Հայերեն   English   Русский  

37 տարեկանում մահացել է միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազը


  
դիտումներ: 80

Տևական հիվանդությունից 37 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հեղինե Սարգսի Բադալյանը: Այդ կապակցությամբ ցավակցական խոսք է հղել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը.

«Խորը ցավով տեղեկացա մեր սիրելի գործընկեր, ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հեղինե Բադալյանի անժամանակ մահվան մասին:

Չափազանց ծանր և դժվար է ափսոսանքի, սփոփանքի խոսքեր գտնել երիտասարդ, կյանքի բերկրանքը լիարժեք չզգացած մարդու, առավելևս գործընկերոջ կորստի դեպքում:

Իր մարդկային նկարագրով, համեստությամբ, բոլորի հետ հաղորդակցվելու կարողությամբ ու անկեղծությամբ Հեղինե Բադալյանը վայելում էր ողջ կոլեկտիվի սերն ու հարգանքը: Նա մշտապես աչքի է ընկել իր պարտականությունների կատարմանը, իր առջև դրվող խնդիրներին մեծ պատասխանատվությամբ մոտենալու հատկությամբ, անխոնջ, անտրտունջ աշխատանքով, բարեխճությամբ ու հոգատարությամբ:

ՀՀ գլխավոր դատախազությունում, իր հետ աշխատած, իրեն ճանաչած մարդկանց սրտերում Հեղինե Բադալյանը լույսի շող, ջերմություն, բարություն և թանկ հուշեր թողեց, ինչպես նաև դառը կսկիծ՝ իր չվայելած երիտասարդության, կյանքի և կիսատ թողած երազանքների համար:

Անձամբ իմ և ՀՀ գլխավոր դատախազության ողջ անձնակազմի կողմից ցավակցում եմ մեր սիրելի գործընկերոջ հարազատներին, ընկերներին, մտերիմներին այս անդառնալի, խիստ անժամանակ և ծանր կորստի համար: Համբերություն ու տոկունություն եմ մաղթում այս դժվարին պահին»:

Կենսագրությունը

Հեղինե Բադալյանը ծնվել էր 1982թ. օգոստոսի 14-ին Երևան քաղաքում:

1999-2005թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում՝ ստանալով պետական և մունիցիպալ կառավարման բակալավրի, ապա մագիստրոսի աստիճաններ:

2007-2010թթ. սովորել է Երևանի մենեջմենթի համալսարանում՝ ստանալով իրավաբանի կրթություն:

2011-2013թթ. սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանում և ստացել իրավագիտության մագիստրոսի աստիճան:

Աշխատանքային գործունեությունն սկսել է 2003 թվականի օգոստոսից՝ Մտավոր սեփականության գործակալությունում՝ որպես խմբագիր:

2003-2013թթ. աշխատել է Արդարադատության նախարարությունում՝ նախ որպես աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության տնտեսական օրենսդրության բաժնի առաջին կարգի մասնագետ, ապա աշխատակազմի ղեկավարի օգնական, նախարարի տեղակալի օգնական:

2013թ. տեղափոխվել է դատախազության համակարգ՝ նախ որպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի օգնական, ապա՝ ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի քարտուղարության գլխավոր մասնագետ:

ՀՀ գլխավոր դատախազի 2018թ. ապրիլի 7-ի հրամանով նշանակվել էր ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազ՝ ստանալով արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:

Ամուսնացած չէր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: