Հայերեն   English   Русский  

«Արլուպան» պատրաստվում է թվային պրոդուկտների «տեր» դարձնել յուրաքանչյուր ցանկացողի


  
դիտումներ: 2817

Ժամանակակից կյանքում շատերն են երազում կամ մտածում սեփական ՏՏ նախագծերը ստեղծելու, սեփական ՏՏ ապրանքներն ու հավելվածները թողարկելու, վաճառելու կամ մոնիտիզացնելու, և այդ կերպ հարստանալու ուղղությամբ:

Առհասարակ ՏՏ ոլորտն այսօր առավել քան գրավիչ է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Սակայն, ցավոք սրտի կամ բարեբախտաբար, ոչ բոլորն են ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ և մասնագետներ ու երբեմն ՏՏ ոլորտի հետ ընդհանրապես կապ չունեցող մարդուն կարող է թվալ, թե ՏՏ-ն իրենից հեռու է մի քանի լուսնային տարի:

Շատ հաճախ մարդիկ ունեն թվային ապրանքի որևէ գաղափար, բայց չունեն համապատասխան միջոցներ, գիտելիքներ ու հմտություններ այն կյանքի կոչելու համար, կամ հակառակը՝ ունեն փորձ, գիտելիքներ, հմտություններ, բայց չունեն լավ գաղափար, կամ բոլորովին այլ իրավիճակ՝ նրանք ունեն խնայողություններ կամ գումար, որը մեծ սիրով կներդնեին ՏՏ ոլորտում կամ թվային ապրանքներ ստեղծելու գործում, բայց նման հնարավորություն ոչ միշտ է ընձեռվում:

Հայկական ՏՏ ոլորտում հայտնի ARLOOPA հավելվածը ստեղծած «Արլուպա» ընկերությունն այժմ աշխատում է մի նախագծի վրա, որը կարող է լուծումներ առաջարկել վերը թվարկված բոլոր խնդիրներին և ավելին. «Արլուպան» փորձ է անում ստեղծել ներդրումային նոր մոդել, հարթակ ու հնարավորություն, որի արդյունքում գործնականում յուրաքանչյուր ոք կկարողանա ներդրումներ կատարել թվային պրոդուկտների ստեղծման նախագծերում: Այսպիսով, թվային պրոդուկտ կարող են հանդիսանալ օրինակ՝ թվային զբոսավարները, որոնց կարելի է «հանդիպել» ARLOOPA հավելվածի միջոցով։

Պատկերացրե՛ք օրինակ, որ կարևոր զբոսաշրջային վայրերում հնարավոր լինի օգտվել վիրտուալ կերպարի՝ «զբոսավարի» ծառայությունից՝ գնելով համապատասխան թվային բովանդակությունը։ Թվային զբոսավարն այնուհետև «կուղեկցի» և կներկայացնի տվյալ վայրը կամ հուշակոթողը:

Այսինքն՝ եթե զբոսաշրջիկը ֆիզիկապես գտնվում է համապատասխան վայրում, ապա ARLOOPA-ի քարտեզի վրա կարող է տեսնել, որ տվյալ վայրում կա թվային բովանդակություն, որը հնարավոր է տեսել լրացված իրականության օգնությամբ։

Այսպիսի վիրտուալ կամ լրացված իրականության կերպարների մենք արդեն հանդիպել ենք մեր երկրում, ինչպիսիք են օրինակ՝ նույն «Արլուպայի» կողմից ստեղծված Մհեր Մկրտչյանի, Սայաթ-Նովայի, Հովհաննես Թումանյանի, Սպենդիարյանի վիրտուալ կերպարները:

«Նույն տրամաբանությամբ՝ մենք պատկերացնում ենք, որ կարող է լինել ցանկացած վիրտուալ կերպար՝ ցանկացած բովանդակությամբ. օրինակ՝ կարող է լինել վիրտուալ մարզիչ, ով կարող է մեզ հետ անցկացնել սպորտային մարզումներ, ուսուցանել մեզ մարտարվեստներ:

Դա բավականին լայնածավալ աշխատանք է և ներառում է 3D մոդելավորում, անիմացիա, ձայնագրություն, ծրագրավորում և այլ աշխատաքներ, ուստի մենք մեզ չենք կարող թույլ տալ բոլորը միաժամանակ և՛ ստեղծել, և՛ վաճառել: Այդ իսկ պատճառով, որոշել ենք ներգրավել ներդրումներ, և այն մարդիկ, ովքեր ներդրումներ են կատարում տվյալ նախագծում, այն դառնում է իրենց սեփականությունը՝ մտավոր սեփականությունը, այսինքն՝ այդ թվային պրոդուկտը պատկանում է իրենց:

Երկրորդ քայլով մենք արդեն տվյալ թվային պրոդուկտները տեղադրում ենք մեր վիրտուալ խանութում, որտեղից մարդիկ արդեն կարող են գնել դրանք: Վաճառքի դեպքում նախատեսում ենք, որ 70 տոկոսը կփոխանցվի ներդրողին, 30 տոկոսը մենք կպահենք մեզ, որպես կոմիսիոն ծառայությունը մատուցելու դիմաց:

Այսինքն՝ դա աճման միտում ունեցող նախաձեռնություն է, որը կարող է կիրառվել ամբողջ աշխարհում, և մենք կարող ենք ստեղծել դա՝ Հայաստանից դուրս չգալով, այսինքն՝ այստեղի գրասենյակում նստած կարող ենք ստեղծել թվային զբոսավար, որը կարող է կիրառվել, ասենք, ԱՄՆ-ում: Այս բիզնես մոդելում մենք նախատեսում ենք, որ պետք է ստեղծենք նաև գաղափարների բանկ, որտեղ կներդնենք այն գաղափարները, որ ունենք: Գաղափարներ կարող են առաջարկել նաև օգտատերերը, և մենք դրանք կտեղադրենք հայտարարությունների բաժնում, որպեսզի ցանկացողները կարողանան ֆինանսավորել դրանց կյանքի կոչումը՝ կատարելով իրենց ներդրումը»,- իրենց նոր նախաձեռնությունը Ankakh.com-ին ներկայացրեց «Արլուպայի» համահիմնադիր Արման Աթոյանը:

Հակիրճ ասած՝ մոդելը շատ պարզ է՝ թվային պրոդուկտի գաղափարը գնահատվում է «Արլուպայի» կողմից, այնուհետև տեղադրվում է գաղափարների բանկում՝ տեղեկացնելով, որ նման գաղափար կա, և որ այն իրականացնելու համար պահանջվում է, ենթադրենք, 5 հազար դոլարի ներդրում, և ցանկացած մարդ կարող է ասել՝ ես իրականացնում եմ, ես ներդրում եմ անում։ Ներդրման արդյունքում կյանքի կոչված նախագծի մոնետիզացիայից ներդրողը ստանում է 70 տոկոսը:

«Արլուպան» պատրաստվում է թվային պրոդուկտների «տեր» դարձնել յուրաքանչյուր ցանկացողի

Սա նշանակում է նաև, որ գաղափարների բանկում զետեղված գաղափարներով նախատեսված թվային պրոդուկտները կարող է ստեղծել յուրաքանչյուր 3D անիմատոր, մասնագետ և վաճառել իր պրոդուկտը: Այս ծրագրի կյանքի կոչվելուց հետո «Արլուպան» 3D մասնագետների կարիք է ունենալու իր ստուդիայից դուրս, ուստի նախատեսվում է համագործակցել տեղի կամ այլ երկրների ստուդիաների հետ:

Նախաաձեռնությունը Հայստանում ունի ևս մեկ հետաքրքրական ու շահագրգռող կողմ. մեր երեխաները Թումոյում, կամ «Արմաթ» լաբորատորիաներում սովորում են 3D մոդելավորում, անիմացիա, և նախաձեռնության հեղինակների պատկերացումներով, նրանք մեր վաղվա թվային պրոդուկտի արտադրողներն են, ովքեր կարող են գաղափարների բանկից վերցնել իրենց հետաքրքրող գաղափարները և իրականացնել դրանք՝ դրա դիմաց վճարվելով: Մոդելն ուշագրավ է նաև այն փաստով, որ թվային պրոդուկտների ստեղծման մեջ ներդրումներ կատարելու հնարավորությունները եզակի են: Թվային պրոդուկտների առանձնահատկությունն այն է, որ դրանք չեն մաշվում, չեն հնանում, և հնարավոր է ստեղծել մեկ անգամ, և դրանք կարող են ծառայել շատ երկար:

Ընկերությունն այս նախագծի վրա աշխատում է արդեն մեկ տարուց ավել։ Ներկա պահին դժվար է հստակ ասել, թե երբ կլինի նախագծի մեկնարկը, քանզի դեռ որոշակի անելիքներ կան, սակայն կա հավանականություն, որ մինչև տարեվերջ նախագիծը կարող է կյանքի կոչվել:

Գևորգ Ավչյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: