Հայերեն   English   Русский  

Երկաթուղու աշխատանքը նորից խոչընդոտվել է. մեքենավարները բողոքի ակցիա են անում


  
դիտումներ: 58

Հարավկովկասյան երկաթուղին սպասարկող մարդատար և բեռնատար գնացքները հոկտեմբերի 22-ի երեկոյան և 23-ի առավոտյան չեն մեկնել, պատճառը՝ մեքենավարների գործադուլն է: Ուղիղ 11 ամիս առաջ էին մեքենավարները մի քանի օր գործադուլ հայտարարել՝ պահանջելով վերականգնել իրենց աշխատավարձը և վճարել նախկինում գործող հավելավճարները: Դեռ այն ժամանակ մեքենավարներին ասվել էր՝ շարունակեք աշխատել, մեզ էլ ժամանակ հատկացրեք խնդիրը կարգավորելու համար: Բայց տեսնելով, որ գրեթե մեկ տարի է անցել այդ բողոքի ակցիաներից, սակայն խնդիրը լուծում չի ստացել՝ մեքենավարները երեկ արդեն երեկոյան չվերթները չեն սպասարկել:

Երեկ Գյումրու լոկոմոտիվային դեպո էր այցելել ու մեքենավարների հետ հանդիպել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը, ով նաև ՀԿԵ տնօրենների խորհրդի անդամ է:

- Առաջարկեցինք բանակցել ՀԿԵ-ի հետ խորհրդի նիստին, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 25-ին, բայց համաձայնության չեկանք, այսօր արդեն գործադուլ հայտարարեցին, - ասում է փոխնախարարը:
Ըստ փոխնախարարի, մեքենավարի աշխատավարձը միջինը կազմում է 360-400 հազար դրամ՝ հարկերը ներառյալ, և հիմա մեքենավարները պահանջում են 30 տոկոսի ավելացում.

- Իրենք պատճառաբանում են, որ մեքենավարի աշխատանքը ամենապատասխանատուներից է, վտանգավորության աստիճանն էլ մեծ է, - ասում է Արմեն Սիմոնյանը:
Մեքենավարները շարունակում են պնդել իրենց պահանջը և հիմնավորում այն.

- Ժամանակին 20 տոկոս հավելավճար էինք ստանում՝ գիշերային ժամերի աշխատանքի համար: 20 տոկոս էլ ավելանում էր՝ կապված ստաժի հետ: Հիմա էդ ամենը հանել են: Մի տարի է չեն վճարում: Մենք մեր աշխատավարձի էդ 40 տոկոսը չենք ուզում, թող 30 տոկոս բարձրացնեն:

Նախորդ բողոքի ակցիայի ժամանակ մեքենավարները նշել էին, թե երկաթուղու ղեկավարներն ասել են՝ ուզում եք շատ աշխատավարձ ստանալ, ուրեմն՝ փոխադրումներ ապահովեք: Թեև դա մեքենավարի խնդիրը չէ: Այս տարի բեռնափոխադրումների ծավալը աճել է, ինչի մասին հայտարարել է Սերգեյ Վալկոն՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը: Իսկ փոխնախարարը ավելացնում է՝ հարավկովկասյան երկաթուղին պատրաստվում է աշխատավարձերի բարձրացում կատարել, բայց ոչ պահանջվող տոկոսների չափով, ինչը և պետք է քննարկվի խորհրդի նիստում, սակայն գործադուլն ավելի շուտ տեղի ունեցավ:

Ըստ փոխնախարարի, աշխատավարձերի բարձրացումը լուրջ ֆինանսական հոսքեր է պահանջում, և որ երկաթուղին չի ցանկանում աշխատավարձերի բարձրացման գնալ դասական եղանակով, այն է՝ աշխատավարձերը բարձրացվեն կրճատումների հաշվին:

- Այս պահին ՀԿԵ-ն ունի 3060 աշխատակից և դա օպտիմալ թիվ է, որի դեպքում երկաթգիծը կարող է բնականոն աշխատել: Այսինքն, եթե կրճատումներ տեղի ունենան՝ և երկաթուղու էֆեկտիվությունը կընկնի, և աշխատանքը կխաթարվի:

Սակայն մեքենավարներն էլ ոչ մի քննարկման մասնակցել կամ սպասել չեն ուզում, նրանք այսօր էլ աշխատանքի դուրս չեն եկել և պահանջում են իրենց աշխատավարձերի բարձրացում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: