Հայերեն   English   Русский  

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը նախնական հավանություն տվեց բրեքսիտի գործարքին


​Միաժամանակ Համայնքների պալատի պատգամավորները մերժեցին Ջոնսոնի՝ բրեքսիտի վավերացման հարցը երեք օրում լուծելու առաջարկությունը


  
դիտումներ: 98

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամները երեկ՝ հոկտեմբերի 22-ին, աջակցություն հայտնեցին բրեքսիտի համաձայնագրին՝ թույլ տալով այդպիսով անցնել դրա վավերացման գործընթացի հաջորդ փուլին: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:

Կողմ է քվեարկել 329 պատգամավոր, դեմ՝ 299:

Դա չի նշանակում, որ Համայնքների պալատը կվավերացնի Լոնդոնի և Բրյուսելի պատրաստած գործարքը: Սակայն ինչպես նշում են բրիտանական ԶԼՄ-ները, միևնույն է, դա Բորիս Ջոնսոնի կառավարության կարևոր հաղթանակն էր, քանի որ առաջին անգամ աջակցություն ստացավ խորհրդարանի պատգամավորներից այդ հարցի կապակցությամբ:

Միաժամանակ բրիտանական խորհրդարանը մերժեց կառավարության՝ բերքսիտի համաձայնագրի վավերացման հարցի քննությունը երեք օրում ավարտելու առաջարկությունը: Այդ գաղափարի դեմ քվերակեց 322 պատգամավոր, կողմ՝ 308:

Դա նշանակում է, որ վավերացման գործընթացը խորհրդարանում կձգձգվի: Ուստի չկա երաշխիք, որ Մեծ Բրիտանիան կկարողանա, ինչպես նախատեսված էր, 2019 թ. հոկտեմբերի 31-ին անջատվել ԵՄ-ից համաձայնագրով:

Մեկնաբանելով քվեարկության արդյունքները՝ Ջոնսոնը ողջունեց խորհրդարանի՝ բուն համաձայնագրին նախանական հավանություն տալու որոշումը: Բայց և քննադատեց պատգամավորներին այդ գործընթացն արագ ավարտելու չկամության համար:

Ջոնսոնը հիշեցրեց՝ չկա երաշխիք, որ Եվրամիությունը կհամաձայնի հետաձգել բրեքսիտը: «Ես կխոսեմ Եվրամիության հետ նրանց մտադրությունների շուրջ և կհայտնեմ խորհրդարանին արդյունքների մասին»,- ասաց վարչապետը:

Նա հայտարարեց, որ մինչ հստակ կդառնան բրեքսիտի հեռանկարները, ինքը «կդադարեցնի օրենքի [գործարքի վավերացման մասին] քննարկումը:

Բացի այդ, Ջոնսոնը հայտնեց, որ մտադիր է արագացնել նախապատրաստումը այն տարբերակի համար, եթե Մեծ Բրիտանիան ստիպված լինի հոկտեմբերի 31-ին դուրս գալ միությունից առանց որևէ համաձայնության:

Հոկտեմբերի 17-ին Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը բրեքսիտի նոր համաձայնագիր կազմեցին: Ըստ այդմ՝ Հյուսիսային Իռլանդիայի (Մեծ Բրիտանիայի մասը) և բրիտանական մյուս տարածքների միջև մաքսային սահման կհայտնվի: Դա արվել է, որպեսզի հնարավոր լինի խուսափել Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև «կոշտ» սահման հայտնվելուց:

2016 թ. հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում հանրաքվե անցկացվեց Եվրամիությունից երկրի դուրս գալու հարցի վերաբերյալ: Ըստ պաշտոնական տվյալների՝ հանրաքվեի մասնակիցների 51,9 տոկոսը կողմ արտահայտվեց բրեքսիտին: Սակայն 2018 թ. կեսերին Sky News հեռուստակայանի անցկացրած հարցման արդյունքներով՝ բրիտանացիների 54 տոկոսը ցանկանում է, որ Մեծ Բրիտանիան մնա ԵՄ-ի կազմում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: