Հայերեն   English   Русский  

Յուրաքանչյուր զոհվածի հիշատակին՝ մեկ սոսենի. Արայիկ Հարությունյանի հայտարարությունը


  
դիտումներ: 48

Արցախում գալիք տարվա ապրիլի 2-ից կմեկնարկեն սոսիների պուրակի հիմնման աշխատանքներ, որտեղ անվանական ծառեր կտնկվեն՝ ի հիշատակ արցախյան ազատամարտում և նրա պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած մեր տղաների:

Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախկին վարչապետ և պետական նախարար, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Նա այդ հայտարարությունն արել է Քաշաթաղի շրջանի Դիցմայրի համայնքի տարածքում գտնվող, Կովկասում միակը համարվող սոսու պուրակում կազմակերպված կուսակցական միջոցառմանը:

«Երեկ ընտանիքիս անդամների հետ Քաշաթաղի շրջանի հարավային բնակավայրերից Դիցմայրի գյուղ էի այցելել, որտեղ նաև կուսակցական միջոցառում ունեինք: «Ազատ հայրենիք»-ի շարքերն ամրապնդած մեր նոր թիմակիցների կուսակցական տոմսերն, ավանդույթի համաձայն, գնացել էի անձամբ հանձնելու: Այն իմ հորդորով անցկացվել է գյուղի հարակից տարածքում գտնվող, Կովկասում միակը համարվող սոսու պուրակում: Բայց վայրի ընտրության նպատակն այլ էր: Ավանդազրույցի համաձայն՝ այդ պուրակը հիմնվել է Ավարայրում զոհված հայորդիների հիշատակին: Չգիտեմ՝ լեգենդն ինչքանով է համապատասխանում իրականությանը, բայց, կարծում եմ, կարևորը դրա խորհուրդն է, որը հազար հինգ հարյուր տարի մեր ժողովուրդը փոխանցել է սերնդեսերունդ…

Երկար ժամանակ մտածում էի՝ ինչով կամ ինչպես հավերժացնենք արցախյան ազատամարտում և նրա պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած մեր տղաների սուրբ հիշատակը: Կային տարբեր գաղափարներ, բայց ամենահիշարժանը, որ ծնվեց օրերս, սոսյաց նոր պուրակի հիմնումն է, քանի որ քարաշեն ոչ մի կառույց չի կարող այնքան երկար կյանք ունենալ, որքան սոսենին կամ, ինչպես Արցախում ենք անվանում, տնջրին, որը նաև վերարտադրվելու հատկություն ունի: Տեղանքն ընտրել ենք Քաշաթաղի հյուսիսային հատվածում՝ Ծիծեռնավանքի հարակից տարածքում, որը բացի կլիմայական պայմաններից, խորհրդանշական իմաստ կունենա Մայր Հայրենիքի հետ մեր անխախտ կապն ավելի ամուր դարձնելու առումով:

Ծառատունկը նախատեսում ենք սկսել գալիք տարվա ապրիլի 2-ին: Խորհուրդն ու փիլիսոփայությունը ավելորդ եմ համարում մեկնաբանել:

Յուրաքանչյուր զոհված ազատամարտիկի ու զինվորի հիշատակին անվանական տունկը կկատարի իր ընտանքի ներկայացուցիչը: Իսկ հարազատներ չունեցողների և մեր հողի համար զոհված այլազգիների հիշատակը կհավերժացնենք բոլորս միասին՝ նրանց փոխարեն այդ ծառերը տնկելով:

Նախնիների օրինակով վերագնահատենք մե՛ր արժեքները և փոխանցե՛նք մեր սերունդներին…»,- գրել է Հարությունյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: