայության ստորաբաժանումներ:
  • Քրդերը լրացուցիչ 150 ժամ կստանան (վեց օրից քիչ ավելի), որպեսզի լքեն Սիրիայի սահմանամերձ շրջանները և հեռանան երկրի խորքը:
  • Քրդական ուժերի՝ սահմանից 30 կմ հեռանալուց հետո (30-կիլոմետրանոց «անվտանգության գոտու» ստեղծումը թուրք-սիրիական սահմանի երկայնքով Սիրիայում Թուրքիայի գործողության հիմնական նպատակն է եղել) Ռուսաստանը և Թուրքիան համատեղ պարեկություն կանեն թուրքական գործողության շրջանից դեպի արևելք և արևմուտք 10 կմ խորությամբ:
  • Ստատուս քվոն Թուրքիայի գործողության ներկայիս շրջանում՝ 32 կմ խորությամբ, Թել Աբյադ բնակավայրի և սահմանամերձ Ռաս ալ-Այն քաղաքի միջև, կպահպանվի:
  • Բոլոր քրդական ուժերը և նրանց սպառազինությունը դուրս կբերվեն Մանբիջից և Թալ Ռաֆատից:
  • Ռուսաստանը և Թուրքիան անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն թուրք-սիրիական սահմանով պոտենցիալ ահաբեկիչների թափանցումը կանխելու համար և կնպաստեն Սիրիա փախստականների անվտանգ և կամավոր վերադարձին:
  • Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող թուրքական գործողության գոտում թուրք զինվորականների հետագա գտնվելու ժամկետների հարցը չի քննարկվել:

    «Այսօր գլխավոր խնդիրն է դուրս գալ այդ ճգնաժամային իրավիճակից, դադարեցնել մարտական գործողությունները, դադարեցնել առհասարակ իրավիճակի բացասական զարգացումների հետագա պլանները»,- մեկնաբանել է նա:

    Նրա խոսքով՝ Պուտինը և Էրդողանը բանակցությունների ընթացքում քննարկել են քրդական խնդրի լուծման մի քանի տարբերակներ և որոշել են առայժմ կանգ առնել սահմանամերձ գոտում վերահսկողություն մտցնելու վրա:

    Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերել Պուտինը և Էրդողանը, փաստորեն ապահովում են Սիրիայում Թուրքիայի գործողության դադարեցումը:

    «Այն գործողությունները, որոնք կձեռնարկվեն, այն պարտավորությունները, որոնք այդ հուշագրի շրջանակներում են, ապահովում են արյունահեղության կասեցումը, այն գործողության կասեցումը, որն այնքան հակասական արձագանքներ է առաջացնում աշխարհում, և որ շատ կարևոր է, ապահովում է սիրիական սահմանապահների ներկայությունը սահմանին»,- մեջբերում է նրա խոսքը Interfax-ը:





    Մեկնաբանել
    Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: